Ճիշտ ընտրություն՝ ճիշտ բուժում
Բուժման ճանապարհ՝ Մեծ պահքի ճանապարհորդություն 2014
Օր 20՝ Համապատասխանություն
value=”https://armenianchurchyouthministries.org/audio/audio-player/player.swf” />
Նա շատ անկեղծ էր իր խնդրանքում։ Չէր ցանկանում վիճել բժշկի հետ, սակայն համոզված էր, որ ինքն է
ճիշտ։ Ի վերջո, նա կրթված էր, տեղյակ՝ վերջին միտումներին, շատ էր կարդում և հետևում էր ամենօրյա նորություններին։ Ուստի նա բավականին շփոթվեց, երբ բժիշկը կտրականապես մերժեց իր խնդրանքը։ Չէ՞ որ նա լսել էր, որ մեկ բաժակ կարմիր գինին և սև շոկոլադը օգտակար են սրտի համար։ Նա պարզապես ցանկանում էր դա լսել հենց բժշկի շուրթերից, որպեսզի դա որակվեր որպես դեղատոմս։ Սակայն նրա խնդրանքին բժիշկը պատասխանեց կտրուկ «Ոչ»-ով։
«Բայց ես լսել եմ, որ դա պետք է օգտակար լինի սրտի համար»։
«Գուցե այդպես է,- պատասխանեց բժիշկը,- բայց դա օգտակար չէ հենց Ձեր սրտի համար»։
Նա մտադիր չէր հանձնվել առանց պայքարի։ «Իսկ գուցե մի փոքրիկ չափաբաժի՞ն. ես լսել եմ, որ բժիշկ Օզը խոսում էր այդ մասին իր հաղորդման ժամանակ»։ Նա գործի էր դնում բոլոր հնարավոր փաստարկները։
«Կան բազմաթիվ բաներ, որոնք կարող են օգտակար լինել տարբեր առումներով, սակայն հաշվի առնելով սրտային հիվանդությունների Ձեր պատմությունը և ներկայիս ֆիզիկական վիճակը՝ Դուք չեք կարող ուտել շոկոլադ և չեք կարող խմել գինի»։
Հաշվի առնելով մեր այսօրվա ընտրանին ու հնարավորությունները, ինչպես նաև տեղեկատվության հոսքի ծավալն ու արագությունը՝ մենք բոլորս մի փոքր գիտելիք ունենք ամենատարբեր թեմաների վերաբերյալ։ Հին ասացվածքը՝ «ամեն ինչի վարպետ, ոչնչի գիտակ», այսօր կարելի է վերափոխել՝ «ամեն ինչից տեղյակ, ոչնչի մասնագետ»։ Ակնհայտ է, որ կյանքում ամեն ինչից մի փոքր իմանալը վատ չէ։ Սակայն, եթե մենք տեղեկատվությունը շփոթում ենք գիտելիքի հետ, ապա մեծացնում ենք մեր խոցելիությունը և կարող ենք սկսել հավատալ այնպիսի բաների, որոնք աննշան են կամ նույնիսկ վնասակար մեր ընդհանուր բարեկեցության համար։
Այսօր մենք մեր ճանապարհորդության կեսին ենք։ Այս 20-րդ օրը մենք սովորում ենք, որ մեկ չափսը բոլորին չի համապատասխանում։ Մենք բոլորս նման ենք նրանով, որ բուժման ճանապարհին ենք, և բոլորս տարբեր ենք՝ մեր յուրահատկության և անհատականության շնորհիվ։ Մեր անհատականության մեջ մենք գիտակցում ենք, որ այո, մենք կարող ենք լինել մասնագետ մեկ ոլորտում՝ մեր իսկ անձի։ Չկա ոչ ոք, ով Ձեզ ճանաչում է այնպես, ինչպես Դուք Ձեզ։
Այսօր՝ շաբաթվա կեսին, երբ ճանապարհի կեսը հետևում է, իսկ մյուս կեսը՝ առջևում, եկեք հասկանանք մեր յուրահատկությունը և տոնենք մեր անհատականությունը։ Մինչ այժմ ստացած դասերը պետք է ճկուն դարձնեին մեզ, որպեսզի կարողանանք լինել անկեղծ ու բաց, որպեսզի կարողանանք լինել մեր կյանքի տերը։ Մեր բուժումը կախված է բազմաթիվ գործոններից։ Յուրաքանչյուրիս համար բուժումը կլինի ամբողջական՝ ըստ այն դեղատոմսի, որը գրված է յուրահատուկ կերպով՝ հաշվի առնելով Ձեր քաշը, հասակը, հոգեբանական և ֆիզիկական վիճակը, հուզական և հոգևոր վիճակը, աչքերի գույնը, մատնահետքերի նախշերը, քայլվածքի տեմպը։ Այլ կերպ ասած՝ շնորհակալ եղեք, որ մեկ չափսը բոլորին չի համապատասխանում։
Անհամբերությամբ սպասում եմ վաղը Ձեզ հետ շարունակելու ճանապարհորդության երկրորդ կեսը՝ այս Բուժման ճանապարհին։
Պատրաստել է Սյուզի Շատարևյանը epostle.net-ի համար
Ստացեք «Մեծ պահքի ճանապարհորդություն Տեր Վազգենի հետ» հաղորդումը էլեկտրոնային փոստով
Դիտել iTunes-ում
Այժմ հեռարձակվում է BluBrry-ում




