Հայացք հավերժությանը Տաթևում
Հայկական ուղղափառության արմատները. Հավերժությունը Տաթևում
Ալբերտ Այնշտայնի E=mc2 բանաձևը ոչ գիտնականների շրջանում ամենաճանաչված գիտական նշումներից է։ Մարդկանց մեծ մասը գիտի, որ այն կապ ունի ժամանակի և տարածության հետ, թեև մեխանիզմը նրանց համար անհասկանալի է։ Առնվազն մարդիկ գիտեն, որ այն կապված է Այնշտայնի և հարաբերականության տեսության հետ։ Մոտավորապես այն ժամանակ, երբ Այնշտայնը կազմում էր հարաբերականության ընդհանուր տեսության բանաձևերը, ամերիկացի գրող Հենրի Վան Դայկը ժամանակի հարաբերականությունը նկարագրում էր այսպես. «Ժամանակը չափազանց դանդաղ է նրանց համար, ովքեր սպասում են, չափազանց արագ՝ նրանց համար, ովքեր վախենում են, չափազանց երկար՝ նրանց համար, ովքեր սգում են, չափազանց կարճ՝ նրանց համար, ովքեր ուրախանում են, բայց նրանց համար, ովքեր սիրում են, ժամանակը հավերժություն է»։ Ճիշտ է, ժամանակը հարաբերական է։ Այն շարժվում է՝ կախված դիտորդի տեսանկյունից։
Ժամանակի ավարտին հավերժությունն է։ Այն դժվար է ընդունել և անհնար է ըմբռնել։ Հավերժությունը գոյություն ունի ժամանակի բացակայության պայմաններում, և որպես այդպիսին, այն հակասում է մեր բնական փորձառություններին։ Մենք կարող ենք օգտագործել «հավիտյանս հավիտենից» նման բառեր ու արտահայտություններ, սակայն դրանք նկարագրում են ժամանակը, ոչ թե հավերժությունը։ Այնուամենայնիվ, մի վայր, որտեղ մենք մոտենում ենք հավերժությանը, Տաթևի վանքն է կամ Տաթևավանքը։ Այն գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Սյունիքի մարզում։ Անտառների մեջ թաքնված, բլրի գագաթին գտնվող այս վանքը հայկական ճարտարապետության հրաշալիք է։ Քար առ քար կառուցված եկեղեցու պատյանը ներսում պահում է մի շատ սուրբ տարածք, որտեղ էներգիան այնքան հզոր է, որ թվում է՝ ժամանակը ծռվում է։ Տաթևավանքում Դուք կարող եք զգալ հավերժությունը, քանի որ ժամանակն այնտեղ բացակայում է։ Թեև կառույցն ինքնին վերջավոր է, ներսում Դուք կորչում եք հավատքի այն հրաշքի մեջ, որը կերտել է այս սրբավայրը։
Տաթևն այն պատճառն է, թե ինչու են մարդիկ նայում վեր՝ երկնքի կամ հավերժության մասին մտածելիս։ Այս բլրի վրա ապրել և ոգեշնչվել են Հայոց Եկեղեցու մեծերից շատերը, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Տաթևացին (14-րդ դար), որը հանգչում է սրբավայրի ներսում։ Նա աստվածաբան և փիլիսոփա էր, որի ազդեցությունը եկեղեցու վրա զգացվում է մինչ օրս։ 20-րդ դարի սկզբին, երբ Ցեղասպանությունը մոտենում էր ավարտին, Տաթևի վանքը ոգեշնչման աղբյուր և հենակետ դարձավ Գարեգին Նժդեհի պես մեծերի համար, երբ նա նախանշում էր նոր և անկախ Հայաստանի ուղին՝ իր առաջնահերթությունները ձևակերպելով Աստված, Ազգ և Հայրենիք գաղափարների եռամիասնությամբ։
Երբ մենք այցելում էինք երկրի վրա գտնվող այս դրախտային անկյունը, երկինքն ու երկիրը միավորող պատարագ էր մատուցվում։ Վանքի առաջնորդ Տեր Միքայելը մկրտության խորհուրդն էր կատարում ինը կամ տասը տարեկան մի տղայի համար։ Տղայի կնքահայրը տեղի գյուղերից մեկի աշխատող էր։ Մկրտությանը ներկա էին տղայի ընտանիքի անդամները և մենք՝ ուխտավորների մի խումբ, որոնք պատրաստ էին ընդունելու այն օրհնությունը, որը կարող էր մեզ բաժին հասնել։
Տեր Միքայելը մկրտեց և դրոշմեց տղային սուրբ Մյուռոնով, ապա գոհաբանական աղոթք մատուցեց. «Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տե՛ր, Քո Եկեղեցին Քո այս նոր ծառայով համալրելու համար»։ «Համալրել» բառը հավերժության բանալին էր։ Այստեղ՝ այս բարձր գագաթին, վանքի ներսում, հասարակ մարդկանց ներկայությամբ, հրաշք էր կատարվում։ Հավերժությունը մարմին էր ստանում. տարածության և ժամանակի շարունակականությունը բացվում էր մեր ներկայությամբ։ Տաթևում մենք գուցե չըմբռնեցինք հավերժությունը, բայց հասկացանք, որ հավերժությունը ոչ թե գալիք մի բան է, այլ հենց հիմա մեր մեջ է։ Հենրի Դեյվիդ Թորոն հակիրճ է արտահայտվում. «Դուք պետք է ապրեք ներկայով, նետվեք յուրաքանչյուր ալիքի վրա և գտնեք Ձեր հավերժությունը յուրաքանչյուր պահի մեջ»։
Տեր Միքայելը շրջվեց դեպի մեզ և օրհնեց։ Նա Հայոց Եկեղեցու մի հասարակ վարդապետ է, որը հասկանում է մեզ հավերժության հետ միավորելու ուժը։ Տաթևում անցկացրած այդ պահերին մենք տեսանք և միավորվեցինք հավերժության անծայրածիրությանը՝ կյանքի շարունակականության հանդեպ վստահությամբ։
Մենք այսօր աղոթում ենք. «Երկնային Հա՛յր, մենք ասում ենք, որ Քեզ է պատկանում Հավերժության Արքայությունը։ Թող որ մենք լինենք Քո աստվածային ներկայության մեջ, այդ հավերժության մեջ՝ այժմ և հավիտյան։ Ամեն»։
* Տաթև հայկական անունը լատինատառ կարող է գրվել որպես Datev կամ Tatev:
Շապիկի լուսանկարը՝ Տեր Վազգեն, 2023թ.

2023 Հայր Վազգեն
2024 Հայր Վազգեն

2023 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն
2025 Հայր Վազգեն

2024 Հայր Վազգեն
2024 Հայր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։