Եպիսկոպոսի տարեդարձը գորգի միջոցով
Գորգը եկեղեցում. խորհրդածություններ Սրբազանի քահանայական ձեռնադրության 40-ամյակի առթիվ
Հեղինակ՝ Տեր Վազգեն Մովսեսյան
Իմ կյանքը հարուստ և վեհ գույների գոբելեն է եղել, մշտապես փոփոխվող տեսարանների հավերժական տեսիլք
Կապույտի և ոսկու երանգներով հյուսված հրաշք, մի գոբելեն, որը կարելի է զգալ ու տեսնել, բայց անհնար է պահել
-Քերոլ Քինգ
Եկեղեցու խորանում նստելը կարող է միայնության զգացում առաջացնել, հատկապես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Այստեղ կան աթոռներ, խորանի հստակ տեսարան, հատակին փռված արևելյան գորգեր և լռության ու խորհրդածության հնարավորություններ: Հենց այստեղ եք Դուք մտորում Ձեր արտաքին աշխարհի մասին՝ ատելության, հիվանդության, սովի, անհանդուրժողականության, պատերազմների մասին և փորձում հաշտեցնել այդ ցավերը տոնակատարության գաղափարի հետ՝ լինի դա Սուրբ Պատարագ, թե հոբելյան: Այս առավոտ ես հնարավորություն ունեցա մտածելու երկուսի մասին էլ:
Անցյալ կիրակի Սուրբ Էջմիածնի տոնն էր։ Մեր Առաջնորդ Հովնան Սրբազանը Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում մատուցում էր Սուրբ Պատարագ։ Սա նաև անձնական վկայության օր էր։ Նրա Գերաշնորհությունը նշում էր քահանայական ձեռնադրության 40-ամյակը և եպիսկոպոսական օծման 30-ամյակը։ Քարոզի ընթացքում Սրբազանը հուզմունքով վերհիշեց այն օրը, երբ ծնկի եկավ Էջմիածնի խորանի առջև և ընդունեց Աստծո կոչը՝ ծառայելու Եկեղեցուն։ Երանաշնորհ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց երիտասարդ սարկավագին և նրան շնորհեց Հայ Առաքելական Եկեղեցու քահանայական սուրբ կարգը։
Մինչ քարոզը շարունակվում էր, աչքերս հառեցի առջևիս փռված արևելյան զարդանախշ գորգին:
Քառասուն տարի։ Այդ 40 տարիների ընթացքում շատ բան է տեղի ունեցել։ Ձեռնադրությունից հետո երիտասարդ Տեր Հովնանը մեկնել է Եվրոպա և կրթություն ստացել Օքսֆորդում։ Նա նշանակվել է Կանադայում, հասել եպիսկոպոսական աստիճանի, կերտել Կանադայի թեմը, նախքան 17 տարի առաջ Արևմտյան թեմի կոչն ընդունելը։ Նա իրականացրեց Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարի կառուցումն ու օծումը և թեմական ծառայությունների ընդլայնումը։
Թերևս քառասուն տարի առաջ այն գորգը, որն իմ առջև էր, նոր էր ստեղծվում: Տարբեր գույների առանձին թելեր միանում էին իրար: Մեկ զարդանախշը հաջորդում էր մյուսին: Յուրաքանչյուր նախշ ժամանակի մի հատված է ներկայացնում և ունի իր յուրահատուկ պատմությունը: Յուրաքանչյուր նախշ գորգագործի կամքի և վճռականության վկայությունն է: Մի շարքի վրա գտնվող ծաղիկը միանում է վերևի գալարին և ներքևի ձևին: Յուրաքանչյուր ներկված թել այնքան ներդաշնակ է լրացնում շրջակա գույները, որ ակնհայտ է դառնում, թե ինչպես է մեկ վարպետ գորգագործ այս գոբելենը հավաքել ներդաշնակության և ուրախության մեջ: Մենք չգիտենք գորգագործների պատմությունները, ճիշտ այնպես, ինչպես այն բարությունը, որը տարածում է քահանան՝ հետևելով իր կոչմանը և ապրելով իր ծառայությունը:
