Պահք՝ սննդից անդին. Մեծ պահքի 5-րդ օր
Օր 5. Խորը պահք
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 5. Ջնարակած քաղցր կարտոֆիլ՝ լոռամրգով և պեկան ընկույզով։
Մինչ մոտենում ենք Մեծ պահքի մեր առաջին շաբաթվա ավարտին, հիշեցրեք Ձեզ, որ Ձեր ձեռքբերումներն ու անհաջողությունները մնացել են անցյալում։ Եթե Դուք պահք եք պահում, և Ձեր աղոթքի ու ողորմության շրջափուլերն ավելացել են, ապա դրանք այն ձեռքբերումներն են, որոնք պետք է քաջալերեն Ձեզ՝ շարունակելու և ավելի ամրապնդվելու գալիք շաբաթներին։ Եթե շեղվել եք Ձեր նպատակներից, ապա այս ժամանակահատվածը դիտարկեք որպես փոփոխության խթան։ Մարտահրավեր նետեք Ձեզ՝ վերակենտրոնանալու և վճռականությամբ լցվելու՝ առաջիկա շաբաթներին լավատեսությամբ դիմակայելու համար։Այսօր մենք կխոսենք խորը պահքի մասին, այսինքն՝ սննդից զատ պահքի։ Սուրբ Գրքում մենք կարդում ենք Ղուկասի Ավետարանից մի հատված, որն ասում է. «Հիսուս կանչեց ժողովրդին և ասաց նրանց. «Լսե՛ք և հասկացե՛ք. ոչ թե այն, ինչ մտնում է բերանը, պղծում է մարդուն, այլ այն, ինչ դուրս է գալիս բերանից, այն է պղծում մարդուն»»։
Այստեղ հնչող պատգամը խիստ է։ Շատ հաճախ, հատկապես Մեծ պահքի ընթացքում, մենք տարվում ենք կյանքի բոլոր օրենքներով ու կանոնակարգերով, կյանքի «արելիքներով» ու «չարելիքներով»։ Խուսափե՛ք մսից, մի՛ խմեք կաթ և այլն։ Մենք ժամանակ ենք ծախսում սխալ հարցեր տալու վրա. արդյո՞ք պետք է հրաժարվենք այս տեսակի մսից կամ այն տեսակի սննդից։ Կանոններին ու կարգերին հետևելու փոխարեն՝ մենք պետք է ուսումնասիրենք այդ կանոնների պատճառները։ Այսինքն՝ մենք պետք է ուղղորդենք մեզ դեպի Մեծ պահքի բուն նպատակը։
Մեծ պահքը, ինչպես սովորել ենք, պարզեցման ժամանակ է՝ ամեն ինչ հիմնականին հասցնելու և կյանքի համար անհրաժեշտը գտնելու ժամանակ։ Մենք հրաժարվում ենք որոշակի սննդամթերքից՝ մսից և կենդանական ծագման մթերքներից՝ պարզեցմանը հասնելու համար։ Այսօր մենք մի քայլ առաջ կգնանք՝ սկսելով հրաժարվել ավելի էական բաներից։ Մենք կկենտրոնանանք այն բաների վրա, որոնք պղծում են մեզ, կամ, ինչպես Հիսուսն է ասում՝ «...ոչ թե այն, ինչ մտնում է մեր օրգանիզմ, այլ այն, ինչ դուրս է գալիս մեր օրգանիզմից»։
Որո՞նք են այն բաները, որոնք դուրս են գալիս մեր օրգանիզմից և արդյո՞ք դրանք պղծում են մեզ։ Կա՞ն արդյոք խոսքեր կամ զգացմունքներ, որոնք կործանում են մեզ, որոնք բառացիորեն սպանում են մեզ և մեր շրջապատի մարդկանց։ Ես խոսում եմ զայրույթի և ատելության այն դրսևորումների մասին։ Իսկ ի՞նչ կասեք հուսահատության և դժգոհության մասին։ Սրանք բոլորն այնպիսի զգացմունքներ են, որոնք քայքայում են մեզ։ Դրանք խզում են մեր սիրելի մարդկանց հետ ունեցած կապերը։ Դրանք պղծում են մեզ։ Դրանք թունավորում են մեր օրգանիզմն ու մեր կյանքը։ Դրանք խանգարում են մեզ դառնալ այն ամենը, ինչ կարող ենք և պետք է լինենք։
Ինչպես գիտենք, մեր արտաբերած խոսքերը կարող են կործանել մեզ։ Հայերի շրջանում կա մի արտահայտություն, որ սրից ստացված վերքը կլավանա, բայց լեզվից ստացված վերքը երբեք չի լավանում։
