Պարզություն – DM#1
Արմոդոքսին այսօր՝ Տեր Վազգենի հետ
Օրվա պատգամ #1. Պարզություն
Հիսուսը «թվիթեր» է արել։ Սա ո՛չ կատակ է, ո՛չ էլ ձեզ ցնցելու կամ Հիսուսին ժամանակակից դարձնելու փորձ։ Աստված մի արասցե։ Հիսուսն ու Նրա պատգամը միշտ ժամանակակից են, հետևաբար՝ նաև արդիական մեզ համար։ «Հիսուսը թվիթեր է արել» արտահայտությունը պարզապես ժամանակակից եզրույթ է՝ նկարագրելու համար այն շատ արդյունավետ միջոցը, որով Հիսուսը հաղորդակցվում էր մեզ հետ։ Նրա պատգամները հակիրճ էին, պարզ և դիպուկ։
«Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը միայնակ կմնա». սա մի «թվիթ» է։ (Հովհաննես 12:24)
«Իմ ընտանիքը նրանք են, ովքեր լսում են Աստծո խոսքը և կատարում այն». ևս մեկ «թվիթ»։ (Մատթեոս 12:50)
«Ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց արե՛ք» և «Սիրե՛ք ձեր թշնամիներին, աղոթե՛ք ձեզ հալածողների համար». ահա ևս երկու օրինակ։ (Մատթեոս 7:12, Մատթեոս 5:44)
Երբ Twitter-ը նոր էր հայտնվել, օգտատերերը սահմանափակված էին 140 նիշով՝ միտք կամ պատգամ արտահայտելու համար։ Այժմ սահմանաչափը կրկնապատկվել է՝ հասնելով 280 նիշի, սակայն պատգամը պարզեցնելու մարտահրավերը մնում է օգտատիրոջը։ Մեզ հրավիրում են նույնն անել մեր հավատքի հետ՝ գտնել Աստծո ձայնը ամենապարզ արտահայտության մեջ։ Ծաղկի թերթիկը, երեխայի ժպիտը կամ կարիքավոր ընկերոջ ձեռքը Արմոդոքսիի մեկնակետերն են։
Հիսուսն ասաց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին գալ ինձ մոտ... քանզի նրանցն է երկնքի արքայությունը»։ (Մատթեոս 19:14)
Աղոթենք առաջին և ամենապարզ աղոթքը, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իմանա. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ»։ Ամեն։







Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։