Արքեպիսկոպոսը շարունակեց իր խորհրդածությունը և պատմեց, թե ինչպես է քառասուն տարիների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ իր սերն ու հավատարմությունը միշտ եղել իր գործողությունների կենտրոնում: Դա Էջմիածնի հանդեպ այն սերն էր, որը նա զգացել էր որպես երիտասարդ ճեմարանական՝ Հայաստան ժամանելիս (1976 թ.): Հենց Էջմիածնում նա հանդիպեց, մեծացավ և սովորեց մեծ հայրապետ Վազգեն Ա-ի (Կաթողիկոս 1955-1994 թթ.) հովանու ներքո: Այդ վաղ զգացմունքները հասունացան և նրան կապված պահեցին 21-րդ դարի Հայոց եկեղեցին կառուցելու ջանքերին: Երիտասարդական հավաքներից մինչև Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, Ցեղասպանության 100-ամյակը և այժմ՝ Մայր Տաճարի վերանորոգումը, Սրբազանը Հայոց եկեղեցու կյանքում թողել է մի հետք, որն ընդգծված է իր ներդաշնակությամբ և ամբողջականությամբ: Յուրաքանչյուր նշանակման վայրում Քրիստոսի սերը արտահայտվել է համայնքներին՝ ցավող աշխարհի մաս կազմող մարդկանց, բարություն և օգնություն ցուցաբերելու միջոցով: Միայն Աստծուն է հայտնի, թե քանիսն են տեսել հրաշքները, ստացել օգնություն ծրագրերի միջոցով և ոգեշնչվել նույնը անելու այս ցավող աշխարհում:
Այն առավոտ, երբ Սրբազանը խոսում էր, նույնը անում էր նաև գորգը։ Մոտիկից դիտելիս կարող եք պատկերացնել, որ գորգի յուրաքանչյուր նախշ որոշակի ժամանակաշրջանի և վայրի մարդու ստեղծագործություն է։ Ինչպե՞ս է այն այդքան կատարելապես միաձուլվում գորգի մյուս նախշերին։ Հեռվից դիտելիս գորգը մեկ ամբողջական կտավ է, որը պատմում է մարդկանց, վճռականության, կենտրոնացվածության, գեղեցկության և միահյուսված զգացմունքների մասին։ Ակնհայտ է, որ գոյություն ունի ընդհանուր թել, որը վարպետ ջուլհակն օգտագործել է բոլոր տարրերը միավորելու և գեղեցկության մեկ ամբողջական պատկեր ստեղծելու համար։
Իրոք, ուղիղ 40 տարի առաջ՝ 1980 թվականին, Սուրբ Էջմիածնի տոնին ձեռնադրվեց Հովնան Սրբազանը։ Այս տոնին մենք նշում ենք Քրիստոսի էջքը, ինչպես արտահայտված է «Էջմիածին» բառի մեջ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում (303 թ.)։ Քրիստոսն այն թելն է, որն անցնում է Եկեղեցու կյանքով, միակ հաստատունը ժողովրդի և հոգևորականության կյանքում, որը միավորում է ամեն ինչ՝ կազմելով Հայ Առաքելական Եկեղեցու գոբելենը։
Եկեղեցին, որը միավորված և կապված է Քրիստոսով, գեղեցիկ է և ամբողջական։ Այն այս աշխարհում Քրիստոսի գործող Մարմինն է։
Վերջին 40 տարիների ընթացքում Հովնան Սրբազանը ծառայել է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Յուրաքանչյուր իրադարձություն և փորձառություն, որի միջով նա անցել է, միավորվել են՝ ներկայացնելով զոհաբերության և սիրո մի գեղեցիկ գոբելեն։ Դիտեք այն որպես ամբողջություն, և կտեսնեք Քրիստոսին, որ գործում է Իր Եկեղեցու՝ Սուրբ Էջմիածնի միջոցով, որը Լուսավորչի տեսած ամբողջական տեսիլքն է այն ժամանակ և գեղեցկության արտահայտությունը՝ այսօր։ Այս տեսիլքի և արտահայտության մեջ մենք կարող ենք գտնել Էջմիածինը՝ Քրիստոսի էջքը մի աշխարհ, որը ցավում է, տառապում ատելությունից, հիվանդություններից, սովից և ցավից։ Եկեղեցու խորանում նստած այդ մի քանի րոպեների ընթացքում ես հնարավորություն ունեցա տեսնելու երկու կյանքի մասնիկներ՝ մեր Սրբազանի կյանքը և գորգի մեջ հյուսված արվեստի գործը։ Թեև մենք կարող ենք դիմել բազմաթիվ միջոցների՝ այս աշխարհի վերքերն ու ցավերը բուժելու համար, սակայն մարդկային սիրտն է, որ պետք է բուժվի։ Դրա համար անհրաժեշտ տարրերը կան՝ դրանք ներկերն են, թելերը, կյանքը, իրադարձությունները, Էջմիածինը և մեր կյանքում գործող Քրիստոսը։
Մեր Առաջնորդին առողջություն և ուժ մաղթելով՝ ասում ենք. «Աստված օգնական, Սրբազան հայր»։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։