Նախաբան. Բուժման գործընթացը
Հիսուսը եղել է և մնում է բուժող։ Նա եկավ որպես բուժող։ Նրա կատարած բուժումների քանակը համեմատաբար նշանակություն չունի. այն, թե Նա բուժեց մեկ անհատի, թե ողջ մարդկությանը, երկրորդական է Նրա բուժման որակի համեմատ։ Նա բուժում է լիարժեքորեն։
Վերջին շրջանում ես խորհում եմ բուժման գաղափարների շուրջ։ Չեմ կարող ժխտել, որ սկզբնական հարցերը ծագեցին իմ անձնական խնդիրների պատճառով։ Քաղցկեղը հաղթահարելուց հետո ինձ համար դժվար է կյանքը պատկերացնել առանց սպիների։ Քաղցկեղը հաղթահարելուց հետո ինձ համար դժվար է մտածել կյանքի մասին՝ առանց միաժամանակ մտածելու հիվանդության ցավը և հետքերը հաղթահարելու մեր կարողության մասին։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ունեցել եմ արթնացման և պարզության բազմաթիվ խորը պահեր։ Բուժման թեման անընդհատ ուղեկցել է ինձ և իմ բոլոր գործերին։ Բուժումը միահյուսված է եղել քահանայական իմ կոչմանը, սակայն վերջերս ես հասկանում եմ, որ այն քահանայության հիմքում է։ Հիսուսը բուժեց կույրերին, խուլերին և կաղերին։ Նա բուժեց նաև մեղավորին։ Նա բոլորին հնարավորություն տվեց առավելագույնի հասցնել իրենց ներուժը՝ որպես կենդանի ու շնչող մարդկային էակներ։ Հավաքականի՝ մարդկության համար Նա ապահովեց լիարժեք բուժում, և այդպիսով, սիրո զգոն ու անզիջում պատգամի միջոցով, տվեց խաղաղության բանաձևը։ Որպես Քրիստոսի աշակերտ՝ քահանան կոչված է անելու նույնը։ Հավաքականորեն՝ Եկեղեցին՝ որպես Քրիստոսի Մարմին, չի կարող անել ոչինչ, բացի բուժելուց։ Ֆիզիկական, հուզական, հոգևոր՝ քանակն ու ձևը նշանակություն չունեն, կարևորը որակն է։ Բուժումը պետք է լինի լիարժեք և տևական։
Մի քանի շաբաթ առաջ ես լուսավորիչ զրույց ունեցա մի ընկերոջս հետ, որն իմ մեջ արթնացրեց առաջընթացը որպես բուժման միջոց դիտարկելու գաղափարը։ Այդ քննարկումը պարզություն տվեց և միաժամանակ՝ զարմանք։ Արդյո՞ք առաջընթացը բուժման միջոց է, թե՞ իսկապես միակ միջոցը։ Այսինքն՝ եթե Դուք չեք առաջադիմում՝ չեք շարժվում առաջ, չեք զարգանում, ի՞նչ եք անում, եթե ոչ՝ քայքայվում։ Կենդանի էակները փոխվում են, որովհետև զարգանում են։ Մեռած էակները փոխվում են, որովհետև քայքայվում են։
Այս վարժությունը, որը մենք անվանում ենք «Արմոդոքսի» (Armodoxy), հենց այդ առաջընթացի մասին է, հետևաբար՝ նաև բուժման։ Այն քայքայումը մերժելու մասին է։ Այն մեր կյանքում Հավատքն իրական դարձնելու մասին է։
Հայ Առաքելական Եկեղեցու բուժման աղոթքը սկսվում է այսպես. «Փարաեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ…»։ Թարգմանաբար՝ «Ցրիր ցավերը և բուժիր քո ժողովրդի հիվանդությունները…»։ Ցրելու և բուժելու բայերի հետ մեկտեղ՝ աղոթքը նաև հռչակում է, որ հիվանդությունն ու ցավը «մերժված» են։ Չարի դեմ մերժելու և ըմբոստանալու այդ հնարավորությունը յուրաքանչյուրին տրված զորություն է։ Մենք պետք է բացահայտենք այդ զորությունը մեր ներսում։





Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։