Կենդանի ջուր իմ մեքենայից
Արմոդոքսի՝ այսօրվա համար. Կենդանի ջուր իմ մեքենայում
Հրդեհները տարածվեցին Լոս Անջելեսի տարբեր հատվածներում։ Մարդիկ տարհանվեցին իրենց տներից, երբ հարևանությունները կրակի մեջ էին։ Երբ տրվեց «վտանգն անցել է» ազդանշանը, ընտանիքները վերադարձան՝ գտնելու կամ կանգուն մնացած տուն, կամ էլ ամենավատը։ Լրատվամիջոցները շուրջօրյա աշխատում էին՝ հեռախոսով, համակարգչով, ռադիոյով կամ հեռուստացույցով հայտնելով, թե որտեղ և երբ է թույլատրվում մուտք գործել և ինչ ակնկալել այրված տարածքներում։ «Ջրամատակարարումը վտանգված է», «Ծորակի ջուրը մի՛ խմեք», «Խմեք միայն շշալցված ջուր»՝ սրանք էին առաջին նախազգուշացումները, որոնք ուղեկցում էին տուն վերադառնալու թույլտվությանը։
Տունդարձի ճանապարհին՝ լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած, այնքան մտքերով էի տարված, որ չնկատեցի անկյունում կանգնած երիտասարդների խմբին։ Հանկարծ նրանք բացեցին մեքենայիս դուռը և հետևի նստատեղին երկու արկղ ջուր դրեցին։ Տղաներից մեկը հարցրեց՝ արդյոք ցանկանո՞ւմ եմ ևս մեկ արկղ, և նախքան կհասցնեի պատասխանել՝ նախքան կհասկանայի, թե ինչ է կատարվում, նա երրորդ արկղը ևս դրեց մյուսների վրա։
Լույսը դեռ կարմիր էր։ Ես նայեցի վեր։ Ուրախ ու տոնական տրամադրությամբ երիտասարդները պարզել էին «Անվճար ջուր» գրությամբ պաստառներ։ Հարցրեցի, թե ինչ է կատարվում և որտեղի՞ց է այս ջուրը։ Նրանք պատասխանեցին, որ «Կենդանի ջուր» եկեղեցուց են։ Այդ եկեղեցին մեր փողոցից մի փոքր վերև է գտնվում։ Այլ կերպ ասած՝ եկեղեցին ևս վտանգավոր գոտում էր, սակայն նրանց հավատացյալները դուրս էին եկել փողոց՝ իրենց ունեցածով կիսվելու ուրիշների հետ։
Ես հարցրեցի ջրի աղբյուրի մասին և ստացա մի պատասխան, որն ինձ ուղղորդեց դեպի խորը ակունք։ «Կենդանի ջուր» արտահայտությունը վերաբերում է Հովհաննեսի ավետարանի 7-րդ գլխին, որտեղ Հիսուսը հռչակում է. «Եթե մեկը ծարավ է, թող գա Ինձ մոտ և խմի։ Նա, ով հավատում է Ինձ... նրա սրտից կենդանի ջրի գետեր կհոսեն»։ (37-38)
Ջուրը տրվում էր առանց որևէ պայմանի։ Եկեղեցու անունը նրանք հայտնեցին միայն այն պատճառով, որ ես հարցրեցի։ Ասեմ ձեզ, եթե ես եկեղեցի չունենայի, անպայման կմտածեի այնտեղ հաճախելու մասին։ Եվ իրականում, մի օր անպայման կայցելեմ նրանց։ Ի՜նչ գեղեցիկ ժեստ էր։ Սիրտս լցվեց, երբ հիշեցի Տիրոջ խոսքերը. «Ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք... Քանի որ դա արեցիք իմ այս փոքր եղբայրներից մեկին, ինձ համար արեցիք»։
Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի հինգերորդ ժամից մենք աղոթում ենք. «Հոգի Աստծո, ճշմարիտ Աստված, որ իջար Հորդանան գետը և Վերնատունը, որ լուսավորեցիր ինձ Սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղանչեցի երկնքի և Քո առաջ։ Մաքրիր ինձ կրկին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուները մաքրեցին Սուրբ Առաքյալներին։ Ողորմիր Քո արարածներին և ինձ։ Ամեն»։

2025
2025 Առաքյալ
2019 Տեր Վազգեն
2009 Տեր Վազգեն Մովսեսյան
2025 Տեր Վազգեն



2025 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։