Մեծ պահք 42-50. Պտուղներ
Գալստյան 50 օրերից 42-րդ օրը. Պտուղներ
Հիսուսն իր ժամանակին սխալ էր ընկալվում։ Սիրո և խաղաղության նրա կոչին ժամանակի կրոնական առաջնորդները պատասխանեցին ատելությամբ ու բռնությամբ, ինչն ակնհայտ է դատարանի այն վճռից, որով նրան ծեծի ու մտրակահարման ենթարկեցին, ապա մահապատժի ենթարկեցին։ Կրոնական համայնքից դուրս մարդիկ նույնպես յուրովի էին մեկնաբանում նրա խոսքերը՝ իրենց համար հարմարավետ գոտի ստեղծելով։ Իրականում, երբ կայսր Կոստանդինը 325 թվականին հրավիրեց առաջին Տիեզերական ժողովը՝ բոլոր քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, դա արվեց հենց այն բանի համար, որպեսզի կարգավորվեն մինչ այդ Հիսուսին վերագրվող տարբեր ուսմունքները։
Հիսուսը մինչ օրս էլ շարունակում է սխալ ընկալվել, ինչն ակնհայտ է դառնում բազմաթիվ տարբեր դավանանքների գոյությունից, որոնք Հիսուսի մասին տարբեր պատկերացումներ են դավանում՝ գործելով բողոքական քրիստոնեական դրոշի ներքո։
Հիսուսն անդրադառնում է իր ուսմունքից այս շեղմանը Լեռան քարոզի հաջորդ մի քանի համարներում։
Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Նրանց կճանաչեք իրենց պտուղներով։ Մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկներից՝ թուզ։ Այդպես էլ ամեն մի լավ ծառ բարի պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ չար պտուղ։ Լավ ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ բարի պտուղ։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակի մեջ է գցվում։ Ուրեմն նրանց կճանաչեք իրենց պտուղներով։ (Մատթեոս 7:15-20)
Դարձյալ, նույնիսկ «սուտ մարգարեներին» նկարագրելիս, Հիսուսը որպես նույնացման միջոց մատնանշում է գործերը։ Քրիստոնեությունը ներկայում ապրող կրոն է։ Որպես քրիստոնյա՝ Դուք շփվում եք աշխարհի, մարդկանց, ընկերների ու անծանոթների, ինչպես նաև Ձեզ հարգողների և Ձեզանից օտարացածների հետ։ Քրիստոնյան ճանաչվում է իր գործերով և այն պտուղներով, որոնք տալիս են այդ գործերը։
Հիսուսն ավելի հստակ լինել չէր կարող. Դուք ճանաչվելու եք Ձեր պտուղներով։
Մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 23-րդ տնից. Ողորմած Տե՛ր, ողորմի՛ր բոլորին. իմ հարազատներին և օտարներին, ծանոթներին և անծանոթներին, կենդանիներին և մեռյալներին. շնորհի՛ր նաև իմ թշնամիներին ու ինձ ատողներին թողություն այն հանցանքների համար, որ գործել են իմ դեմ, և դարձրո՛ւ նրանց ողորմության արժանի, որպեսզի նրանք էլ ողորմություն գտնեն Քեզնից։ Ամեն։


