Հոր կիրառումը. 40 օրից 17-րդ օրը
Արմոդոքսի այսօրվա համար. Հոր կերպարի կիրառումը – Մեծ պահքի 17-րդ օր
Մենք շարունակում ենք սովորել Անառակ որդու առակից (Ղուկաս 15) և այսօր շարունակում ենք անդրադառնալ հոր կերպարին։ Երեկ մենք խոսեցինք նրա մասին՝ որպես մեր Երկնային Հոր սիրո արտահայտություն։ Այսօր մենք հասկանում ենք Մեծ պահքի այս շրջանի կարևորությունը, երբ հոր սերը կիրառում ենք մեր կյանքում։
Անառակ որդու հոր արարքները մեզ սովորեցնում են, թե ինչ է պահանջվում մեզանից մեր հարաբերություններում՝ ոչ միայն երեխաների, այլև միմյանց հետ։ Կան մարդիկ, ովքեր ցավեցրել են մեզ։ Ցավի չափը էական չէ։ Հնարավոր է՝ մենք արտասվել ենք անզգույշ արտասանված խոսքի պատճառով, կամ էլ կործանվել ենք դավաճանությունից։ Այդ ցավը անդունդ է ստեղծել մեր և այլոց հարաբերություններում։ Մենք բոլորս էլ մեր գործողություններով կամ անգործությամբ բաժանարար գծեր ենք քաշել մեր և Աստծո միջև, սակայն Աստված մեզ վերադարձի ճանապարհ է տվել։ Մենք նույնպես պետք է նույնն անենք և դռները բաց թողնենք նրանց համար, ովքեր կարող են վերադառնալ մեզ մոտ։ Այլ կերպ ասած՝ ժամանակն է վերջ տալու վիրավորանքներին։ Մի՛ տարվեք հիմար հպարտությամբ։ Դռները բաց պահեք՝ առանց ակնկալելու, որ ինչ-որ մեկը անպայման կմտնի։ Մի՛ սպասեք, որ ձեզ ցավեցնողները վերադառնան, պարզապես իմացեք, որ խորքում կան բազմաթիվ ցանկություններ, որոնք գուցե անհասկանալի են։ Եթե դուռը բաց է, նրանք կարող են վերադառնալ, և երբ վերադառնան, Դուք պետք է գրկաբաց ընդունեք նրանց։
Սիրտը խոսում է Ձեզ հետ։ Մի՛ մտածեք մտքով։ Պատրաստ եղեք ընդունելու։ Պատրաստ եղեք գրկելու, փաթաթվելու, նրանց խեղդելու այն սիրով, որը Ձեր սրտում է։ Սա այն օրինակն է, որը Հիսուսը տալիս է մեզ առակի հոր կերպարի միջոցով։ Մի կողմից՝ այն ցույց է տալիս, թե ինչ է անում մեր Երկնային Հայրը, և օրինակ է ծառայում մեզ՝ նույնը անելու մեր կյանքում հանդիպող մարդկանց հանդեպ։ Մյուս կողմից՝ մենք աղոթել ենք. «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։ Աստված ներում է մեզ։ Հետևաբար, մենք նույնպես պետք է ներողամիտ լինենք ուրիշների հանդեպ։
Այսօր Ձեր ողորմության գործը պետք է լինի Ձեր իսկ փակած դռները բացելը։ Պահք պահեք այն կողպեքներից, որոնք փակ են պահում դռները և խոչընդոտում հարաբերությունների շարունակականությանը։
Պահքի այսօրվա ճաշացանկում՝ ասիական լապշա՝ էդամամեով
Աղոթենք Սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերով (12). [Տե՛ր] Գրի՛ր անունդ իմ օթևանի լուսամուտին։ Ծածկի՛ր իմ տաճարի տանիքը Քո ձեռքով։ Նշի՛ր իմ խցի շեմը Քո արյամբ։ Դրոշմի՛ր իմ դռան դրսի կողմը Քո նշանով։ Պաշտպանի՛ր այն գորգը, որի վրա հանգստանում եմ, Քո աջ ձեռքով։ Ամեն։ (Թարգմանությունը՝ Թոմաս Ջ. Սամուելյանի)
Պահքի բաղադրատոմսեր սարկավագ Վարուժանից. Բաղադրատոմս 17. Ասիական լապշա՝ էդամամեով
Շապիկի լուսանկարը՝ Գրեգորի և Լունա Բեյլերյաններ, 2023 թ.


