Լռությունը ոսկի չէ
Արմոդոքսիան այսօր. Լռությունը ոսկի չէ
Հին Կտակարանում պատվիրանների ներկայացման բացասական եղանակը, հատկապես առավել հայտնի «Տասը պատվիրաններում», այն տպավորությունն է թողել, թե պատվիրանները միայն սահմանափակումների մասին են։ Օրինակ՝ մենք ավելի շատ ծանոթ ենք «Մի՛ սպանիր» պատվիրանին, քան «Հարգի՛ր կյանքը» կոչին, կամ «Մի՛ շնացիր» պատվիրանին, քան «Եղի՛ր սիրող և հավատարիմ» հորդորին։
Քրիստոսը պատվիրանների բացասական երանգը փոխեց դրական հայտարարությունների, որոնք խրախուսում են գործել։ «Արա՛ ուրիշներին այնպես, ինչպես կուզենայիր, որ նրանք անեին քեզ» (Մատթեոս 7)։ «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, մտքով և հոգով» (Մարկոս 12)։ «Սիրե՛ք ձեր թշնամիներին և աղոթե՛ք ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5)։ Գործել, սիրել, աղոթել. սրանք բոլորը գործողություն արտահայտող բայեր են։ Հիսուսը մեզ՝ ձեզ և ինձ, առաքյալներից մինչև մեր օրերը, ուղարկում է աշխարհ՝ գործելու, սիրելու և աղոթելու դրական պատգամով։
Սա Աստծո հետ մեր հարաբերությունների ըմբռնման հիմնարար փոփոխություն է, քանի որ այն հիմնված է միմյանց և մեր աշխարհի հետ ունեցած մեր հարաբերությունների վրա։ Հետևաբար, մեղքը ոչ թե ինչ-որ բան անելու, այլ պատվիրվածը չանելու մեջ է։ Վերապատվելի Մարտին Լյութեր Քինգ կրտսերի դիպուկ խոսքերով՝ «Ի վերջո, մենք կհիշենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը» (Խղճի շեփորը)։
Գործե՛ք, սիրե՛ք և աղոթե՛ք. սրանք կարևոր գործողություններ են՝ ի պատասխան պատերազմով, թունավոր մթնոլորտով, ատելությամբ, անհանդուրժողականությամբ և նույնիսկ ցեղասպանությամբ տառապող աշխարհի։ Այո՛, մեղքը գործելուց խուսափելու մեջ է։ Այսօր մենք աղոթում ենք. Թող որ ես ավելին գործեմ, սիրեմ և աղոթեմ՝ ի պատասխան աշխարհի։ Անելով այն, ինչ կարող եմ, սիրելով անդադար և աղոթելով ամեն ինչի միջով։ Ամեն։


