Ներողամտություն 3
Բժշկության ճանապարհ – Մեծ պահքի ճանապարհորդություն 2014
Օր 19:
Լսել հիմա՝
Երբևէ ստացե՞լ եք մի բան, որի համար չեք պայմանավորվել։ Սա կարող է լինել թե՛ բացասական, թե՛ դրական։ Հավանաբար առնչվել եք «արագ յուղափոխման» կենտրոնների հետ, որտեղ մենք գնում ենք յուղը փոխելու, բայց մեզ առաջարկում են հավելյալ ծառայություններ, որոնք ոչինչ չեն անում, բացի դրամապանակը դատարկելուց։ Կամ այն, ինչ ես անվանում եմ «և ավելին» գրվածք։ Սա այն փոքրատառ տեքստն է, որը սովորաբար գտնվում է ապրանքի գնի տակ և հուշում է, որ թեև կարող եք ապրանքը ձեռք բերել 29.95 դոլարով, բայց ավելի հավանական է, որ պատշաճ որակի որևէ բան կգտնեք միայն «և ավելին» գնային միջակայքում։
Իհարկե, կան դրական հավելումներ, որոնք իրական ձեռքբերումներ են։ Դուք նստում եք ռեստորանում և պատվիրում կերակուր։ Երբ հաշիվը գալիս է, այն ավելի քիչ է, քան կարծում էիք. ձեր պատվերը եղել է ճաշի հատուկ մենյուից։ Դուք գնում եք բժշկական զննման, քանի որ արյան ճնշումը բարձրացել էր։ Պարզում եք, որ ձեր նոր սննդակարգը նվազեցրել է ճնշումը, և դրան գումարած՝ կորցրել եք լրացուցիչ 10 ֆունտ։ Սրանք այն հավելումներն են, որոնք մենք բոլորս հավանում ենք և կցանկանայինք, որ ավելի շատ լինեին։
Կար մի մարդ, որը կաթվածահար էր և իր ողջ կյանքն անցկացնում էր պատգարակի վրա։ Նրա ընտանիքը լսել էր, որ Հիսուսը հրաշքներ է գործում՝ բժշկելով կաղերին ու հիվանդներին։ Նրանք պատգարակով տարան այդ մարդուն, որպեսզի նա բժշկվի և նորից քայլի։
Երբ նրանք մոտեցան այն տանը, որտեղ գտնվում էր Հիսուսը, տեսան, որ անհնար է ներս մտնել կամ նույնիսկ մոտենալ Նրան։ Տունը լեփ-լեցուն էր, պատուհաններն ու դռները փակված էին ներս մտնել ցանկացող մարդկանցով, և նույնիսկ առջևի ու հետևի բակերը լցված էին նրանցով, ովքեր հույս ունեին գոնե մի հայացքի կամ Հիսուսի մի խոսքի արժանանալ։
Նրանք կաթվածահարին իր պատգարակով բարձրացրին տան տանիքը։ Նրանք այնքան վճռական էին նրա բժշկման հարցում, որ տանիքի վրա անցք բացեցին և կաթվածահարին իջեցրին ձեղնահարկից ուղիղ Հիսուսի առջև։
Տեսնելով նրանց հավատքը և հուզված լինելով ներս մտնելու նրանց վճռականությունից՝ Հիսուսը դարձավ մարդուն և ասաց. «Որդյա՛կ, մեղքերդ ներված են»։
Սպասե՛ք մի րոպե։ Մեղքե՞ր։ Ո՞վ է խոսում մեղքերի մասին։ Նրանք այդքան դժվարությամբ նրան բարձրացրին տանիք, քանդեցին կղմինդրները և իջեցրին կաթվածահարին տուն՝ մեղքերի թողության համար։ Նա լո՞ւրջ էր։ Մի՞թե չէր տեսնում, որ այս մարդը ցանկանում էր բժշկվել։ Այս մարդը ցանկանում էր քայլել։ Ինչո՞ւ էր Հիսուսը ներում մեղքերը։ Եվ ավելին, ո՞վ էր Հիսուսը, որ համարձակվում էր ենթադրել, թե կարող է ներել այս մարդու մեղքերը։
Հիսուսը նայեց մարդկանց և ուղղակիորեն հարցրեց. «Ինչո՞ւ եք այս բանից անհանգստանում։ Ինչո՞ւ եք ձեր սրտում կասկածում։ Ո՞րն է ավելի հեշտ. ասել այս մարդուն՝ «մեղքերդ ներված են», թե՞ ասել՝ «վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ և քայլի՛ր»։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու», ասաց կաթվածահարին. «Վե՛ր կաց, ոտքի՛ ելիր, վերցրո՛ւ պատգարակդ, քայլի՛ր և գնա՛ տուն»։ Պատմությունը, որը գրված է Ավետարաններից երեքում, ասում է, որ մարդը «անմիջապես» վեր կացավ, վերցրեց իր պատգարակը և քայլելով գնաց տուն։
Մարդը եկել էր փոքրիկ հրաշքի ակնկալիքով։ Նա ուզում էր վեր կենալ և քայլել։ Հավելյալ բոնուսը, որը իրական հրաշքն էր, այն էր, որ նա ներում ստացավ։ Նա ազատվեց իր անցյալից։ Հիսուսի կողմից իրեն «Մարդու Որդի» անվանելը այս համատեքստում արտահայտում է այն կարողությունը, որ Նա մեզանից մեկն է։ Այսինքն՝ մեղքերը ներելու այս զորությունը տրված է բոլորիս։ Ավելին, Նրա հարցը՝ «Ո՞րն է ավելի հեշտ՝ ներել մեղքերը, թե՞ ասել՝ «վե՛ր կաց և քայլի՛ր»», մեզ հուշում է, որ առողջության, վեր կենալու, քայլելու, բժշկման, ապաքինման և հաշտության ճանապարհը սկսվում է ներելու հիմնարար քայլից։
Այսօրվա խորհրդածությունը մեզ է հասնում այս պատմությունից։ Սա դժվարին խորհրդածություն է։ Մենք բոլորս նման ենք պատմության կաթվածահարին, այսինքն՝ կապված ենք մեր հիվանդություններով ու ցավերով։ Նա չէր կարողանում շարժվել շարժողական հմտությունների կորստի պատճառով։ Դուք գուցե խրված եք ինքնագնահատականի պակասի պատճառով, կամ ճնշված եք կորցրած սիրո հետևանքով, կամ պայքարում եք կախվածության դեմ։ Ի՞նչ եք դուք իրականում ուզում։ Ուզո՞ւմ եք քայլել։ Թե՞ ուզում եք ազատվել այն հիվանդություններից ու պայքարից, որոնք խանգարում են ձեզ քայլել։
Այսօրվա խորհրդածությամբ մենք թոթափում ենք որոշ դժվարություններ և վաղը վերադառնում՝ առաջ շարժվելու Բժշկության ճանապարհով։
Պատրաստեց Սյուզի Շատարևյանը epostle.net-ի համար
Ստացեք Տեր Վազգենի հետ Մեծ պահքի ճանապարհորդությունը էլեկտրոնային փոստով
Դիտել iTunes-ում
Այժմ հասանելի է BluBrry-ում






Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։