Գալուստ 32-ը 50-ից. Հարստություն
Գալստյան 32-րդ օրը 50-ից. Հարստություն
Լեռան քարոզը շարունակելով՝ Հիսուսի այսօրվա խոսքն է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային»։ (Մատթեոս 6:24) Մամոնա բառը արամերենից թարգմանաբար նշանակում է հարստություն։
Այսօրվա պատգամը ներկայացված է աքսիոմատիկ կերպով, ինչպես նախորդ երկու հայտարարությունները՝ երկնային գանձերի և մարմնի լույսի մասին։ Համարձակվում եմ ասել, որ քանի որ Դուք անցել եք Գալստյան ճանապարհը անցած ամսվա ընթացքում, այս պնդումն ընդունվում է առանց վիճարկման։ Դուք չեք կարող ծառայել Աստծուն և հարստությանը։ Այնուամենայնիվ, Հիսուսը հակիրճ փաստարկ է բերում, որ երկու ընտրության դեպքում մենք նախապատվությունը կտանք մեկին՝ մյուսի հաշվին։ Երկրային հարստության գայթակղությունը շատ ավելի մեծ է, քան Աստծուն ծառայելուց ստացված հոգևոր գանձերը։
Այսօրվա ուսմունքի առանցքային բառը «ծառայելն» է։ Ինքնաքննությունը ցույց կտա, որ մենք հաճախ «ծառայում» ենք մեր հարստությանը, այսինքն՝ փողի կուտակմանը՝ ավելի շատ փող ունենալու նպատակով։
Փողը արժեք է ձեռք բերում միայն գործելու իր կարողությամբ։ Բանկում եղած մեկ միլիոն դոլարը ընդամենը մեկ թիվ է՝ վեց զրոներով։ Անկախ նրանից, թե որքան եք Դուք ծառայում փողին և որքան է այն աճում, այն արժեք չունի, քանի դեռ չի օգտագործվում։ Մեկ միլիոն դոլարը գործողության մեջ, այսինքն՝ օգտագործման մեջ, դա կրթություն է, գրքեր, բժշկական խնամք, սնունդ, բնակարան, ապաստան, այլոց օգնություն և այլն։
Այլ կերպ ասած՝ փողին ծառայելը անարժեք է։ Փողն օգտագործելը հարստությանը արժեք է տալիս։ Աստծուն ծառայելը արժեք է տալիս Ձեր կյանքին։ Աստծուն օգտագործելը նվազեցնում է Ձեր կյանքի արժեքը։
Երկրային հարստության գայթակղությունը շատ ավելի մեծ է, քան Աստծուն ծառայելուց ստացված հոգևոր գանձերը, քանի որ երկրային հարստությունը շոշափելի է և զբաղեցնում է մեր իրականությունը։ Հիսուսն այժմ հոգևոր գանձերը տեղափոխել է այս կյանք, որպեսզի դրանք շոշափելի լինեն բարի գործերի միջոցով և կիսեն մեր իրականությունը։
Այսօր մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու 12-րդ ժամի աղոթքը, որտեղ նա «հավատով խոստովանում է. Տե՛ր, Դու, որ բարին ես կամենում և կամքի առաջնորդն ես, թույլ մի՛ տուր, որ հետևեմ սրտիս ցանկություններին, այլ առաջնորդիր ինձ՝ միշտ ապրելու Քո բարի կամքի համաձայն։ Ամեն։
Շապիկ՝ Envato Elements


