Ապագայի գիտակցում
Road to Healing – Lenten Journey 2014
Day 35:
Play Now:
Մեր փողոցում մի գուշակ կա, որը ձեռքի ափով է գուշակում: Նրա գործերը բավականին լավ են ընթանում. մարդիկ գալիս են՝ ապագային մի հայացք նետելու համար:
Հայկական սուրճի շուրջ մեծանալով (այո, մեր կողմերում դա է դրա ընդունված անվանումը), ես ծանոթացա սուրճի նստվածքով գուշակելու սովորությանը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել դեռ չապրած կյանքի մասին: Անհայտն անհանգստացնող է և շատ եկամտաբեր: Աստղագուշակությունը միլիարդավոր դոլարների արդյունաբերություն է:
Մի քանի օր առաջ մենք անդրադարձանք մեր կյանքում առկա անհանգստությանը, ապա՝ ռիսկի դիմելու դասերին: Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես անհանգստության սրման և «Բուժման ճանապարհից» հետընթացի բանաձև: Սակայն այսօր եկեք ռիսկի դիմելը դիտարկենք որպես արագացված կյանքի մի մաս: Այս համատեքստում ռիսկը կյանքին անհանգստություն ավելացնելը չէ, այլ անհանգստությանը տրված պատասխանը: Տարօրինակ է հնչում, բայց ես խնդրում եմ Ձեզ մի պահ մտածել այդ մասին: Ապրելով՝ Դուք իրականում դեմ առ դեմ պատասխանում եք անհանգստությանն ու վախին: Դուք այժմ վերահսկում եք Ձեր սեփական կյանքը: Ձեր կյանքում տեղի ունեցողը կախված չէ արտաքին ուժերից:
Ապագան կանխատեսելու գրավիչ կողմերից մեկն այն է, որ այն նվազեցնում է պատասխանատվությունը: Եթե Ձեր ճակատագիրն արդեն կանխորոշված է, ապա Դուք ստիպված չեք լինում պատասխանատվություն կրել Ձեր կյանքի համար: «Աստղերն այդպես էին դասավորվել», «Ափիս մեջ էր գրված», «Քարտերն այդպես դուրս եկան»՝ սրանք բոլորն էլ հարմար պատրվակներ են, ճիշտ այնպես, ինչպես՝ «Սատանան ստիպեց ինձ դա անել»:
Մենք բուժում ենք փնտրում մեր հիվանդությունների և խնդիրների համար, որովհետև հիվանդությունը մեզանից խլել է կյանքի համար պատասխանատվությունը: Գուցե խոսքը քարտերի, ափերի կամ աստղերի մասին չէ, այլ քաղցկեղի, կախվածության, բնավորության, զայրույթի և գեների: Սա մեղքը ուրիշի վրա բարդելու միջոց է: Ես մեղավոր չեմ իմ հիվանդության համար… իմ զայրույթը, իմ գեները, իմ հորմոնները, իմ անհատականությունը խեղաթյուրված են, և ես պատասխանատու չեմ: Բայց մենք այստեղ ենք բուժման համար, ուստի ցանկանում ենք պատասխանատվություն ստանձնել մեր կյանքի համար, և դա սկսվում է այսօր կյանքում մեր տեղի համար պատասխանատվություն ստանձնելով:
Կրոնը պատասխանատվության գլխավոր սպանողներից մեկն է: Ցավոք, կրոնը, հատկապես արևմտյան տեսակները, իր մեջ պարունակում է ապագայի կանխատեսման տարր, և կրոնի հետևորդները զրկում են իրենց վաղվա օրն ապրելու իրավունքից՝ կառչելով կանխորոշվածության մի կտորից և մտահոգվելով վերջին ժամանակներով:
Օրինակ՝ քրիստոնեության մեջ գոյություն ունի վերջին դատաստանի հասկացությունը, որը կապված է Քրիստոսի «Երկրորդ գալստյան» հետ: Կան մարդիկ, որոնք հաշվարկում, ենթադրում և սպասում են այդ օրվան, ճիշտ այնպես, ինչպես նրանք, ովքեր սպասում են, որ ինչ-որ մեկը հոգա իրենց հիվանդությունների և խնդիրների մասին: Մինչդեռ կյանքն անցնում է:
Ինձ հետաքրքրել է Երկրորդ գալստյան վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու ըմբռնումը, քանի որ շեշտը դրված է ոչ թե վաղվա, այլ այսօրվա վրա: Այն հանդիպում է Գալստյան տոնի օրվա ընթերցվածքներում: Հիսուսին փորձության են ենթարկում՝ բացահայտելու մեծագույն պատվիրանը: Նրա պատասխանն է. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ: Սիրի՛ր մերձավորիդ քեզ պես: Դրանցից ավելի մեծ պատվիրան չկա»:
Պատկերացրե՛ք: Մենք հենց նոր լսեցինք դա Քրիստոսից: Պատվիրանը այսօրվա համար է: Վաղվա օրն իր հոգսերն ունի, կենտրոնացե՛ք այսօրվա վրա: Երկրորդ գալստյանը պատրաստ լինելու լավագույն միջոցը Առաջին գալստյան պատգամով ապրելն է: Այն է՝ Սեր:
Երբ Դուք սիրում եք, Դուք վերահսկում եք Ձեր կյանքը: Դուք վերականգնում եք պատասխանատվությունը: Կյանքը նախատեսված է ապրելու և սիրով լցվելու համար:
Այսօր մենք վերահսկում ենք մեր կյանքը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր հիվանդության համար և հասկանալով, որ մեզանից շատ պարզ բան է պահանջվում: Վաղվա օրը և ապագան կարող են լինել կամ չլինել, բայց այսօրը իրական է: Օրն ապրելու համար անհրաժեշտ միակ պայմանը սիրելն է և սիրելը՝ առանց սահմանափակումների:
Եկեք աղոթենք Սուրբ Ներսեսի 13-րդ ժամի աղոթքը
Երկնավոր Թագավոր, շնորհի՛ր ինձ Քո արքայությունը, որ խոստացել ես Քո սիրելիներին. զորացրո՛ւ սիրտս՝ ատելու մեղքը, սիրելու միայն Քեզ և կատարելու Քո կամքը: Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս:
Սա Տեր Վազգենն է, որը հրավիրում է Ձեզ վաղը կրկին միանալ ինձ, երբ մենք շարունակենք մեր ճանապարհը դեպի բուժում:
Պատրաստեց Սյուզի Շատարևյանը https://epostle.net կայքի համար
Ստացեք «Մեծ պահքի ուղևորություն Տեր Վազգենի հետ» հաղորդումը էլեկտրոնային փոստով
Դիտել iTunes-ում
Այժմ հնչում է BluBrry-ում







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։