Անառակ որդին – 50 օրից 14-րդ օրը
Արմոդոքսի (Armodoxy) այսօրվա խորհուրդը. Անառակ որդին – Մեծ պահքի 14-րդ օրը
Հիսուսն ուսուցանում էր առակների միջոցով։ Դրանք այնքան դիպուկ են և իմաստով հագեցած, որ գիտնականները, ուսուցիչներն ու քարոզիչները մշտապես վերլուծել և մարտահրավեր են նետել իրենց ու ուրիշներին՝ պատմությունների իրենց մեկնաբանություններով։ Հիսուսը ներկայացնում էր առակները՝ պարզապես պատմելով դրանք։ Մեզ հայտնի չէ, թե արդյոք Նա մեկնաբանել կամ հավելյալ բացատրություններ տվել է դրանց վերաբերյալ։ Եթե նույնիսկ տվել է, ապա, բացառությամբ մի քանի դեպքի, դրանք չեն պահպանվել Ավետարանի պատումներում։
Մեծ պահքի այս կիրակին հայտնի է որպես Անառակ որդու կիրակի. առակ, որն արձանագրված է Ղուկասի Ավետարանի տասնհինգերորդ գլխում։ Հաստատապես հավատում եմ, որ եթե Հիսուսի ժամանակներից մեզ հասած լիներ միայն այս մեկ առակը, ապա այն բավական կլիներ բացատրելու Աստծո հետ մեր ունեցած հարաբերությունները և մեր հանդեպ Նրա սիրո չափը։
Հիսուսն այսպես է պատմում առակը. Մի մարդ ուներ երկու որդի։ Կրտսերը հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր ինձ հասանելիք բաժինը»։ Եվ հայրը բաժանեց նրանց իր ունեցվածքը։ Ոչ շատ օրեր անց կրտսեր որդին հավաքեց ամեն ինչ, ճամփա ընկավ դեպի հեռավոր մի երկիր և այնտեղ անառակ կյանքով վատնեց իր ունեցվածքը։ Երբ նա ամեն ինչ ծախսեց, այդ երկրում սաստիկ սով ընկավ, և նա սկսեց կարիք զգալ։ Ապա գնաց ու [աշխատանք գտավ մի մարդու մոտ, որը] նրան ուղարկեց իր արտերը՝ խոզերին կերակրելու։ Նա կցանկանար իր փորը լցնել այն պտուղներով, որոնք ուտում էին խոզերը, բայց ոչ ոք նրան ոչինչ չէր տալիս։ Երբ ուշքի եկավ, ասաց. «Իմ հոր քանի՞ վարձկաններ հացի առատություն ունեն, իսկ ես սովից մեռնում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ և ասեմ նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես ընդունիր”»։
Եվ նա վեր կացավ ու եկավ իր հոր մոտ։ Մինչ նա դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան, գթաց, վազեց, փաթաթվեց նրա վզին ու համբուրեց նրան։ Որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։
Բայց հայրը իր ծառաներին ասաց. «Շտապ բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանի դրե՛ք նրա մատին և կոշիկներ՝ ոտքերին։ Բերե՛ք պարարտ հորթը և մորթե՛ք, կերակուր պատրաստե՛ք և ուրախանանք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ Եվ սկսեցին ուրախանալ։
Այսպիսին է Անառակ որդու պատմությունը։ Այո՛, ճիշտ լսեցիք, այդ մարդը երկու որդի ուներ։ Առաջիկա օրերին կպատմեմ մյուս որդու մասին՝ դիտարկելով այս հզոր առակի տարրերը։ Այսօր ցանկանում էի, որ այն լսեք հենց այնպես, ինչպես գրված է Ավետարանում։
Ձեր ողորմության գործը թող լինի խորհելը այս պատմության շուրջ և այն մասին, թե ինչու է այն ներկայացվում Մեծ պահքի ընթացքում։ Այսօր զերծ մնացեք ավելորդ վերլուծություններից։ Եվ փորձեք ստորև բերված բաղադրատոմսով պատրաստված թթու-կծու կաղամբը։
Աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու հետ՝ նրա երրորդ ժամի աղոթքից. Երկնավոր Հայր, ճշմարիտ Աստված, Ով ուղարկեցիր Քո սիրելի Որդուն՝ մոլորված ոչխարին փնտրելու։ Մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ։ Ընդունիր ինձ Անառակ որդու պես և հագցրու ինձ անմեղության պատմուճանը, որից զրկվեցի մեղքի պատճառով։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։
Պահքի բաղադրատոմսեր սարկավագ Վարուժանից. Բաղադրատոմս 14. Թթու-կծու կաղամբ

2025 Տեր Վազգեն

2023 Առաքյալ


2025 Տեր Վազգեն
2025 Տեր Վազգեն
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։