Սուրբ Ծննդյան պահք
Armodoxy-ն այսօր. Սուրբ Ծննդյան պահք
Ամեն բարի բան ձեռք է բերվում կարգապահությամբ։ Քրիստոնյայի համար էական նշանակություն ունեն կանոնավոր աղոթքը, Սուրբ Գրքի ընթերցումը և համայնքային պատարագներին պարբերաբար մասնակցելը։ Քրիստոնեությունը իր ուսմունքներով ու գործելակերպով ներգրավում է մարդու մարմինը, հոգին և միտքը։
Մարմինը կարգի բերելու համար Եկեղեցին սահմանել է պահք։ Այսօր սկսվում է Աստվածահայտնության պահքի շրջանը։
Հայ Եկեղեցու յուրաքանչյուր մեծ տոնին նախորդում է պահքի շրջան։ Այս սովորույթը կարող է տարբեր ձևեր ունենալ։ Անկախ նրանից՝ Դուք լիովին եք պահում պահքը, թե մասնակի, այդ հարցը միայն Ձեր և Աստծո միջև է, և ուրիշ ոչ ոքի։ Պահքի վերաբերյալ Հիսուսի պատվիրանը հստակ է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց ծոմ պահող երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Իսկ դու, երբ ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ՝ քո Հորը, որ ծածուկ տեղն է. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հրապարակավ»։ (Մատթեոս 6:16-18)
Երբ պահք եք պահում, բնականաբար մտածում եք միայն սննդի մասին։ Սովը ֆիզիկական ցավ է պատճառում, իսկ հոգեբանորեն Դուք անհարմարություն եք զգում, քանի որ գիտեք, որ սնունդը ընդամենը մի քանի քայլ կամ րոպե հեռավորության վրա է, սակայն Դուք Ձեր կամքով զրկում եք Ձեզ դրանից։ Այդ անհարմարության մեջ Դուք հասկանում եք Քրիստոսի խոսքերը. «Մարդ ոչ միայն հացով պիտի ապրի, այլ՝ Աստծու բերանից ելնող ամեն խոսքով»։ (Մատթեոս 4:4)
Պահքի առաջին օրն իսկապես ամենադժվարն է, քանի որ Ձեր մարմինը հարմարվում է սովին։ Երկրորդ և երրորդ օրերին Ձեր մարմինը սկսում է հասկանալ փոփոխությունը, ընդունում է սովը և կենտրոնանում հոգևոր ու հոգեբանական զգայարանների զորացման վրա։
Աստվածահայտնությունը մոտ է։ Սա Աստծո՝ Արարչի, Հիսուս Քրիստոսի երկրի վրա՝ մեր մեջ հայտնվելն է։ Հոգեբանորեն և հուզականորեն պատրաստ լինելը վերջին մի քանի շաբաթների ճանապարհորդությունն էր։ Այս վերջին շաբաթը՝ պահքի հետ միասին, մենք համախմբում ենք բոլոր տարրերը՝ Քրիստոսի Մարմնացմանը դիմավորելու համար։
Եթե Դուք Քրիստոսին տեսնեիք Ձեր մեջ՝ Ձեր ընտանիքի և ընկերների հետ, ի՞նչ կարձագանքեիք։ Կասեի՞ք «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։ Կասեի՞ք «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» թե՞ Ձեր արձագանքն ավելի խորը կլիներ։ Շոկի մեջ կընկնեի՞ք և ակնածանք կզգայի՞ք։ Մեր մեջ ծնված Քրիստոսին հանդիպելու ուրախության այդ կատարյալ արտահայտությունը գտնելն է այս Ծննդյան ճանապարհորդության նպատակը։
Աղոթենք. Տե՛ր Հիսուս, Դու ծնվեցիր և հայտնվեցիր՝ աշխարհին Լույս բերելով։ Լցրո՛ւ ինձ շրջապատող խավարը Քո Լույսով։ Լցրո՛ւ սիրտս Քո Սիրով, որպեսզի տեղ չմնա ատելության, հիվանդության և չարիքի համար։ Եվ թող ես Քեզ հանդիպեմ որպես Քո սիրո աշակերտ։ Ամեն։


