Ավագ հինգշաբթի – Խավարում
Արմոդոքսին այսօր՝ Ավագ հինգշաբթի – Խավարում
Ավագ հինգշաբթին հիշատակվում է որպես այն գիշերը, երբ Վերջին ընթրիքի ժամանակ աշակերտների հետ հաց կիսելուց հետո Հիսուսն աղոթեց Գեթսեմանիի պարտեզում, մատնվեց Հուդայի կողմից, ձերբակալվեց, դատվեց, տանջվեց, ծաղրվեց, նվաստացվեց և դատապարտվեց մահվան:
Հայ եկեղեցում այդ երեկոն նշանավորվում է «Խավարում» կոչվող արարողությամբ, որի ընթացքում եկեղեցում բարձրաձայն ընթերցվում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տեսանկյունից ներկայացված Չարչարանաց պատմությունը։ Պատմությանը հաջորդող երեկոն բացահայտում է Աստծուն, ով խոնարհվեց՝ հասկանալու համար Իր արարածներին, և այժմ մենք՝ արարածներս, հնարավորություն ունենք հասկանալու մեր Աստծուն՝ մեր Արարչին։
Երեկոյի ընթացքում ընթերցվում են Ավետարաններից յոթ տարբեր հատվածներ, որոնք միահյուսված են 12-րդ դարի հայ եկեղեցու աստվածաբան և կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու գրած «Այսօր անճառ» շարականի երգեցողությանը։ Հայոց այբուբենի 36 տառերից յուրաքանչյուրով այբբենական կարգով դասավորված այս շարականը հետևում է Քրիստոսի Չարչարանքներին՝ իրար կողքի դնելով այնպիսի գաղափարներ և իրադարձություններ, որոնք հրաշքի, խորհրդածության և այս գիշերվա իրադարձությունների շուրջ մտորումների տեղիք են տալիս։
Երեկոյի ընթացքին զուգընթաց՝ եկեղեցու մոմերը մեկ առ մեկ հանգցվում են, մինչև որ հավատացյալները մնում են լիակատար խավարի մեջ, որտեղից էլ ծագել է «Խավարում» անվանումը։ Մինչ Չարչարանաց պատմությունը ծավալվում է, աշխարհի Լույսը՝ Քրիստոսը, մատնվում և մահապատժի է ենթարկվում։ Այդ խավարի մեջ Դուք խորհում եք այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհը առանց մեր մեջ գտնվող Քրիստոսի։
Երբ մենք սկսեցինք այս Ավագ շաբաթը, ես Ձեզ խնդրեցի քայլել Հիսուսի հետ դեպի Խաչ։ Այս գիշերը լույսի և խավարի գիշերն է։ Գիշերվա ստվերների մեջ Դուք իսկապես տեսնում եք խավարը։ Դա դատարկություն չէ, այլ մի խավար, որը աղերսում է լուսավորվել։ Դուք այժմ գավթում եք։ Ներսում դատավարություն է ընթանում։ Պետրոսը պատրաստվում է ուրանալ Քրիստոսին։ Դուք լսում եք Ձեր Փրկչի հառաչանքներն ու աղաղակները, նկատում եք մարդկանց անտարբերությունը, լսում եք կրոնական հաստատության սուտը, և այդ ամենի մեջ Դուք ինքներդ Ձեզ հարց եք տալիս, թե որտեղ և ինչպես եք կանգնած։ Ո՞վ է Հիսուսը։ Ո՞վ է Նա Ձեզ համար։


