Գեղեցկություն
Բժշկության ճանապարհ – Մեծ պահքի ճանապարհորդություն 2014
Օր 12:
Լսել հիմա՝
Որքա՞ն մեծ է Աստված։ Որքա՞ն մեծ պետք է լինի Աստված, որպեսզի Ձեր բժշկության հրաշքը գործի։ Ձեր հաշտության հրաշքը։ Ձեր ապաքինման հրաշքը։
Մենք շարունակում ենք այն թեման, որը ներկայացրել էինք երեկ՝ Ճանապարհորդության 11-րդ օրը։ Մենք խորհրդածում ենք «ԵՍ ԵՄ»-ի մասին և բացահայտում, որ խնդիրը ոչ թե զորության կամ մեծության մեջ է, այլ «ԵՍ ԵՄ»-ը գեղեցկության մասին է։
Ալեքսանդր Սոլժենիցինը պատմաբան էր, ռուս գրող և խորհրդային տոտալիտարիզմի անխոնջ քննադատ։ Նրա գրվածքներն ու կյանքը ուղղված էին հսկայական ու մեծ խնդիրների դեմ։ Նրա էսսեներից մեկը մի կարճ ստեղծագործություն է, որտեղ նա մատնանշում է Աստծուն՝ առանց հիշատակելու Նրա անունը, զորությունը կամ մեծությունը։ Փոխարենը՝ նա մատնացույց է անում այն գեղեցկությունը, որը վեր է ամենայն ըմբռնումից, և մենք գտնում ենք Աստծուն։
Ստեղծագործությունը կոչվում է «Բադիկը»
Մի փոքրիկ դեղին բադիկ՝ ծիծաղելիորեն թափթփվելով իր սպիտակ փորիկի վրա խոնավ խոտերի մեջ և հազիվ կանգնելով իր բարակ, տկար ոտքերի վրա, վազում է իմ առջևից և ճռվողում. «Ո՞ւր է մայրիկս։ Ո՞ւր է ընտանիքս»։
Նա մայրիկ չունի, քանի որ նրան խնամել է հավը. բադի ձվերը դրվել են նրա բնում, նա նստել է դրանց վրա և թխսել իր ձվերի հետ միասին։ Վատ եղանակից պաշտպանելու համար նրանց տունը՝ առանց հատակի շրջված զամբյուղը, տեղափոխվել է գոմ և ծածկվել կտավով։ Նրանք բոլորն այնտեղ են, բայց սա մոլորվել է։ Արի՛, փոքրիկ, թույլ տուր վերցնեմ քեզ ափիս մեջ։
Ի՞նչն է նրան կենդանի պահում։ Նա ոչինչ չի կշռում. նրա փոքրիկ սև աչքերը ուլունքների պես են, ոտքերը՝ ճնճղուկի ոտքերի պես, ամենաթեթև սեղմումից նա այլևս չի լինի։ Այնուամենայնիվ, նա տաք է կյանքով։ Նրա փոքրիկ կտուցը բաց վարդագույն է և մի փոքր բացված՝ խնամված եղունգի պես։ Ոտքերն արդեն լողաթաղանթներ ունեն, փետուրների մեջ դեղին գույն կա, և նրա աղվափետուր թևերը սկսում են ցցվել։ Նրա անհատականությունն արդեն առանձնացնում է նրան իր խորթ եղբայրներից։
Իսկ մենք՝ մարդիկ, շուտով կթռչենք դեպի Վեներա. եթե մեր ջանքերը միավորենք, քսան րոպեում կարող ենք վարել ամբողջ աշխարհը։
Սակայն, մեր ողջ ատոմային հզորությամբ, մենք երբեք-երբեք չենք կարողանա փորձանոթում ստեղծել այս դեղին բադիկի նման տկար մի բան. նույնիսկ եթե մեզ տրվեն փետուրներն ու ոսկորները, մենք երբեք չենք կարողանա հավաքել նման արարած։
Բժշկության ճանապարհին մենք հանդիպեցինք մի բանի, որն այնքան մեծ է, այնքան պարզ և այնքան գեղեցիկ։ Որքա՞ն մեծ պետք է լինի Աստված, որպեսզի Ձեր բժշկության հրաշքը գործի։ Ձեր հաշտության հրաշքը։ Ձեր ապաքինման հրաշքի համար։
Սա Տեր Վազգենն է, որը հրավիրում է Ձեզ միանալ մեզ վաղը, երբ մենք շարունակում ենք քայլել Բժշկության ճանապարհով։
Պատրաստեց Սյուզի Շատարևյանը epostle.net-ի համար
Ստացեք Տեր Վազգենի հետ Մեծ պահքի ճանապարհորդությունը էլեկտրոնային փոստով
Դիտել iTunes-ում
Այժմ հասանելի է BluBrry-ում






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։