Սուրբ Մակարի խաչի աղոթքը
Ուղղափառությունն այսօր. Սուրբ Մակարիոսի աղոթքը
Հիսուսի Սուրբ Խաչին նվիրված չորս մեծ տոներ կան, որոնցից ամենանշանակալին Խաչվերացն է՝ այն տոնը, որը մենք նշեցինք կիրակի օրը։ Խաչվերացը կամ Խաչի բարձրացումը ներառում է մյուս տոները, որոնք են՝ Խաչի գյուտը, Խաչի երևումը և Վարագա Սուրբ Խաչը։
Քրիստոսի Խաչը խորհրդավոր կերպով կապված է բժշկության զորության հետ։ Երեկ ես կիսվեցի իմ անձնական փորձառությունից մի պատմությամբ։ Դարերի ընթացքում հազարավոր նման դեպքեր են տեղի ունեցել, որոնք լավ փաստագրված են։ Առաջինը տեղի ունեցավ, երբ հայտնաբերվեց Քրիստոսի Սուրբ Խաչը։
Քրիստոսից հետո առաջին մի քանի դարերի ընթացքում քրիստոնեությունը գաղտնի կրոն էր։ Երբ քրիստոնեությունը ճանաչվեց Հռոմեական կայսրությունում, բազմաթիվ բարեպաշտ հավատացյալներ ուղևորվեցին՝ պահպանելու Քրիստոսի հետ կապված մասունքներն ու սրբությունները։ Դրանցից ամենամեծը Խաչն էր։
Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին, այդ բարեպաշտ անձանցից մեկն էր։ Նա մեկնեց Երուսաղեմ՝ գտնելու այնպիսի մասունքներ, որոնք իրեն ավելի կմոտեցնեն Քրիստոսին։ Երուսաղեմի եպիսկոպոս Սուրբ Մակարիոսի օգնությամբ նա հայտնաբերեց Խաչելության վայրը։ Այնտեղ նա գտավ երեք խաչ։ Ո՞րն էր Քրիստոսի ճշմարիտ Խաչը։ Պարզվում է՝ այնտեղ մի անբուժելի հիվանդ կին կար։ Սուրբ Մակարիոսն այս աղոթքը հղեց. «Տե՛ր, Խաչի վրա Քո միածին Որդու տառապանքների միջոցով Դու կամեցար փրկություն բերել մարդկությանը։ Եվ այժմ Դու Քո ծառա Հեղինեին դրդեցիր փնտրելու այն սուրբ փայտը, որի վրա խաչվեց մեր Փրկիչը։ Խնդրում եմ, հստակ բացահայտի՛ր, թե այս երեք խաչերից որն է բարձրացվել Քո փառքի համար։ Առանձնացրո՛ւ այն սովորական մահապատիժների համար օգտագործվածներից։ Թո՛ղ այս մահամերձ կինը կյանքի վերադառնա այն պահին, երբ հպվի փրկություն բերող Խաչին»։
Կինը բժշկվեց, երբ հպվեց Քրիստոսի Ճշմարիտ Խաչին։ Սուրբ Հեղինեն այդ վայրում մատուռ կառուցեց։ Հայ եկեղեցին Սուրբ Հարության տաճարի պահապաններից մեկն է։
Աղոթե՛ք այնպես, ինչպես Սուրբ Մակարիոսն էր աղոթում՝ ոչ թե Աստծո զորությունը փորձելու, այլ Աստծո առաջնորդությամբ այն զորությանը հասնելու համար, որը բժշկում և փրկություն է բերում Ձեզ։
Վաղը մենք կշարունակենք։


