Գիտելիք
Արմոդոքսի՝ այսօրվա համար. Գիտելիք
Երբ Տեր Գրիգորը իմացավ, որ իր որդին Դաունի համախտանիշ ունի, նա սկսեց տեղեկություններ փնտրել: Դա նրան անակնկալի բերեց, ինչպես հազարավոր ծնողների, որոնք բախվում են այս իրականությանը: Բարեբախտաբար, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում գոյություն ունեն աջակցության խմբեր Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողների և ընտանիքների, ի վերջո՝ հենց երեխաների համար: Սակայն Հայաստանում Տեր Գրիգորն ու իր կինը իրենց մենակ զգացին: Ոչ միայն աջակցություն չկար, այլև ոչ ոք չէր խոսում Դաունի համախտանիշի մասին:
Իմ անձնական փորձից ասեմ՝ մի քանի տարի առաջ մեր ծխական ընտանիքներից մեկը խնդրեց ինձ կատարել իրենց երեխայի հոգեհանգստի կարգը: Ես ցնցված էի: Ես լավ էի ճանաչում այդ ընտանիքին: Մի քանի անգամ եղել էի նրանց տանը: Շատ զրույցներ էի ունեցել ընտանիքի հոր հետ, որին մտերիմ ընկեր էի համարում, և այնուամենայնիվ, երբ նրանք զանգահարեցին և տեղեկացրին, որ իրենց 40-ամյա դուստրը մահացել է, ես գաղափար անգամ չունեի՝ զրո, որ նրանք դուստր ունեն: Նա Դաունի համախտանիշ ուներ, և նրանք երբեք չէին խոսում նրա մասին, ոչ էլ բերում էին եկեղեցի կամ համայնքային միջոցառումների: Ես իմացա, որ Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, Դաունի համախտանիշ ունեցող երեխա ունենալը ուղեկցվում է խարանով և ամոթով: Եվ այսպես, ծնողները թաքցնում էին իրենց՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխային: Առնվազն այս կոնկրետ դեպքում ես առաջին ձեռքից գիտեմ, որ նրանք հենց այդպես էին վարվել:
Տեր Գրիգորը չէր պատրաստվում հանդուրժել դա: Սա իր որդին էր, և նա հպարտանում էր նրանով: Նա ինքնակրթվեց Դաունի համախտանիշի, դրան հանգեցնող քրոմոսոմի հավելյալ պատճենի և երեխաների խնամքի վերաբերյալ: Բայց դա բավարար չէր Տեր Գրիգորի համար, քանի որ նա գիտեր, որ այլ ծնողներ ևս պետք է որ պայքարեն նույն իրավիճակի դեմ, ուստի նա հավաքեց Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին: Նա նրանց անվանեց «Արև» երեխաներ և թույլ տվեց նրանց փայլել:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցով տարածք հատկացրեց այս երեխաների համար: Երևանի կենտրոնում դուք կգտնեք «Արև» երեխաների կենտրոնը, որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են խորհրդատվություն և կրթություն: Շուրջ 200 երեխա է օգտվում այս կենտրոնից: Մենք այցելեցինք նրանց կենտրոնում: Նրանք բանաստեղծություններ արտասանեցին, պարեցին, երաժշտություն նվագեցին մեզ համար և, ամենակարևորը, տվեցին մեզ Աստծո պարգևը՝ գրկախառնությունների և ժպիտների տեսքով:
Տեր Գրիգորը տեղեկություններ փնտրեց և կրթվեց այս երեխաների մասին, որոնք դարձան իր երեխաները, և այդպիսով նա կոտրեց այն կապանքները, որոնք շղթայված էին պահում այս երեխաներին՝ հին մտածելակերպի տգիտությունը, ազատելով նրանց և նրանց ընտանիքներին՝ վայելելու կյանքի լիությունը: Նա կիսվեց այդ գիտելիքով ուրիշների հետ: Նա տգիտության խավարից անցավ գիտելիքի լույսի մեջ:
Հիսուսը եկավ այս աշխարհ՝ մեզ բոլորիս Աստծո գիտելիքը բերելու համար: Մինչ Քրիստոսը մարդիկ ապրում էին խավարի մեջ, քանի որ վախենում էին ապրել: Նրանք կարծում էին, թե Աստծո Արքայությունը պատկանում է միայն ընտրյալների խմբի: Հիսուսը կոտրեց այն կապանքները, որոնք մարդկանց շղթայված էին պահում հին մտածելակերպին, և ազատեց նրանց՝ «կյանք ունենալու և այն առատությամբ ունենալու» համար (Հովհաննես 10:10): Նա բոլորին, առանց բացառության, բերեց Աստծո գիտելիքը՝ հայտնելով Իր Աստվածությունը. «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը» (Հովհաննես 14:9): Աստծո գիտելիքը ձեռք է բերվում Հիսուս Քրիստոսին ճանաչելով:
Արև երեխաները ծնված են Լույսի մեջ և նրանք լույս են սփռում: Վաղը, երբ շարունակենք, նրանք կկիսվեն այդ լույսով մեզ հետ:
Աղոթենք. Տե՛ր Հիսուս, Դու ես Աշխարհի Լույսը: Այդ լույսի մեջ մենք Քեզ ճանաչելու հնարավորություն ունենք: Դու մեզ սովորեցրիր, որ եթե ապրենք Լույսի մեջ, խավարը երբեք չի հաղթի մեզ: Շողացրո՛ւ Քո Լույսը մեր վրա, որպեսզի կարողանանք ճանաչել Քեզ և մեզ շրջապատող հրաշքները: Ամեն:


