Որտեղի՞ց Վեհափառին «Վազգեն» անունը։
Որտեղի՞ց է Վեհափառին հասել «Վազգէն» անունը։
Ես ձեռնադրվել եմ այն նույն օրը, երբ 27 տարի առաջ ձեռնադրվել էր երջանկահիշատակ Վեհափառ Հայրապետ Վազգէն Ա-ն (1955-1994)։ Պատիվ եմ ունեցել ստանալու նրա անունը իմ ձեռնադրող եպիսկոպոս Վաչե արքեպիսկոպոսի կողմից։ Տարիների ընթացքում նկատել եմ, որ Վազգէն անունով շատ տղամարդիկ ծնվել են 1950-ականների կեսերին։ Այդ ժամանակ նորընտիր Վեհափառը դուրս էր եկել Էջմիածնից՝ իր հոտի մեջ խաղաղություն հաստատելու համար։ Ես կարծում էի, որ հենց նրա պատվին է այդ անունը դարձել հանրահայտ 1950-ականներից հետո։ Բայց միշտ հետաքրքրվել եմ՝ որտեղի՞ց է այն ծագել։ «Մինչվազգենյան» դարաշրջանում այդ անունը հազվադեպ էր հնչում։
Այս նյութն ինձ է ուղարկել դոկտոր Սիմոն Սիմոնյանը։ Այն գրված էր արևելահայերենի և արևմտահայերենի խառնուրդով՝ թե՛ քերականական, թե՛ ուղղագրական առումով, ինչպես նաև որոշ վրիպակներով։ Ես փորձեցի խմբագրել այն և ստորև ներկայացնում եմ թարգմանությունը։ Այստեղ պատմվում է, թե ինչպես է Վեհափառը ստացել Վազգէն անունը...Վեհափառ Տէր. «Վազգէն» հատուկ անունը այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական և մանավանդ հոգևորականների համար: Մազլումեան Կարապետ սրբազանը որտեղից գտաւ այս անունը, հարցրեց Աւագ Արք. Ասատրեանը Վազգէն Վեհափառին:
«Լաւ հարցում է», – ըսաւ Վեհափառը և տուեց հետևեալ վկայութիւնը.
Վանի ինքնապաշտպանութեան հայդուկներէն էր Վազգէն անունով քաջարի երիտասարդ մը: Հերոսամարտի մը ընթացքին սպանվեցաւ: Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունէ տուն պտտցուցին՝ գտնելու համար անոր ընտանիքը՝ պատժելու կամ վնասելու միտումով:
Երբ Վազգէնի մայրը, շրջապատուած տնեցիներով, կը տեսնէ իր անշնչացած որդիին դիակը, կը յայտնէ թուրք զինուորներուն, թէ չի ճանչնար անոր ով ըլլալը: Ու յուզուեց Վեհափառը… Պահ մը մնաց լուռ, ապա շարունակեց. «Գիտէք՝ որքա՞ն քաջութիւն պէտք էր մօր մը համար այդպիսի կեցուածք մը ցուցաբերելու: Այդ անկրկնելի զոհաբերութիւնը ըրաւ՝ փրկելու համար ընտանիքի միւս անդամները»:
«Իմ ձեռնադրութեան կնքահայրութիւնը ստանձնած էր Ռումանիոյ թեմական խորհրդի անդամներէն՝ վանեցի Ռուբէն Իսրայէլեանը: Իր փափաքին ընդառաջելով՝ Մազլումեան սրբազանը զիս վերանուանեց Վազգէն անունով»:
Վեհափառ Տէր, «Վազգէն» անունը այնքան էլ տարածված չէր ո՛չ աշխարհականների, ո՛չ էլ հոգևորականների շրջանում։ Որտեղի՞ց է Կարապետ Մազլումյան սրբազանը գտել «Վազգէն» անունը Ձեզ համար, հարցրեց Ավագ արքեպիսկոպոս Ասատրյանը Վեհափառին։
«Լավ հարց է», – ասաց Վեհափառը և տվեց հետևյալ պատասխանը։
Վանի ինքնապաշտպանական շարժման ժամանակ Վազգէն անունով մի երիտասարդ հայ ֆիդայի զոհվեց։ Թուրքերը այդ երիտասարդ հերոսի մարմինը տնետուն էին ման ածում՝ նրա ընտանիքին գտնելու և պատժելու կամ նրանց վնաս հասցնելու նպատակով։
«Երբ Վազգէնի մայրը, շրջապատված ընտանիքի անդամներով, տեսավ որդու անշնչացած մարմինը, թուրք զինվորներին ասաց, որ չի ճանաչում նրան»։ Վեհափառը հուզվեց… մի պահ լռեց, ապա շարունակեց. «Գիտե՞ք, թե ինչպիսի քաջություն էր հարկավոր մոր համար նման զսպվածություն ցուցաբերելու։ Նա այդ անկրկնելի ուժը գտավ՝ իր ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար»։
«Իմ ձեռնադրության կնքահայրը Ռումանիայի թեմական խորհրդի անդամ, վանեցի Ռուբեն Իսրայելյանն էր։ Նրա ցանկությամբ Մազլումյան սրբազանն ինձ վերանվանեց Վազգէն»։
-10/14/2014






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։