Երկընտրանք՝ խոսքի և գործի միջև
Բժշկության ճանապարհ – Մեծ պահքի ճանապարհորդություն 2014
Օր 16:
Լսել հիմա՝
«Հե՛յ, շնորհավորում եմ», - ասաց Էդը Լիդիին: Նրանք չէին տեսնվել այն օրվանից, երբ բաժանվել էին քոլեջի վերջին կուրսում: Նրանք մի քանի տարի ընկերություն էին արել և նույնիսկ մտածում էին ամուսնանալու մասին: Սակայն կյանքն իր ուղղությամբ ընթացավ, և նրանք երկուսն էլ իրենց ճանապարհով գնացին:
Որքան էլ ժամանակ անցնի, միշտ էլ լինում է այն սկզբնական հուզմունքը, որը կարող է անհարմարության հանգեցնել, երբ առաջին անգամ հանդիպում եք անցյալից այնպիսի հարազատ մեկի հետ: Այդ զգացումը, անշուշտ, կար Լոմպոկի Starbucks-ում՝ ռազմաօդային բազայի մոտակայքում պատահական հանդիպման ժամանակ: Քոլեջից հետո Լիդին տեղափոխվել էր այլ նահանգ, ամուսնացել և հաջող կարիերա կառուցել որպես ինժեներ՝ ձեռք բերելով բազմաթիվ պետական պայմանագրեր: Նրա վերջին հաջողությունը կապված էր Վանդենբերգում «Մարս-Տավրոս» նախագծի հետ կնքված խոշոր գործարքի հետ:
Միմյանց տեսնելու սկզբնական զարմանքից, գրկախառնությունից և այտին տրված թեթև համբույրից հետո Էդը սկսեց խոսակցությունը. «Հիանալի է Ձեզ այստեղ տեսնելը»:
«Հիանալի է կրկին Կալիֆոռնիայի ափին լինելը: Ես կարոտել էի այս զեփյուռն ու մեղմ մշուշը: Հաճախ էի մտածում՝ արդյոք դեռ այստե՞ղ եք բնակվում»:
Էդը ժպտաց և կարճ դադարից հետո շնորհավորեց նրան:
«Շնորհակալություն: Ես երկար էի սպասում այս պահին»: Նրան չզարմացրեց այն, որ Էդը գիտեր այդ հաջող գործարքի մասին: Մոտ մեկ ամիս առաջ նրան հարցազրույց էին տվել տեղական թերթն ու ռադիոկայանը:
«Ե՞րբ է դա տեղի ունենալու»:
«Օ՛, ամեն ինչ պատրաստ է հաջորդ շաբաթվա համար: Եվ մենք պատրաստվում ենք հենց այդ ժամանակ էլ տեղափոխվել»:
«Ի՞նչ է լինելու»:
«Ի՞նչ նկատի ունեք»:
«Տղա՞, թե՞ աղջիկ»:
Անհարմար լռություն տիրեց, և Լիդին շփոթված նայեց նրան: «Ըմմ...» Այդ պահին նրանք երկուսն էլ հասկացան, որ ինչ-որ բան այն չէ: «Տղա՞, թե՞ աղջիկ: Իմ նոր աշխատանքո՞ւմ: Չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեք»:
Էդը նայեց նրա որովայնին և հարցրեց. «Ի՞նչ է լինելու: Դեռ չե՞ք պարզել»:
Լիդին ձեռքը դրեց որովայնին և անհարմար զգալով պատասխանեց. «Օ՛, դա՞: Ենթադրում եմ՝ դա է լինում տարիներ շարունակ գրասենյակային աշխատանքի, քիչ շարժվելու և անառողջ սնունդ ուտելու հետևանքով»:
Այժմ անհարմարության գնդակը Էդի դաշտում էր: Նա «ոտքը բերանը մտցրեց» և պետք է արագ շտկեր իրավիճակը: Նա նկատեց Լիդիի բանալիների կապոցը, որի վրա շան փոքրիկ կախազարդ կար: Մատնացույց անելով այն՝ նա ասաց. «Օ՛, տեսա կախազարդը: Ձեր շունը արո՞ւ է, թե՞ էգ»:
Սա, թերևս, ամենաանհաջող և հիմար պատասխանն էր, բայց նա փորձում էր փրկել իրավիճակը: Լիդին պատասխանեց. «Ոչինչ, ես գիտեմ, որ բավականին գիրացել եմ այն օրվանից, երբ վերջին անգամ տեսնվել ենք: Հավատացեք, Դուք առաջինը չեք, որ նկատում եք»:
