Ականազերծված Մարաթուկ. նպատակին հասնելուն մնացել է 30,000 դոլար
Հարավային Կալիֆոռնիայի գեղեցիկ ամառային երեկոն, Բևերլի Հիլզի տանիքում կազմակերպված երեկույթը և ֆոնին հնչող ջազային երաժշտությունը հազիվ թե այն միջավայրն են, որտեղ սովորաբար ականների մասին քննարկումներ են տեղի ունենում։ Սակայն սա սովորական հավաքույթ չէր։ Օգոստոսի 4-ին՝ կիրակի օրը, Բևերլի Հիլզում գտնվող Սեզա Ուզունյանի և Հովհաննես Բեյջեքյանի տանը հավաքվել էին մտահոգ ու կարեկից անհատներ՝ Արցախում ականազերծման աշխատանքների և «Հեյլո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության մասին տեղեկանալու համար։ Արդյունքում՝ հանգանակվեց 30,000 դոլար՝ հանուն ականներից ազատ Արցախի նպատակի։
Սեզա Ուզունյանի նախաձեռնությամբ և հրավերով՝ այս խմբին ներկայացվեց «Հեյլո Թրաստ»-ի անգնահատելի աշխատանքը։ Ականները ավելի քան երկու տասնամյակ է, ինչ սպառնում են Արցախի ժողովրդին։ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) աշխարհում ականների և չպայթած զինամթերքի պատահարների ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի, ընդ որում՝ զոհերի մեկ քառորդը երեխաներ են։ 2000 թվականից ի վեր «Հեյլո Թրաստ»-ը մաքրել է մոտ 500 ականապատ դաշտ՝ վնասազերծելով շուրջ 12,000 ական՝ ի բարօրություն ավելի քան 130,000 մարդու։
Երեկոն սկսվեց տանտիրուհու ողջույնի խոսքով, որից հետո նա Արևմտյան թեմի հոգևոր հովիվ Տեր Վազգեն Մովսեսյանին հրավիրեց կիսվելու ականազերծման հրատապության վերաբերյալ իր մտորումներով։ Այնուհետև «Հեյլո Թրաստ»-ից Ամասիա Զարգարյանը ցուցադրեց կարճ տեսանյութ և բացատրեց կազմակերպության գործունեության սկզբունքները։
Տիկին Ուզունյանի կողմից ընտրված տարածքը Մարաթուկի շրջանում է։ Այդ տարածքի համար անհրաժեշտ է 100,000 դոլար։ Ստեղծվել է համապատասխան հիմնադրամ (դոլար առ դոլար սկզբունքով)։
Տիկին Ուզունյանի խոսքով. «Այս դրամահավաքից ստացված ամենակարևոր արդյունքը Ղարաբաղում տիրող իրավիճակի լրջության մասին իրազեկվածությունն է։ Ականները բնակիչներին դատապարտել են վերջույթների կորստի և մահվան, ինչպես նաև կաթվածահար են արել գյուղատնտեսությունը։ Ականների զոհերի մեկ երրորդը երեխաներ են»։
Հյուրերից շատերը նախկինում չէին լսել «Հեյլո Թրաստ»-ի մասին։ «Ինձ ամենաշատը հուզեց այն,- շարունակեց նա,- որ իմ ոչ հայ ընկերներից ոմանք այնքան տպավորվեցին, որ գնացին իրենց հայ գործատուների և բժիշկների մոտ՝ քննարկելու Արցախն ականազերծելու ուղղությամբ «Հեյլո»-ի գործողությունները»։
«Մենք պետք է ոչ թե ապավինենք միայն արտաքին աջակցությանը, այլ միավորենք մեր ուժերը և դրամահավաք կազմակերպենք, որպեսզի «Հեյլո»-ն կարողանա ավարտել իր աշխատանքը, և հողը դառնա անվտանգ ապրելու համար։ Մենք հավաքել ենք գրեթե 30,000 դոլար, և մեզ անհրաժեշտ է ևս 20,000 դոլար՝ Մարաթուկի շրջանն ականներից մաքրելու համար։ Կա անանուն նվիրատու, ով յուրաքանչյուր դոլարի դիմաց հավասարաչափ գումար է տրամադրում։ Այս հատվածը մաքրելու համար պահանջվում է 100,000 դոլար, և այս ականապատ դաշտում աշխատանքներն ընթանում են հենց այս պահին»։
Եթե ցանկանում եք աջակցել այս նախաձեռնությանը, կարող եք այցելել «Հեյլո»-ի կայքէջը՝ www.halotrust.org/MineFreeNK, կամ կարող եք չեկեր գրել «The Halo Trust»-ի անունով՝ նշումների դաշտում գրելով «For Nagorno Karabakh» և ուղարկել հետևյալ հասցեով՝
Սեզա Ուզունյան,
℅ In His Shoes
PO Box 70773
Pasadena, CA 91117.
Նրանք հավիտյան երախտապարտ կլինեն։



2023 Հայր Վազգեն







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։