Կրոնական խաբեություններ
Արմոդոքսիան այսօր. Կրոնական խարդախություններ
Մեզանից յուրաքանչյուրին է ծանոթ «խարդախություն» բառը, թեև գուցե չենք գիտակցում, թե որքան տարածված է այն մեր կյանքում։ Մենք լսել ենք համացանցային, ֆինանսական, էլեկտրոնային փոստի և հեռախոսային խարդախությունների մասին և փորձում ենք որոշակի զգուշություն ցուցաբերել դրանց հանդեպ։ Բանկերը, ֆինանսական հաստատությունները և նույնիսկ առողջապահական հիմնադրամները նախազգուշացումներ են հրապարակում խաբեության զոհ դառնալու վտանգի մասին։ Սակայն երբ խոսքը վերաբերում է կրոնական խարդախություններին, մենք վստահ ենք, որ դա երբեք չի կարող պատահել մեզ հետ։ Ի վերջո, մտածում ենք՝ ես քրիստոնյա եմ, ծնվել և մեծացել եմ որպես քրիստոնյա, և գիտեմ, թե ինչին եմ հավատում։ Հենց այս պնդման մեջ է թաքնված այն ամենաթույլ օղակը, որը պետք է պաշտպանի մեզ կրոնական խարդախություններից։
Այս օրերին ամեն ոք իրեն իրավունք է վերապահում հանդես գալ որպես Քրիստոսի, քրիստոնեական հավատքի և քրիստոնեության վերաբերյալ բոլոր հարցերի գիտակ։ Բավական է սոցիալական ցանցերում բարձրաձայն մեջբերել Աստվածաշնչի մի քանի համար, և յուրաքանչյուր ոք կարող է հարթակի շնորհիվ որոշակի հեղինակությամբ հանդես գալ։ Կեղծ լուրերը պիտակավորվում են, սակայն կրոնի, հատկապես՝ քրիստոնեության դեպքում, ամեն ինչ թույլատրելի է։ Պատերազմների և դրանց մասին խոսակցությունների սրման հետ մեկտեղ՝ ասպարեզը բաց է աշխարհի վերջի մասին կանխատեսումների համար, որոնք կապված են Արմագեդոն կոչվող ճակատամարտի հետ։
Քանի որ կրոնը անձնական հարց է, մարդիկ իրականում չեն հետաքրքրվում դրա նախապատմությամբ։ Օրինակ՝ Հայ եկեղեցին, լինելով Առաքելական, այսինքն՝ առաքյալների ժամանակներից եկող, յուրահատուկ տեղ ունի քրիստոնեական աշխարհում և հեղինակությամբ է խոսում քրիստոնեական հասկացությունների ու դոգմաների մասին։ Այնուամենայնիվ, մարդկանց համար ավելի հեշտ է հավատալ այն ամենին, ինչին ցանկանում են, որքան էլ դա տարօրինակ թվա, քան ինքնակրթվելը։
Ուստի, որոշ տեղեկություններ փոխանցելու նպատակով, որոնք գուցե չգիտեք, ահա մի քանի բան, որ պետք է հիշել, երբ կարդում եք Քրիստոսի և քրիստոնեության անունից արվող սարսափելի կանխատեսումները։
Հին Կտակարանը փրկարար չէ։ Հիսուս Քրիստոս օրենքի և մարգարեների կատարումն է։
Հիսուս Աստծո Որդին է, և հետևաբար Նրա էթնիկ պատկանելությունը վեր է էթնիկության մասին մեր պատկերացումներից։ Նա հավասարապես պատկանում է բոլորին և բոլոր ազգերին։
Իսրայել բառը նշանակում է «Աստծո ժողովուրդ»։ Մկրտությունից հետո մենք երեխային հռչակում ենք «Նոր Իսրայելի» անդամ, ինչը չի նշանակում, որ նա պատկանում է Մերձավոր Արևելքի հրեական պետությանը։
Հիսուսը կվերադառնա։ Նրա վերադարձը մոտ է, բայց այն մոտ է եղել դեռևս 1-ին դարից։ Այդ իսկ պատճառով Հիսուսն ասում է. «Իսկ այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ Որդին, այլ միայն Հայրը»։ (Մատթեոս 24:36)
Հիսուսի վերադարձի վայրը բացահայտված չէ։ Դա Նրա գործն է։ Նա մեզ խնդրում է սիրել և հոգ տանել, այլ ոչ թե կանխատեսել վայրեր։ Անկախ նրանից, թե ինչ եք կարդացել կամ լսել, եթե Հիսուսը որոշի վերադառնալ Պուերտո Ռիկո կամ Հայաստան, Դուք կարող եք մեջբերել Աստվածաշնչի բոլոր էջերը և Ձեր լսած բոլոր քարոզիչներին, Նա պարտավոր չէ հետևել այդ կանոններին։ Կրկնում եմ՝ Նա մեզ խնդրում է սիրել և հոգ տանել, այլ ոչ թե կանխատեսել վայրեր։
Յուրաքանչյուր ոք, ով կանխատեսում է Հիսուսի վերադարձը կոնկրետ ամսաթվի կամ վայրի, խարդախությամբ է զբաղվում։
Հայտնության գիրքը գրվել է 12 աշակերտներից մեկի՝ Սուրբ Հովհաննեսի կողմից։ Նա բանտարկված էր մի կղզում և գրում էր ժամանակի քրիստոնյաներին։ Նա գրել է ծածկագրով, որը հասկանալի կլիներ ժամանակի մարդկանց համար։ Պատգամը պարզ է. դիմացե՛ք տառապանքներին ու հալածանքներին, Աստծո հաղթանակը վերջում երաշխավորված է։
Թե ով կգնա երկինք, Աստծո գործն է։ Մեր գործը միմյանց սիրելն ու հոգ տանելն է, իսկ մնացածը թողնենք Աստծուն։ Մեր աղոթքն է. Տե՛ր, ողորմյա՛։
Սրանք ընդամենը մի քանի կետեր են, որոնք ցանկացա կիսել Ձեզ հետ՝ հաշվի առնելով քրիստոնեության անունից տարածվող սարսափելի կրոնական ապատեղեկատվությունը։ Շատ ավելին կա, և հենց այդ պատճառով մենք խոսում ենք Առաքելական ավետարանչության մասին և հուսով ենք, որ Դուք կհետևեք հնագույն ուսմունքներին։
Աղոթե՛ք այն աղոթքը, որը սովորեցրեց մեզ մեր Տեր Հիսուսը. Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո. եկեսցե արքայություն քո. եղիցին կամք քո որպես երկինս և երկրի. զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. և թող մեզ զպարտիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց. և մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ։ Զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս. Ամեն։

2005 Հայր Վազգեն









Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։