Մեծ պահքի ուղի 2020, 40-օրյա շրջանի 21-րդ օրը (40-ից)
Կիրակի, մարտի 15 – Մեծ պահքի ուղի 2020, օր 21՝ 40-ից
Մեծ պահքի ուղու կեսին մենք հասել ենք բարձունքին, որտեղից նայելով տեսնում ենք երկու ճանապարհ՝ մեկը մեր հետևում, իսկ մյուսը, որն առավել կարևոր է, մեր առջևում։ Հենց այս ճանապարհն է կապվում կյանքի ավելի մեծ ուղու հետ։ Այն անցնում է դժվարություններով, հիվանդություններով, ատելությամբ, անհանդուրժողականությամբ և պատերազմներով լի աշխարհում։ Միևնույն ժամանակ, չարիքի այս դրսևորումներից յուրաքանչյուրը մեզ հնարավորություն է տալիս հաղթահարելու և հաղթանակներ տոնելու հենց այս աշխարհում։ Որքա՜ն տեղին է, որ այսօր Հայ Եկեղեցին որպես Մեծ պահքի դաս սահմանել է Տնտեսի առակը (Ղուկաս 16:1-13)։ «Հաշի՛վ տուր քո տնտեսության մասին» (հմր. 2) պարզ պատվիրանով մենք հասկանում ենք, որ մեր պարտականությունն է կառավարել այն կյանքը, որը տվել է Աստված։ Սա մի կյանք է, որն ընթանում է այստեղ և հիմա՝ բարիքով ու չարիքով լի աշխարհում։ Այս օրվա խորհրդածությունը Քրիստոսի իսկ խոսքերի շուրջ է. «Այս աշխարհի որդիներն ավելի խորագետ են իրենց սերնդի մեջ, քան լույսի որդիները» (հմր. 8)։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։