Սուրբ Ծնունդ, Գալուստ և սիրտ
Ծխական քահանայի ուղերձը «Բանալի» («Key») տեղեկագրից* – 5 հունվարի, 2014 թ.
http://www.armenianchurchyouthministries.org/newsletter/The_Key_010514.pdf
Սիրելի՛ ծխականներ,
Ի՞նչ կասեք այսօրվա կրկնակի բարի լուրի մասին։ Իհարկե, կա օրվա ՄԵԾ լուրը՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», բայց ես ունեմ մեկ այլ լուր, որը նույնքան կարևոր է։ Այն է՝ մենք հասանք դրան։ Այսօր մենք ավարտում ենք Գալստյան շրջանը։
Արդեն 50 օր է, ինչ մենք միասին սկսել ենք Գալստյան ուղևորությունը։ Սուրբ Ծննդյան նախապատրաստության այս ընթացքում մենք ձեռք մեկնեցինք կարիքավորներին, ինչպես Հիսուսը պատվիրել էր Քրիստոսի Մարմնին։ (Ղուկաս 14) Մենք սկսեցինք Գոհաբանության օրվա մեր ճաշկերույթով և շարունակեցինք սուրբ օրերի ընթացքում մեր երեխաների հիշատակի, խաղալիքների և վերմակների հավաքագրման ակցիաներով։ Այնպես որ, երբ մենք հասնում ենք Սուրբ Ծննդին և լսում ենք գեղեցիկ ողջույնը՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ», այն իրական իմաստ է ստանում։ Սա միայն հայտարարություն կամ կարգախոս չէ, այլ իրականում՝ ՍԵՐԸ ծնվել և հայտնվել է մեր մեջ։ Մեր գործերով մենք դառնում ենք պատմության մեջ տեղի ունեցած իրադարձության՝ Սուրբ Ծննդյան կենդանի վկաները, և ավելին՝ մենք վկայում ենք այսօր և ամեն օր ծնվող Սիրո իրականության մասին։ Հետևաբար, մենք կարող ենք բարձրաձայն հռչակել՝ «Արդարև, Նա հայտնեցավ»։
Որքան էլ ոգևորված լինեմ անցած Գալստյան շրջանում մեր փոքրիկ ծխի ձեռքբերումներով, ես բավարարված չեմ։ Որպես Ձեր հովիվ՝ պետք է խոստովանեմ իմ տխրությունը այն իրավիճակի վերաբերյալ, որին ականատես եմ լինում մեր համայնքում։ Մեր եկեղեցին դեռևս գործում է ժամանակի մեջ կորած՝ անհարմար և հնացած սովորույթներով, որոնք խթանում են կյանքում եկեղեցու տեղի և գործառույթի մասին ոչ իրատեսական ու աղավաղված պատկերացումներ։ Ես փորձում եմ մխիթարվել՝ ասելով «փոքր քայլեր» կամ որ ամեն ինչ չէ, որ փոխվում է մեկ գիշերվա ընթացքում, այնուամենայնիվ, սրտաճմլիկ է, որ Սուրբ Ծննդյան օրը մենք այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք որպես Հայ Եկեղեցի, և հետևաբար՝ որպես հայ քրիստոնյա համայնք։ Մենք այսօր տոնում ենք Աստվածահայտնությունը՝ խնդրելով Աստծուն հայտնել Իր Սերը մեզ։ - Տեր Վազգեն
*«Բանալին» («Key») Գլենդելի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցու շաբաթաթերթն է, Կալիֆոռնիա – Հիսուսը հարցրեց աշակերտներին. «Դուք ո՞վ եք ասում, որ Ես եմ»։ Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Որդին»։ Հիսուսը հավատքի այս դավանության համար խոստացավ Երկնքի Արքայության բանալիները։ (Մտթ. 16) Գլենդելի Սուրբ Պետրոս ծխում մեր հավատքն ու գործերը հիմնված են հավատքի հենց այդ դավանության վրա։ Դա այն Բանալին է, որը բացում է քրիստոնյաների մեր ուղևորության դռները...






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։