Քայլ դեպի մարդկայնություն
Մշակութային մարդաբան Մարգարեթ Միդը, որն ուսումնասիրել էր աշխարհի բազմաթիվ և զանազան հասարակություններ, քարոզում և պաշտպանում էր մշակութային հարաբերապաշտության գաղափարը՝ որպես միջոց, որի շնորհիվ մենք՝ որպես մարդիկ, կարող ենք ավելի լավ հասկանալ միմյանց։ Չնայած մշակույթների և հասարակությունների միջև առկա բոլոր տարբերություններին՝ մարդկության հիմնական բաղադրիչը պարզ է։
Պատմում են, որ Մարգարեթ Միդի ուսանողներից մեկը հարցրել է նրան, թե ինչն է նա համարում քաղաքակրթության առաջին նշանը։ Ուսանողը ակնկալում էր, որ մարդաբանը կմատնանշի կավե ամանները, որսորդական գործիքները կամ հասարակական ու կրոնական տարբեր իրերը։ Փոխարենը՝ Միդը մատնանշեց հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված 15 000 տարվա վաղեմություն ունեցող ազդրոսկրը, որը, ըստ նրա, քաղաքակրթության առաջին ապացույցն էր։
Ազդրոսկրը մարմնի ամենաերկար ոսկորն է, որը միացնում է ազդրը ծնկին։ Եթե մի կողմ դնենք ժամանակակից բժշկության առավելությունները, ապա կոտրված ազդրոսկրի ապաքինման համար պահանջվում է մոտ վեց շաբաթ հանգիստ։ Այս կոնկրետ ոսկորը կոտրված էր և ապաքինվել էր։ Միդը բացատրում էր, որ կենդանական աշխարհում, եթե կոտրում եք ոտքը, ապա մահանում եք։ Դուք չեք կարող փախչել վտանգից, չեք կարող ջուր խմել կամ սնունդ որսալ։ Իրականում, եթե նման կերպ վիրավորվեիք, ապա կդառնայիք այլ կենդանիների կերակուրը։ Եթե մնայիք անշարժ՝ սպասելով ոսկու ապաքինմանը, ապա անկասկած կդառնայիք որևէ այլ կենդանու ընթրիքի հիմնական ուտեստը։ Այլ կենդանու... ճիշտ է։ Հարցն այն էր, թե ի՞նչն է մեզ՝ մարդկությանը, առանձնացնում այլ կենդանիներից։ Ինչո՞ւ էր այս ապաքինված ոսկորը բանալին հասկանալու, թե երբ ենք մենք կենդանուց վերածվել հոգատար մարդկանց։
Միդը բացատրում էր, որ ապաքինված կոտրված ազդրոսկրը վկայում է այն մասին, որ մեկ այլ մարդ ժամանակ է հատկացրել՝ մնալու վիրավորի կողքին, կապելու վերքը, նրան անվտանգ վայր տեղափոխելու և ապաքինման ընթացքում խնամելու համար։ Ապաքինված ազդրոսկրը նշանակում է, որ ինչ-որ մեկը օգնել է իր նմանին՝ փոխանակ լքելու նրան՝ սեփական կյանքը փրկելու համար։
«Քաղաքակրթությունը սկսվում է դժվարության մեջ գտնվող մեկին օգնելուց», - բացատրում էր Մարգարեթ Միդը։
Արմոդոքսին իր արմատներով հասնում է անաղարտ քրիստոնեությանը։ Քրիստոս պատվիրում է մեզ. «Երբ խնջույք կազմակերպեք, հրավիրեք աղքատներին, հաշմանդամներին, կաղերին, կույրերին։ Եվ Դուք օրհնված կլինեք»։ Տեսնում եք, Քրիստոսի հրավերը մարդկայնության հրավեր է։
Աղոթենք Սուրբ Եփրեմի (4-րդ դար) աղոթքով
Ես հայացքս ուղղում եմ Դեզ, Քրիստո՛ս Տեր իմ, և բացում եմ սիրտս Ձեր առջև ջերմեռանդ աղոթքով, ո՛վ Աստծո Որդի, Ձեր արարածների առջև Ձեզ խոնարհեցնելու և ծառայի դեր ստանձնելու համար։ Դուք այնպիսի սեր ունեք մարդկության հանդեպ, որ մենք կարողանանք աստվածային իմաստություն ձեռք բերել։ Ողորմե՛ք ինձ, ո՛վ բարեգութ Աստված։


