Ուրախանալը թույլատրելի է
Հայկական ուղղափառությունն այսօր. ուրախանալը թույլատրելի է
Ո՞րն է եկեղեցու և գրադարանի տարբերությունը։ Մարդկանց մեծ մասը շտապում է համեմատել դրանք՝ մատնանշելով երկու վայրերում էլ տիրող լռությունը։ Գրադարանում լռությունը ոսկի է, իսկ շշուկները՝ հազվադեպ, մինչդեռ եկեղեցում օդը լցված է լուռ աղոթքներով։
Լուռ մենության այս մթնոլորտը կրոնը՝ ընդհանրապես, և քրիստոնեությունը՝ մասնավորապես, պիտակավորել է որպես կյանքի լուրջ և հանդիսավոր դրսևորում։
Հիսուսը տոնում էր կյանքը։ Նրա կոչն ուղղված էր մեզ՝ տեսնելու և զգալու Աստծո ներկայությունը ողջ արարչագործության մեջ։ Նա մարտահրավեր նետեց մեզ՝ մեր կյանքը դիտարկելու որպես Աստվածային կոչին տրված գեղեցիկ պատասխան։ «Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարաններում են հավաքում, բայց ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց... Իսկ դաշտի շուշաններին նայե՛ք, թե ինչպե՛ս են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում. բայց ասում եմ ձեզ, որ Սողոմոնն անգամ իր ողջ փառքի մեջ նրանցից մեկի պես չզարդարվեց» (Մատթեոս 6)։
Զարմանալի՞ է արդյոք, որ Հայ եկեղեցին Սուրբ Պատարագը համարում է տոնախմբություն։ Այն ոչ թե կատարվում է, ոչ էլ ներկայացվում, այլ հանդիսանում է Աստծո կողմից մեզ տրված ամենամեծ պարգևի՝ կյանքի պարգևի տոնախմբությունը։ Ժպտալը, ծիծաղելը, սիրո և ուրախության զգացումներով լցվելը հենց այն է, ինչին կոչված ենք, քանի որ դրանք մեր կյանքը գնահատելու և արժևորելու լավագույն միջոցներն են։
Հպարտությունը, նախանձը, զայրույթը, ագահությունը, որկրամոլությունը, ծուլությունը և պոռնկությունը համարվում են յոթ մահացու մեղքեր, քանի որ դրանք չեն փառաբանում կյանքը։ Մտածեք դրանցից յուրաքանչյուրի և դրանց դրսևորումների մասին. դրանք տանում են միայն վշտի ու տխրության։
Հայ եկեղեցին այն վայրն է, որտեղ Սուրբ Պատարագը երաժշտական ձևով է արտահայտվում՝ մեր բոլոր զգայարանները ներգրավելու Աստվածային տոնախմբության խորհրդավոր պարի մեջ։ Թույլատրելի է ժպտալը, սիրո ջերմությունը զգալը, ոգևորությամբ երգելը և կարեկցանքով գրկախառնվելը։
Այո, մենք կարող ենք եկեղեցին համեմատել գրադարանի հետ, բայց հասկացեք, որ մեկում լռությունը կանոն է, իսկ գրքերը՝ գանձ, մյուսում՝ շշուկները աղոթք են, իսկ խաղաղությունը՝ չափանիշ։
Մենք աղոթում ենք Հայ եկեղեցու Ժամագրքից. «Ամենակալ Աստված, Քո արդարության և իմաստության լույսը ծագեցրու մեր մեջ և մեզ դարձրու լույսի ու ցերեկվա որդիներ ու դուստրեր, որպեսզի աստվածապաշտությամբ անցկացնենք մեր կյանքը և այն ավարտենք առանց գայթակղության, քանզի Դու ես մեր օգնականն ու Փրկիչը։ Ամեն»։
Շապիկ՝ Ուրախության կիսում և ուսուցում եկեղեցում, 2004 թ., Տեր Վազգեն


