Երկիր երկու խաչերի արանքում
Արմոդոքսիան այսօր. Խաչի և անկախության հեգնանքը
Քրիստոսի Խաչը փառաբանող երկու տոների միջև ընկած է Հայաստանի անկախության տարեդարձը։ Անցյալ կիրակի Խաչվերացի տոնն էր, իսկ հաջորդ կիրակի Վարագա Սուրբ Խաչի տոնն է։
Հայաստանը ցամաքով շրջափակված երկիր է։ Այն շրջապատված է թշնամական հարևաններով, որոնցից ոմանք բացահայտ հայտարարում են Հայաստան երկիրը և նրա ժողովրդին վերացնելու իրենց ցանկության մասին։ Իր տարածքի և բնակչության չափերի համեմատ՝ Հայաստանն ունի լավ կազմակերպված սփյուռք, այնուամենայնիվ, երկրի բնակչությունը փոքր է՝ երեք միլիոնից պակաս։
Թեև Հայաստանը գուցե չունի ռազմական հզորություն կամ ռազմավարություն, այն գոյատևել է բոլոր դժվարությունների՝ վտանգի, բարբարոսության, աքսորի, կոտորածների և նույնիսկ ցեղասպանության դեմ հանդիման։ Նրա գոյատևման ռազմավարությունը արմատավորված է Խաչի մեջ։ «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ,- ասում է Հիսուսը,- թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և հետևի Ինձ»։ (Ղուկաս 9:23)
Խաչը զոհաբերության խորհրդանիշ է։ Խաչի պատգամի մեջ Դուք հասկանում եք, որ Աստված Ձեզ այնքան է սիրում, որ անընդհատ օրհնում է Ձեզ։
Պայքարը կյանքի մի մասն է, ուստի Խաչը լիարժեք կյանքի խորհրդանիշն է։ Ձեր քրիստոնեական ինքնությունը կրում է պատասխանատվություններ, որոնք հիմնված են զոհաբերության վրա։ Ուրիշների համար ապրած կյանքը ամենալիարժեք կյանքն է, քանի որ եսասիրությունը զսպված է։ Երբ եսասիրությունը ճանապարհից հեռանում է, Աստված գործելու տեղ է ունենում։ Աստծո օգնությամբ Դուք կարող եք հաղթահարել Ձեր բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Աստված Ձեզ չի լքի։ «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ»,- գրում է Սուրբ Պողոսը։ (Հռոմեացիներին 8:31)
Քրիստոսին հագած քրիստոնյան չի կարող հրաժարվել դժվարություններից։ Հեգնանքն այն է, որ անկախության համատեքստում քրիստոնյան այլ ընտրություն չունի, քան օգնել տառապյալներին, հիվանդներին և կարիքավորներին։ Այստեղ է, որ քրիստոնյան հասկանում է ճշմարիտ անկախությունը՝ ուրիշներին ծառայելու մեջ։
Ռազմական ռազմավարությունները կարող են դասակարգվել որպես խիստ գաղտնի, սակայն ես կիսվում եմ գոյատևման այս ռազմավարությամբ, քանի որ այն երբեք գաղտնի պահելու համար չի նախատեսվել։ Ընդհակառակը, այն նախատեսված է ավետարանելու, այսինքն՝ տարածելու համար։
Մենք աղոթում ենք (Հայոց եկեղեցու Ժամագրքից). Քրիստոս, հավատացյալների պաշտպան և պահապան, պահպանիր և փրկիր մեզ Քո Սուրբ և Պատվական Խաչի հովանու ներքո խաղաղությամբ։ Ազատիր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից։ Եվ մենք փառավորում ենք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին։ Ամեն։