«Ի՞նչ եք խոսում: Դուք նույնքան լավ տեսք ունեք, որքան այն ժամանակ: Մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ՝ շաքարի և ածխաջրերի առատության պայմաններում Դուք պարզապես մի փոքր լցվել եք»: Այս պահին նույնիսկ ինքը հասկացավ, որ իրավիճակն ավելի է վատթարանում:
«Դուք շատ բարի եք, Էդ»: Նա իսկապես շփոթված էր, և խոսակցությունն այլևս չափազանց անձնական էր դարձել: «Հաճելի էր Ձեզ տեսնելը: Միգուցե շուտով կրկին հանդիպենք»: Նա արդեն բավականին հոգնել էր և ցանկանում էր հեռանալ:
Էդը շփոթված էր և իրավիճակը շտկելու վերջին փորձով ասաց. «Եթե իսկապես ցանկանում եք դուրս գալ գրասենյակից, փողոցի վերջում հիանալի մարզասրահ կա»: Նա վերջացրեց: Ուզում էր ինքն իրեն պատժել: Միգուցե հենց այստեղից էլ առաջացել է «ոտքը բերանը մտցնել» արտահայտությունը:
Դուք երբևէ «ոտքը բերանը մտցրե՞լ եք»: Գիտեմ, որ բոլորս էլ ասել ենք մի բան, որի համար հետո զղջացել ենք: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ ավելի մեծ ափսոսանք է առաջանում, երբ մենք չենք ընդունում մեր սխալը և այն ավելի ենք վատթարացնում՝ ոտքն ավելի ու ավելի խորը մտցնելով: Էդը Լիդիի քաշի ավելացումը շփոթեց հղիության հետ: Սխալներ լինում են: Այո՛, նա մի պահ անհարմար կզգար, բայց ընկերությունը կարող է հաղթահարել անհարմարությունը, սակայն այն չի կարող գոյատևել անկեղծության բացակայության դեպքում: Նրա արդարանալու փորձն էր ամենացավալին: Հենց դա էր, որ հեռացրեց Լիդիին, ընդհատեց խոսակցությունը և փակեց նրանց երկուսի ապագան:
Մեր բուժման ճանապարհին մենք նոր հանգրվանի ենք հասել: Երեկ ես Ձեզ խնդրեցի ժամանակ տրամադրել և խորհել այն ամենի մասին, ինչ մինչ այժմ սովորել ենք: Մենք պատրաստվում ենք արագացնել մեր ճամփորդությունը և մուտք գործել որոշ անհարմար ոլորտներ: Մենք կարող ենք կամ ընդունել մեր թերությունները և մի պահ անհարմարություն զգալ (բայց ի՞նչ է անհարմարությունը ընկերների միջև), կամ էլ ձևացնել, խուսանավել այնքան, մինչև ոտքը բերաններս մտցնենք: Եկեք ընտրենք առաջին տարբերակը, պահպանենք բաց միտքը և խորհենք անկեղծորեն՝ առանց անհարմարության վախի:
Մեր այսօրվա աղոթքն է՝ պահել մեր հոգին և սիրտը բաց: Գտնել քաջություն՝ լինելու ուղղամիտ և անկեղծ, ընդունելու մեր սխալները և մերժելու անհարմարության խարանը: Մենք այս անկեղծությունը մերժելու պատճառ չունենք. մենք Աստծո և ինքներս մեր հետ ենք:
Սա Տեր Վազգենն է, որը հրավիրում է Ձեզ վաղը կրկին միանալ ինձ, երբ մենք շարունակենք մեր ճանապարհը դեպի բուժում:
Պատրաստեց Սյուզի Շատարևյանը epostle.net-ի համար
Ստացեք Տեր Վազգենի հետ Մեծ պահքի ճանապարհորդությունը էլեկտրոնային փոստով
Դիտել iTunes-ում
Այժմ հասանելի է BluBrry-ում







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։