Քաջություն – Պահքի 26-րդ օր
Մեծ պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 26. Սառը լապշա կծու քնջութի սոուսով
Մեծ պահքի ուղու 26-րդ օր – Քաջություն
Մեծ պահքի ընթացքում Դուք գիտակցեցիք կյանքի խորանի առջև իջեցված վարագույրի մասին։ Այդ վարագույրը այն խոչընդոտն է, որը թույլ չի տալիս Ձեզ տեսնել Աստծո հրաշքներն ու գեղեցկությունը, այն խոչընդոտները, որոնք խանգարում են Ձեզ առավելագույնս իրացնել Ձեր ներուժը։ Այդ վարագույրն իջել է Ձեր վախերի պատճառով, և այն բարձրացնելու, այն բացելու միակ միջոցը Ձեր վախերը քաջությամբ հաղթահարելն է։
Քանի որ Աստված բնակվում է Ձեր մեջ, Դուք գիտեք, որ քաջության ներուժը Ձեր մեջ է։ Քաջությունը գալիս է ներսից, որտեղ Աստված այն դրել է։
Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը խնդրեց Իր աշակերտներին նայել ներս։ Հովհաննեսի Ավետարանում Դուք կարդում եք Հիսուսի վերջին քարոզը (գլուխ 16 և հաջորդիվ)։ Հիսուսը խնդրում է Իր աշակերտներին գործել սիրով և խոնարհությամբ նույնիսկ աներևակայելիի առջև, ամենասարսափելի վախճանի ժամանակ։ Վերջին ընթրիքին Նա բացահայտում է Իր աշակերտներին, որ Ինքը կրելու է աներևակայելի տառապանքներ։ Նա նվաստացվելու է մարդկության առաջ։ Նույն արարածը, որն իր կյանքը ստացել է Քրիստոսից, այժմ սպանելու է Քրիստոսին։ Նույն կյանքը, որը ձևավորվել է այդ ձեռքերից, այժմ վերցնելու է հենց այդ ձեռքերը և մեխեր անցկացնելու դրանց միջով։ Եվ այնուամենայնիվ, Հիսուսն ասում է՝ քաջ եղեք։ Նա աներկբա պահանջում է դա յուրաքանչյուրից, ով նստած է Նրա դիմաց՝ սեղանի շուրջ։ Նրա խոսքերը՝ «Քաջությո՛ւն։ Հաղթանակն Իմն է։ Ես հաղթեցի աշխարհին», այն խոսքերն են, որոնք պետք է հնչեն, պետք է արձագանքեն Ձեր հոգու ամենախորքերում։
Ձեր վարագույրները պետք է բացվեն։ Խոչընդոտները պետք է վերացվեն։ Ամեն ինչ Ձեր ձեռքերում է։ Դուք կարող եք դա անել, եթե ունեք քաջություն։ Ուստի եկեք գտնենք այդ քաջությունը։ Դա հեշտ է։ Ահա մի փոքրիկ պահքային վարժություն այսօրվա համար։ Պատկերացրեք Ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի դիմաց՝ Վերջին ընթրիքի սեղանի շուրջ։ Ինչպես Նա խոսեց Իր աշակերտների հետ 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր Նա խոսում է Ձեզ հետ նույն լեզվով՝ իմանալով, որ Իր առջև խաչն է, և հաստատելով հարության անխուսափելիությունը։ Այժմ ուշադիր լսեք Նրա խոսքերը. «Քաջությո՛ւն։ Հաղթանակն Իմն է։ Ես հաղթեցի աշխարհին»։
Կարևոր չէ, թե ինչ դժվարություններ են սպասվում Ձեզ։ Կարևոր չէ, թե ինչպիսի խոչընդոտներ կան։ Գուցե լինեն խաչեր, որոնք հսկայական են ու տանջալից։ Գուցե լինեն խաչեր, որոնք Դուք դժվարանում եք բարձրացնել։ Գուցե լինեն խաչեր, որոնք պարզապես գայթակղության քարեր են։ Դա կարևոր չէ։ Քաջությամբ Դուք կարող եք կրել այդ խաչերը։ Եվ Դուք կարող եք գտնել հարությունները։ Ինչպես կտեսնեք, դրանք գտնվում են Ձեր վարագույրների մյուս կողմում։
.
Բացե՛ք վարագույրները։ Վերացրե՛ք խոչընդոտները։ Մի կողմ դրեք վախը։ Ունեցե՛ք քաջություն՝ քաջություն, որը գալիս է ներսից և դրսից։ Ընկալե՛ք Ձեզ որպես Աստծո արարչագործություն, որը կանգնած է Նրա կողքին խաչի վրա Նրա փորձությունների և տառապանքների ժամանակ, որովհետև, ինչպես գիտեք, Նա կանգնած է Ձեր կողքին Ձեր փորձությունների և տառապանքների ժամանակ՝ երաշխավորելով Ձեզ հարություն։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Դու, որ ետ ես դարձնում մոլորյալներին, ինձ ևս դարձրո՛ւ չար ճանապարհներից դեպի բարին և իմ հոգու մեջ տպավորի՛ր մահվան ահավոր օրվա հիշատակը, դժոխքի երկյուղը և Քո արքայության սերը, որպեսզի ապաշխարեմ իմ մեղքերից և արդարություն գործեմ։ Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանիմ, 17/24)


