Ակնկալում
Ակնկալիքը փոքր-ինչ տարբերվում է սպասումից։ Երեկ մենք խոսեցինք սպասումների և այն հիասթափության մասին, որն առաջանում է, երբ սպասումները չեն իրականանում։
Հիսուսի աշակերտները և վաղ քրիստոնեական համայնքը ակնկալում էին աշխարհի անմիջական վախճանը։ Այդ ակնկալիքի մեջ նրանք տեսնում էին Հիսուսին, որը վերադառնում է լիակատար զորությամբ՝ ամեն ինչ կարգի բերելու և «կարգուկանոնը» վերականգնելու համար։ Այն հիասթափությունը, որը նրանք զգացին, երբ ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես իրենք էին ցանկանում, ավելի սրվեց, քանի որ նրանց ակնկալիքը վերածվել էր սպասումի։
Դուք կարող եք ակնկալել այնքան, որքան ցանկանում եք, և չեք հիասթափվի, քանի դեռ արդյունք չեք սպասում։ Երբ դիտում եք ֆիլմ կամ կարդում գիրք, և կեսից անցնում եք, դուք ակնկալում եք վերջաբանը։ Եթե այն այլ կերպ է ավարտվում, «հիասթափություն» բառը տեղին չէ սյուժետային շրջադարձը նկարագրելու համար։ Սակայն, երբ դուք կոնկրետ վերջաբան եք սպասում, հենց հիասթափությունն եք զգում, երբ այն այլ կերպ է ավարտվում։
Սա կարող է աննշան կամ մանրուք թվալ, սակայն ակնկալիքի և սպասումի միջև տարբերությունը անհետևանք չէ։ Սպասումը ենթադրում է վերահսկողություն։ Դուք կարող եք ակնկալել որևէ բան կամ իրադարձություն, բայց երբ սպասում եք նույն իրադարձությանը, դուք արտահայտում եք մի ցանկություն, որը կապված է ձեր սեփական միջոցների հետ։
Այս հինգշաբթի մենք տոնում ենք Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձումը։ Համբարձման նախօրեին Հիսուսը աշակերտներին խնդրում է ակնկալել Հոր խոստումը, սակայն նրանք սպասում են այլ բանի...
Առաքյալների գործերում մենք կարդում ենք. «Եվ նրանց հետ հավաքված՝ պատվիրեց նրանց չհեռանալ Երուսաղեմից, այլ սպասել Հոր խոստմանը, որը, - ասաց Նա, - լսեցիք Ինձնից. որովհետև Հովհաննեսը մկրտեց ջրով, իսկ դուք Սուրբ Հոգով պիտի մկրտվեք ոչ շատ օրերից հետո»։
Եվ նրանք, հավաքվելով, հարցրին Նրան ու ասացին. «Տե՛ր, այս ժամանակներո՞ւմ ես վերականգնելու Իսրայելի թագավորությունը»։ Իսկ Նա ասաց նրանց. «Ձեր գործը չէ իմանալ ժամանակները կամ ժամկետները, որ Հայրը դրեց Իր իշխանության մեջ։ Բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին իջնի Ձեզ վրա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»։ (Գործք 1)
Հիսուսը մեզ կանչում է Աստծուն վստահելու կյանքի, այնքան վստահելու, որ կարողանանք ակնկալել օրհնված լինել Նրա ներկայության մեջ։ Վստահե՛ք Աստծուն և ակնկալե՛ք Նրա բարությունը։ Համբարձման այս նախօրեին Դուք հնարավորություն ունեք քննելու Ձեր զգացմունքները և, անհրաժեշտության դեպքում, ուղղելու ինքներդ Ձեզ՝ ակնկալիքի ուրախության մեջ մնալու համար։ Ամեն ինչ կատարվում է Աստծո ժամանակով։ Լսե՛ք Աստծո խոսքը և մի՛ փորձեք դրա մեջ կարդալ Ձեր սեփական ցանկությունները։


