Օրհնություններ՝ պատահականությունից վեր ~ 40 օրվա 37-րդ օրը
Արմոդոքսիան այսօր. Օրհնություններ՝ անկախ բախտից, Մեծ պահքի 37-րդ օր
Թեև գայթակղիչ է Մեծ պահքի ավարտին ասել, որ մենք դանդաղեցնում ենք ընթացքը, սակայն եթե Դուք պատշաճ կերպով եք անցկացրել պահքի շրջանը, ապա այս շաբաթ մենք, անկասկած, արագացնում ենք այն՝ նախապատրաստվելով հարությանը հաջորդող կյանքին։ Այդ արագացման մի մասն էլ հավատքի հոդվածների և սահմանումների վերաիմաստավորումն է։
Մտածեք «օրհնություն» բառի մասին։ Մենք ասում ենք, որ օրհնություն ենք ստացել, կամ կարող ենք ասել, որ մարդու կյանքն օրհնված է։ Մենք օրհնությունների մասին խոսում ենք այնպես, ինչպես բախտի կամ հաջողության։ Եթե Դուք վիճակախաղում շահում եք, մարդիկ ասում են, որ Դուք բախտավոր եք։ Եթե Ձեր քաղաքում աղետ է տեղի ունենում կամ հիվանդությունը սպառնում է Ձեր բարեկեցությանը, դա նույն կերպ է ընկալվում՝ կարծես բախտը երես է թեքել Ձեզանից, կամ թե այդ իրադարձությունները անբախտության դաշտում են։
Այսօր ես խնդրում եմ Ձեզ մտածել Ձեր կյանքում ունեցած օրհնությունների մասին։ Որպես Մեծ պահքի ավարտին ընդառաջ նախապատրաստության մաս՝ գույքագրեք բոլոր օրհնությունները՝ խորհելով պահքի դասերի շուրջ։ Սկսեք ամենաակնհայտ օրհնությունից, որը պատկանում է մեր բոլոր հետևորդներին։ Եթե Դուք լսում եք այս փոդքաստը, նշանակում է՝ ունեք ինտերնետ կապ, էլեկտրականություն, ունեք որևէ սարք, որը փոխանցում է ազդանշանը Ձեզ։ Հնարավոր է՝ Դուք մեքենայի մեջ եք կամ ականջակալներով լսում եք իմ ձայնը ստերեո ձևաչափով։ Միայն այն փաստը, որ Դուք լսում եք սա, Ձեզ առավելություն է տալիս աշխարհի բնակչության մեծ մասի նկատմամբ, ովքեր Ձեզ «օրհնված» կհամարեին այս տեխնոլոգիային հասանելիություն ունենալու համար։ Այժմ դուրս եկեք նյութական աշխարհից և մտածեք Ձեզ շրջապատող ընկերների ու ընտանիքի մասին։ Որոշ ընկերներ ավելի մտերիմ են, քան հարազատները, իսկ ընտանիքի անդամները կարող են լինել լավագույն ընկերներ։ Մտածեք այն հոգևորականների մասին, ովքեր աղոթում են Ձեզ համար, բժշկի մասին, ով հոգ է տանում Ձեր առողջությունը, ուսուցչի կամ մարզչի, ով սովորեցնում է Ձեզ, հարևանի, ով հոգ է տանում Ձեր մասին։ Այժմ դուրս եկեք այս ժամանակավոր հարթությունից և մտածեք Աստծո՝ անպայմանական սիրո մասին, որը պատում է Ձեզ, որը Ձեր ներսում է և Ձեզանից դուրս։ Մտածեք Քրիստոսի և այն օծման մասին, որը ստացել եք՝ Ձեր ներքին ուժն ու ներուժը բացահայտելու համար։ Դուք կարող եք նայել Ձեր հանդիպած խաչելություններից այն կողմ և գտնել Ձեզ սպասող հարությունը։
Դուք իսկապես օրհնված եք։ Այժմ եկեք օրհնությունը վերասահմանենք որպես բախտ՝ առանց պատահականության տարրի։ Օրհնության այս «Արմոդոքս» (Armodox) ըմբռնումը դառնում է կյանքի հանդեպ Ձեր նոր հայացքի մի մասը։
Ձեր բարեգործությունը այսօր օրհնությունը մեկ ուրիշի հետ կիսելն է։ Պահք պահեք «բախտ» արտահայտություններից, փոխարենը գտեք Աստծո օրհնությունը Ձեր բոլոր գործերում։ Արտիճուկով ռիզոտոն սպասում է Ձեզ Ձեր պահքի սեղանին, իսկ բաղադրատոմսը կարող եք գտնել ստորև նշված հղումով։
Մենք աղոթում ենք. Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, ինձ պարգևած օրհնությունների համար։ Թող Քո ներկայության օրհնությունները գտնեմ իմ կյանքի յուրաքանչյուր քայլափոխին։ Նայելով ծովին, ծաղկող ծաղիկներին կամ ինձ շրջապատող կյանքին՝ նուրբ թիթեռից մինչև թանկագին երեխան, թող փառաբանեմ Քեզ կյանքի օրհնության համար։ Լցրո՛ւ ինձ երախտագիտության և երջանկության ոգով, որպեսզի կարողանամ այս օրհնությունները կիսել ուրիշների հետ։ Ամեն։
Սարկավագ Վարուժանի պահքի բաղադրատոմսերը. Բաղադրատոմս 37՝ Արտիճուկով ռիզոտո
Շապիկի նկարը. Վեհափառը օրհնություն է տալիս, հայր Վազգեն, 2005 թ.