Մտածե՛ք այն խոսքերի մասին, որոնք օգտագործել եք շտապողականությամբ, գուցե զայրույթի պահին։ Մտածե՛ք այն արտահայտությունների մասին, որոնք բաժանել են Ձեզ ընկերներից կամ գուցե ընտանիքից։ Որոշ խոսքեր նույնիսկ կործանել են ուրիշներին։ Կամովին կամ գուցե անկամ, այդ փոքրիկ խոսքերը դուրս են եկել Ձեր բերանից, և Դուք ցավեցրել եք ուրիշներին։ Ցավոք, հաճախ Դուք վերջում ցավեցնում եք նրանց, ում ամենաշատն եք սիրում։ Գուցե դա այն պատճառով է, որ մենք կարծում ենք, թե նրանք, ովքեր սիրում են մեզ, կհանդուրժեն մեզ և կհաշտվեն մեր հետ։ Ինչ էլ լինի պատճառը, երբ մենք ցավեցնում ենք ուրիշներին, մենք կործանում ենք հարաբերություններ, և այդպիսով՝ կործանում ենք Աստծո հետ մեր հարաբերությունը։
Իրականում, Մատթեոսի Ավետարանի Լեռան քարոզում Հիսուսը հատկապես շեշտում է այս կետը. «Լսել եք, որ ասվեց՝ մի՛ սպանիր, բայց Ես ասում եմ ձեզ, եթե Դուք զայրույթ ունեք Ձեր եղբոր հանդեպ, ապա մեղավոր եք այդ սպանության մեջ»։ Այսքանը։ Քրիստոսը մեզ աներկբա ասում է, որ քրիստոնյայի կյանքում տեղ չկա զայրույթի, ատելության, պառակտիչ զրույցների և նույնիսկ այն մտքերի համար, որոնք հանդիսանում են այդ գործողությունների հիմքը։
Այժմ, երբ Դուք ազատվում եք չար մտքերից, որոնք տանում են դեպի չար գործողություններ, Դուք պետք է դրանք փոխարինեք այն միակ մտքով, որը բավականաչափ հզոր է այդ մտքերը հեռու պահելու համար։ Այդ ուժը գալիս է սիրուց։ Սերը կյանքի այն միակ բաղադրիչն է, որը կարող է հաղթահարել մեզ բաժանող և կործանող մտքերն ու խոսքերը։
Առանց սիրո ի՞նչ իմաստ կամ նպատակ կարող է ունենալ մեր գոյությունը։ Սերը կյանքի անհրաժեշտ բաղադրիչն է։ Թեև այն մեր գոյության բնական տարրն է, այսինքն՝ այն գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի մեջ, այնուամենայնիվ, այն պետք է մշակվի և խնամվի։ Մեծ պահքի այս շրջանում մենք հիանալի հնարավորություն ունենք հենց դա անելու։ Մեր կյանքում սիրո զգացմունքը մշակելով և խնամելով՝ մենք ձեռք ենք բերում անհրաժեշտ սովորություն՝ Մեծ պահքից դուրս կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Մինչ պահեցողությունն ու սահմանափակումները Մեծ պահքի ճանապարհորդության մի մասն են, հավատացյալի համար ավելի մեծ խնդիրը սերը գործադրելն է և ներդաշնակ լինելը ընտանիքի, ընկերների, բնության, շրջապատի, աշխարհի և, ի վերջո, ողջ տիեզերքի՝ այսինքն՝ Աստծո հետ։
Աղոթե՛նք։
Ամենախնամ Տեր, Քո սուրբ երկյուղը դիր իմ աչքերի առաջ որպես պահապան, որպեսզի դրանք շնությամբ չնայեն, իմ ականջների առաջ, որպեսզի դրանք չհաճեն չար խոսքեր լսել, իմ բերանի առաջ, որպեսզի այն սուտ չխոսի, իմ սրտի առաջ, որպեսզի այն չար բան չմտածի, իմ ձեռքերի առաջ, որպեսզի դրանք անիրավություն չգործեն, իմ ոտքերի առաջ, որպեսզի դրանք անիրավության ուղիներով չքայլեն։ Այլ ուղղի՛ր դրանք, որպեսզի միշտ Քո բոլոր պատվիրաններին համապատասխան լինեն։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» 9/24)


