Մոռացված ես-ը
Բժշկության ճանապարհ – Մեծ պահքի ճանապարհորդություն 2014
Օր 25:
Լսել հիմա՝
Երեկ մենք նախնական ծանոթացում ունեցանք Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքներից մեկին: Այն կարող էր թյուրիմացության տեղիք տալ, եթե մենք արդեն երեք շաբաթից ավելի չլինեինք այս ուղևորության մեջ: Այս խորհրդածությունը նպատակ ուներ մեզ այսօր հասցնել մի նոր հարթակի, որտեղ էգոյի նվազեցումը բուժման նախապայման է:
Էգոյի հետ մեր պայքարը բարդ է: Մի կողմից՝ մենք այստեղ ենք՝ այս ուղևորության մեջ, հենց էգոյի պատճառով: Այսինքն՝ մենք ցավ ենք զգում: Մենք ունեցել ենք կյանքի մի շարք փորձառություններ, որոնք նպաստել են մեր ցավին ու տառապանքին: Երբ մենք զննում և ուսումնասիրում ենք ինքներս մեզ, մեր հիվանդությունների, կախվածությունների, խզված հարաբերությունների կամ ցավերի հիմքում ընկած պատճառները, հասկանում ենք, որ մեր էգոն սերտորեն և անքակտելիորեն կապված է մեր տառապանքների հետ:
Ո՞վ է Ձեզ ճանաչում ավելի լավ, քան երկրագնդի վրա որևէ մեկը: Ավելի լավ, քան Ձեր մայրը, ավելի լավ, քան Ձեր հայրը: Ավելի լավ, քան Ձեր կողակիցը, քույրը կամ եղբայրը: Ավելի լավ, քան Ձեր սիրելին կամ լավագույն ընկերը: Ո՞վ է Ձեզ ճանաչում ավելի լավ, քան ցանկացած ուրիշը: Դուք ինքներդ: Իհարկե, Դուք ունեք մտերիմ ընկերներ, գուցե նույնիսկ հոգու ընկեր, բայց միայն Դուք գիտեք Ձեր բոլոր ձգտումները, ցանկությունները, ներքին պայքարն ու զգացմունքները: Հետևաբար, Ձեր բարօրության պատասխանատվությունը վերջնականապես կրում եք Դուք: Պարզ և հասարակ:
Սակայն այս մտածելակերպի մեջ շատ հեշտ է համոզել ինքներդ Ձեզ, որ միայն դա է կարևոր: Երբ մենք կարդում ենք աղոթք կամ խորհրդածություն, ինչպիսին են Նարեկացու աշխատությունները, մենք անմիջապես հասկանում ենք, որ կյանքի ընթացքում կա ինքնությունից վեր մի բան: Այսինքն՝ էգոն փոքրանում է իր չափերով և նշանակությամբ, երբ մենք գիտակցում ենք ինքնությունից վեր մի բանի գոյությունը: Ինքնությունից վեր այդ էությունը հասկանալու բազմաթիվ եղանակներ կան: Այն կարելի է անվանել Ճշմարտություն, Տիեզերք, Ամեն ինչ, Ուժ կամ Զորություն, Հայր, Մայր, Աստված կամ շատ պարզապես՝ Սեր: Բոլոր դեպքերում, գիտակցելով ինքնությունից վեր այդ բարձրագույնը՝ մենք հասկանում ենք, որ մեր բուժումը և, ի վերջո, մեր առողջությունը մարմնի և հոգու, երկնքի և երկրի, մարդու և Աստծո միասնությունն է:
Գովաբանելն ու աղոթելը բարձրագույն ներկայությունը ճանաչելու և էգոյին հանգիստ տալու միջոց են:
Եկեք աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով,
Գաղտնիքներ ճանաչող, ես մեղանչել եմ Քեզ դեմ կամավոր և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, շնորհիր ինձ՝ մեծ մեղավորիս, թողություն, քանզի սուրբ ավազանից ծնված օրիցս մինչև այսօր մեղանչել եմ Քո առաջ՝ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով: Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս: Ամեն:
Մտածեք այս աղոթքի մասին, խորհրդածեք բառերի շուրջ և այն մտքի մասին, թե ինչ է նշանակում ինչ-որ մեկից խնդրել մի բան, որն այնքան պերճախոս է, գեղեցիկ, պարզ և մեծ, ինչպիսին թողությունն է: Որտե՞ղ է գտնվում Ձեր էգոն այս հարաբերության մեջ:
Սա Տեր Վազգենն է, որը հրավիրում է Ձեզ միանալ մեզ վաղը, երբ մենք շարունակենք Բուժման ճանապարհը:
Պատրաստեց Սյուզի Շատարևյանը epostle.net-ի համար
Ստացեք Տեր Վազգենի հետ Մեծ պահքի ճանապարհորդությունը էլեկտրոնային փոստով
Դիտել iTunes-ում
Այժմ հասանելի է BluBrry-ում






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։