Գավազանից մինչև խաչ. Կադուցեոսի առասպելը
Արմոդոքսիան այսօր. Կադուցեոս
Հովհաննեսի Ավետարանը սկսվում է «ծննդյան» պատմությամբ, որը Հիսուսի ծագումը տանում է մինչև ժամանակների սկիզբը։ «Սկզբից էր Բանը», – ասում է ավետարանիչը, որտեղից էլ նա Հիսուսին բերում է առաջին դարի Մերձավոր Արևելք։ Առաջին իսկ գլուխներում մենք ծանոթանում ենք Հիսուսին՝ Աստծո Գառին, Նրան, Ով ջուրը գինու է վերածում և ով խոսում է վերուստ ծնվելու կամ, ինչպես ավելի հաճախ է ասվում, «վերստին ծնվելու» միջոցով կատարվող փոխակերպման մասին։ Նրա և կրոնական մի իշխանավորի միջև տեղի ունեցած զրույցից հետո Հիսուսը հայտարարում է. «Որովհետև Աստված Իր Որդուն աշխարհ չուղարկեց, որպեսզի դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի»։
Իր խոսքում Հիսուսը հղում է կատարում մի պատմության, որը շատ ծանոթ էր Իր ունկնդիրներին՝ հիշատակելով Մովսեսին, օձին և անապատը։ Այն վերցված է Աստվածաշնչի Թվոց գրքից, որտեղ Աստծո ժողովուրդը քայլում և տրտնջում էր. «Ժողովուրդը խոսեց Աստծու և Մովսեսի դեմ. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ մեռնենք անապատում. չէ՞ որ ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մեր հոգին զզվում է այս անպետք հացից»։ Տերը ժողովրդի մեջ կրակե օձեր ուղարկեց, որոնք խայթեցին նրանց, և Իսրայելի ժողովրդից շատերը մեռան։ Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. «Մեղանչեցինք, որովհետև խոսեցինք Տիրոջ և քո դեմ. աղոթի՛ր Տիրոջը, որ օձերը հեռացնի մեզանից»։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։ Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար կրակե օձ պատրաստի՛ր և դի՛ր այն մի ձողի վրա, և թող լինի այնպես, որ ամեն խայթված, երբ նայի դրան, կենդանի մնա»։ Մովսեսը պղնձե օձ պատրաստեց և դրեց այն ձողի վրա. և երբ օձը խայթում էր որևէ մեկին, նա նայում էր պղնձե օձին և ողջ մնում»։ (21.4-8)
Օձով գավազանին նայելը նրանց համար թունավոր օձերի խայթոցից փրկության միջոց էր։ Երբ Հիսուսն ասում է. «Եվ ինչպես Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ պետք է բարձրացվի Մարդու Որդին, որպեսզի ամեն ոք, ով հավատում է Նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք», Նա ակնարկում է թունավոր օձերի այս պատմությունը, բայց նաև զգուշորեն հղում է կատարում Իր Խաչելությանը։ Իրականում, Նա «բարձրացվեց», որպեսզի բոլորը տեսնեն և վկա լինեն։ Հիշեք, որ երբ այս Ավետարանը գրվեց առաջին դարի վերջին, Հիսուսի Խաչելությունը հավատացյալների համայնքին արդեն ծանոթ իրադարձություն էր։ Այսպիսով, այս հայտարարությամբ Հիսուսը հրավիրում է ունկնդրին կենտրոնանալ Խաչելության վրա՝ որպես փրկության միջոցի։
Խաչելությունն է, որ իմաստ է հաղորդում «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն» հայտարարությանը։ Մենք կտեսնենք, թե ինչպես, երբ վաղը շարունակենք «Արմոդոքսիան այսօր» հաղորդաշարը։
Աղոթենք Սուրբ Պողոսի խոսքերով, որն ասում է. «Իսկ ինձ համար քավ լիցի պարծենալ ուրիշ բանով, եթե ոչ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչվեց ինձ համար, և ես՝ աշխարհի համար»։ Ամեն (Գաղատացիս 6.14)
Շապիկ՝ Envato Elements
24i23


