Զավեն Ջենդյան՝ գիսաստղի պես, իսկ այժմ՝ աստղափոշի…
Ես վերադարձա Սան Դիեգոյից՝ Զավեն Ավետիս Ջենդյանի հուղարկավորությունից։ Գիտեմ, որ երեկ գիշերվա փոդքաստից և երաժշտական նվիրումից հետո Ձեզանից ոմանք հարցնում էին՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Մանրամասների մեջ չմտա, բայց պարտավոր էի հիշատակել նրան և մեր այս շաբաթվա մյուս կորուստը։ Գործում է վեբ-բլոգ, որտեղ ներկայացված է Զավենի կարճատև կյանքի (հուլիսի 17-ից օգոստոսի 18-ը) օրագրությունը։ http://ajendian.wordpress.com/
Զավենի ծնողները՝ Ալինը և Մայքը, իրենց կյանքը բացեցին բոլորիս առաջ։ Նրանք մեզ հնարավորություն տվեցին կիսելու այս թանկագին կյանքը, և ես էլ ցանկանում եմ այստեղ կիսվել անցած օրվա իմ մտորումներով։
Այսօր մենք բոլորս խոնարհվեցինք Ալինի և Մայքի անհավատալի քաջության ու հավատքի առջև։ Գիտեք, հավատք ունենալու դեպքում կյանքն այլ կանոններով է ընթանում։ Մենք բոլորս դրա ականատեսը եղանք վերջին մեկ ամսվա ընթացքում։ Այսօր լուռ հետևում էինք, թե ինչպես Մայքը վերցրեց փոքրիկ դագաղը և տարավ դեպի խորան։ Ավելի ուշ նա եկեղեցու տխուր շարականների ներքո մասնակցեց թափորին և դագաղը դրեց գերեզմանի մեջ։
Հայ եկեղեցու աղոթքներն ուղղակի հրաշալի են։ Դրանք հասնում են հոգու խորքը։ Դրանք խոսում են վաղաժամ ավարտված կյանքի ողբերգության մասին, սակայն համընդհանուր մեծ ճշմարտությունների համատեքստում այդ ողբերգությունը մեղմանում է։
Գերեզմանի մոտ ինձ խնդրեցին մի քանի խոսք ասել՝ մի տեսակ դամբանական։ Չէի սպասում, որ պետք է խոսեմ, բայց չվարանեցի։ Ալինն ու Մայքը իմ սրտում առանձնահատուկ տեղ ունեն։ Մոտ մեկ տասնամյակ առաջ ես նրանց հետ էի նրանց ընտանեկան կյանքի սկզբին՝ սուրբ խորանի մոտ, և այսօր էլ պետք է այնտեղ լինեի։
Հիշում եմ՝ միտքս դատարկվեց։ Ի՞նչ կարելի է ասել նման ծանր ցավի պահին։ Ես դամբանականը սկսեցի «Հանուն Հոր և Որդվո և Հոգւոյն Սրբոյ» խոսքերով՝ ոչ միայն սկիզբը նշանավորելու, այլև օգնություն խնդրելու համար։ Մտածեցի, որ եթե կանչեմ Սուրբ Երրորդությանը, կարող եմ դառնալ Նրանց Սուրբ Մխիթարության անոթը։
Ահա թե ուր առաջնորդեց ինձ Հոգին…
Մենք սովոր ենք իմաստ փնտրել անիմաստի մեջ։ Ամեն օր լսում ենք պատերազմներից և սովից մահացող երեխաների մասին։ Մենք փոխում ենք ալիքը կամ շրջում թերթի էջը։ Այսօրվա լուրերից մենք չենք կարող խուսափել։
Գուցե մարդկանց համար սովորական է Մայքին և Ալինին խղճահարությամբ նայելը։ Բայց ես կհամարձակվեի ասել, որ նրանք երկուսն էլ առաջինը կխոստովանեին, որ իրենք շատ օրհնված են՝ Զավենի կյանքի հետ առնչվելու համար։ Եվ որքան էլ ցավալի լինի այս բաժանումը, այն հիմնարար իրողությունը, որ նրանք հպվել են Աստծուց եկած կյանքի, ճնշող է։
Եթե իսկապես նայենք «հրեշտակ» բառի իմաստին, կհասկանանք, որ մենք բոլորս հպվել ենք մի հրեշտակի։ Զավենը մի հրեշտակ էր, որ եկավ մեզ մոտ։ Հրեշտակը պատգամաբեր է, և Զավենը մեզ բերեց շատ խորը և հիմնարար պատգամներ, այն է՝ կյանքը թանկ է։ Կյանքը փխրուն է։ Կյանքը օրհնություն է։ Հիշում եմ՝ մի քանի շաբաթ առաջ, երբ լսում էինք Ջոն Լենոնի ստեղծագործությունը՝ գրված իր որդու՝ Շոնի համար, այնտեղ մի գեղեցիկ տող կա. «Կյանքը այն է, ինչ պատահում է քեզ հետ, մինչ դու զբաղված ես այլ պլաններ կազմելով»։ Դա շատ տեղին էր այդ օրվա դասի համար։ Մենք իսկապես վերահսկողության տակ չենք, չնայած տեխնոլոգիաների և գիտելիքների բոլոր առաջընթացներին, որոնք ձեռք ենք բերել, և ամբողջ հարստությանն ու իշխանությանը, որ կուտակել ենք։ Մենք վերահսկողության տակ չենք։
Ի վերջո, հրեշտակի պատգամը եկավ նրա մահվան օրը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին. դա մի պատգամ էր, որ եկավ Զավենի միջոցով մեկ այլ ծնողի՝ մի մոր մասին, ով չէր հասկանում, թե ինչու պետք է բաժանվեր իր Զավակից։
Զավենի կյանքը գիսաստղի պես էր։ Այն արագ էր, և դատելով հրաժեշտ տալու համար հավաքված բազմության չափից՝ այս գիսաստղը պատել էր կյանքի երկնքի մի մեծ հատված։ Եվ երբ գիսաստղերը հեռանում են մեր տեսադաշտից, նրանք իրենց հետևից աստղափոշու հետք են թողնում։ Ես այդ աստղափոշին տեսա այսօր այնտեղ գտնվող բոլորի վրա։ Նրանց վրա ցանվում էր այն սերը, որ Զավենը բերեց այս աշխարհ։
Հայ եկեղեցում ընդունված է դամբանականն ավարտել «Աստված հոգին լուսավորի…» մաղթանքով։ Կարծում եմ՝ այսօր կասկած չկա, որ Աստված հանգստություն է պարգևել այս փոքրիկ հոգուն։ Այժմ մեր հերթն է հիշել այն ամենը, ինչ այս փոքրիկ թանկագին կյանքը եկավ մեզ սովորեցնելու։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։