Մարդկություն – DM#2
Արմոդոքսին այսօր՝ Տեր Վազգենի հետ
Մարդկություն – Ամենօրյա ուղերձ #2
Մշակութային մարդաբան Մարգարեթ Միդը, որն ուսումնասիրել էր աշխարհի բազմաթիվ և զանազան հասարակություններ, քարոզում և պաշտպանում էր մշակութային հարաբերապաշտության գաղափարը՝ որպես միջոց, որի շնորհիվ մենք՝ որպես մարդիկ, կարող ենք ավելի լավ հասկանալ միմյանց։ Չնայած մշակույթների և հասարակությունների միջև առկա բոլոր տարբերություններին՝ մարդկության հիմնական բաղադրիչը պարզ է։
Պատմում են, որ Մարգարեթ Միդի ուսանողներից մեկը հարցրել է նրան, թե ինչն է նա համարում քաղաքակրթության առաջին նշանը։ Ուսանողը ակնկալում էր, որ մարդաբանը կմատնանշի կավե ամանները, որսորդական գործիքները կամ հասարակական ու կրոնական տարբեր իրերը։ Փոխարենը՝ Միդը մատնանշեց հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված 15 000 տարվա վաղեմություն ունեցող ազդրոսկրը, որը, ըստ նրա, քաղաքակրթության առաջին ապացույցն էր։
Ազդրոսկրը մարմնի ամենաերկար ոսկորն է, որը միացնում է ազդրը ծնկին։ Եթե մի կողմ դնենք ժամանակակից բժշկության առավելությունները, ապա կոտրված ազդրոսկրի ապաքինման համար պահանջվում է մոտ վեց շաբաթ հանգիստ։ Այս կոնկրետ ոսկորը կոտրված էր և ապաքինվել էր։ Միդը բացատրում էր, որ կենդանական աշխարհում, եթե կոտրում եք ոտքը, ապա մահանում եք։ Դուք չեք կարող փախչել վտանգից, չեք կարող ջուր խմել կամ սնունդ որսալ։ Իրականում, եթե նման կերպ վիրավորվեիք, ապա կդառնայիք այլ կենդանիների կերակուրը։ Եթե մնայիք անշարժ՝ սպասելով ոսկու ապաքինմանը, ապա անկասկած կդառնայիք որևէ այլ կենդանու ընթրիքի հիմնական ուտեստը։ Այլ կենդանու... ճիշտ է։ Հարցն այն էր, թե ի՞նչն է մեզ՝ մարդկությանը, առանձնացնում այլ կենդանիներից։ Ինչո՞ւ էր այս ապաքինված ոսկորը բանալին հասկանալու, թե երբ ենք մենք կենդանուց վերածվել հոգատար մարդկանց։
Միդը բացատրում էր, որ ապաքինված կոտրված ազդրոսկրը վկայում է այն մասին, որ մեկ այլ մարդ ժամանակ է հատկացրել՝ մնալու վիրավորի կողքին, կապելու վերքը, նրան անվտանգ վայր տեղափոխելու և ապաքինման ընթացքում խնամելու համար։ Ապաքինված ազդրոսկրը նշանակում է, որ ինչ-որ մեկը օգնել է իր նմանին՝ փոխանակ լքելու նրան՝ սեփական կյանքը փրկելու համար։
«Քաղաքակրթությունը սկսվում է դժվարության մեջ գտնվող մեկին օգնելուց», - բացատրում էր Մարգարեթ Միդը։
Արմոդոքսիան (Armodoxy) արմատներ ունի անաղարտ քրիստոնեության մեջ։ Քրիստոս մեզ պատվիրում է. «Երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, հաշմանդամներին, կաղերին, կույրերին։ Եվ դու օրհնված կլինես»։ Տեսնում եք, Քրիստոսի հրավերը մարդասիրության հրավեր է։
Աղոթենք Սուրբ Եփրեմի (4-րդ դար) աղոթքով
Ես հայացքս ուղղում եմ Դեզ, Քրիստո՛ս Տեր իմ, և բացում եմ սիրտս Ձեր առջև ջերմեռանդ աղոթքով, ո՛վ Աստծո Որդի, Ձեր արարածների առջև Ձեզ խոնարհեցնելու և ծառայի դեր ստանձնելու համար։ Դուք այնպիսի սեր ունեք մարդկության հանդեպ, որ մենք կարողանանք աստվածային իմաստություն ձեռք բերել։ Ողորմե՛ք ինձ, ո՛վ բարեգութ Աստված։

2009 Հայր Վազգեն


2009 Հայր Վազգեն
Այսպիսի մտորումներ առաջացնող դիտարկում և այնքան ճշմարիտ. մարդիկ օգնում են մարդկանց՝ ցուցադրելով քաղաքակրթության ամենավաղ նշանը։ Շնորհակալություն գեղեցիկ աղոթքի համար։