Հելոուինի սրբերը
Հայրաբանությունը՝ այսօր. Հելոուինի սրբերը
Սրբերը թերևս Եկեղեցու ամենաթյուրիմացաբար ընկալվող երևույթներից են։ Սրբերը Աստված չեն։ Մենք սրբերին չենք երկրպագում։ Սրբերը մարդիկ են՝ հենց այնպիսին, ինչպիսին Դուք և ես։ Մեզ նման նրանք ևս ունեն ազատ կամք։ Նրանք ունեն կասկածներ, ավելին՝ ոմանք կասկածներ են ունեցել թե՛ Աստծո, թե՛ հավատքի հարցերի վերաբերյալ։
Հիսուսն ասում է. «Քաջալերվե՛ք, հաղթանակն իմն է։ Ես հաղթեցի աշխարհին»։ Սրբերն այն մարդիկ են, ովքեր հավատացին Հիսուսի խոսքին, քաջությամբ դիմակայեցին աշխարհի մարտահրավերներին, հաղթահարեցին իրենց վիճակը և, հետևաբար, մասնակից դարձան Քրիստոսի հաղթանակին։
Հայ Առաքելական Եկեղեցում Սրբոց տոնը նշվում է նոյեմբեր ամսվա շաբաթ օրերից մեկին։ Արևմուտքում Սրբոց տոնը անշարժ է, այսինքն՝ նշվում է նոյեմբերի առաջին օրը։ Սրբոց տոնի նախորդ գիշերը պատշաճ կերպով կոչվում է Սրբոց նախատոնակ, կամ Hallows Eve, որը ժամանակի ընթացքում աղավաղվելով վերածվել է Հելոուինի։ Հայ Եկեղեցում տոնին նախորդող երեկոյի ավանդույթը կոչվում է Նախատոնակ։
Սրբերն անցել են իրենց ֆիզիկական կյանքից և, ինչպես Սուրբ Գիրքն է նշում, ննջել են Քրիստոսով։ Մարդիկ միշտ փորձել են ըմբռնել ֆիզիկական գոյության ավարտի գաղափարը և խորհել են ուրվականների հավանականության մասին, ինչն էլ հանգեցրել է Հելոուինի շուրջ ձևավորված այն հանրահայտ սովորույթներին, որոնք շեշտադրում են մահը և անդրշիրիմյան աշխարհի սարսափազդու դրսևորումները։ Զուգորդվելով տարազների, դիմակների, ֆիլմերի և սարսափ պատմությունների վաճառքից ստացվող հսկայական շահույթի հետ՝ սրբերի հետ կապված սկզբնական նպատակն ու կապը մոռացության են մատնվել։
Սրբերը մեզ կյանքի օրինակներ են տալիս։ Եթե Դուք կամ ես փորձենք (կամ համարձակվենք) համեմատել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հետ, ապա դատապարտված ենք ձախողման, քանի որ Հիսուս կատարյալ է։ Մենք միշտ թերանալու ենք կատարելության հարցում։ Սակայն սրբերին նայելով՝ մենք ունենք մոդել։ Նրանք մարդկային են, հետևաբար ապրել են տկարություններով և անկատարություններով, սակայն իրենց կյանքում կարողացել են վեր բարձրանալ մարդկային վիճակից, և այսօր նրանք մեզ համար կյանքի մոդել և օրինակ են հանդիսանում։
Սուրբ Ներսեսի աղոթքից (#7). Ամենակալ, մեղանչել եմ Քեզ դեմ՝ մտքով, խոսքով և գործով։ Ջնջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կենաց գրքում։ Ամեն։


