Ամեն կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պատարագի ընթացքում, պատարագիչ քահանան իջնում է խորանից և շրջում եկեղեցու ներսում։ Հավատացյալների կողքով անցնելիս նա մի ձեռքում պահում է խաչը, իսկ մյուսով՝ խունկ ծխում։
Նրա ներկայությանը հավատացյալները տարբեր կերպ են արձագանքում։ Ոմանք խոնարհում են գլուխը՝ օրհնություն ստանալու ակնկալիքով, ոմանք էլ ակնածանքով համբուրում են քահանայի ձեռքի խաչը։ Ուրիշները ժպտում և ողջունում են նրան։ Սակայն կան նաև այնպիսիները, որոնք պարզապես հետևում են նրա ընթացքին՝ առանց որևէ կերպ արձագանքելու։ Եվ, իհարկե, նրանց համար, ովքեր այդ պահին եկեղեցում չեն, հաղորդակցվելու հնարավորությունը կորած է, քանի որ քահանան ավարտում է շրջայցը և վերադառնում խորան՝ շարունակելու Պատարագը։
Սուրբ Պատարագի այս արարողությունը խորհրդանշում է Քրիստոսի իջնելը երկնքի անդորրից՝ մեր մեջ ապրելու, քայլելու և լինելու համար, որից հետո Նա համբարձվեց երկինք։ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում եղել են մարդիկ, որոնք փնտրել են Նրան հրաշքների և բժշկության համար, իսկ ոմանք էլ մոտեցել են Նրան օրհնություն ստանալու կամ պարզապես Նրա զգեստին դիպչելու համար։ Եվ, իհարկե, շատերի համար ամբողջանալու հնարավորությունը կար, բայց նրանք թույլ տվեցին, որ Նա անցնի իրենց կողքով։
Կյանքում լինում են եզակի պահեր, որոնք պահանջում են մեր անհապաղ արձագանքը, հակառակ դեպքում՝ դրանք անցնում են։ Երբեմն իրադարձությունները պահանջում են, որ մենք գործենք։
Այսօր ցեղասպանություն է տեղի ունենում։ Էթնիկ զտումը դրա նպատակն է։ Լռելը և/կամ սարսափն անտեսելը կորցրած հնարավորություն է։
Մենք աղոթում ենք. Երկնային Հայր, ես տեսնում եմ ցավն ու տառապանքը այս աշխարհում։ Ես անցել եմ այդ ճանապարհով անցյալում։ Ես ասել եմ՝ «Այլևս երբեք»։ Այսօր ինձ քաջություն տուր՝ բարձրաձայնելու չարիքի դեմ ամենուր, որպեսզի ես ունենամ բարոյական իրավունք՝ խոսելու այն ժամանակ, երբ չարիքը կանգնի իմ դեմ։ Ամեն։
Մեծ պահքի ճանապարհ, օր 24 – Քար, թուղթ, մկրատ Մանկության տարիներին մեր սովորած վաղեմի խաղերից մեկը «Քար, թուղթ, մկրատ» խաղն է։ Կանգնելով մեր մրցակցի դիմաց՝ մենք ձեռքի ժեստով ցույց ենք տալիս այս խորհրդանիշներից մեկը։ Բաց ափը թղթի խորհրդանիշն է, սեղմված բռունցքը՝ քարը, իսկ երկու մատները՝ մկրատը։ Այս եռյակի յուրաքանչյուր տարր ունի իր ուժը, ինչպես նաև իր թուլությունը։ Յուրաքանչյուրն ունի իշխանություն մյուսի նկատմամբ և հաղթահարվում է մեկ ուրիշի կողմից։ Մկրատը կտրում է թուղթը, բայց ջախջախվում է քարի կողմից։ Թուղթը ծածկում է քարը, բայց պատռվում է մկրատով։ Քարը կոտրում է մկրատը, բայց անտեսանելի է դառնում թղթի կողմից։
Յուրաքանչյուր իր իր էությամբ օժտված է թվացյալ զորությամբ, սակայն միևնույն ժամանակ այն մատնվում է իր իսկ ներքին թուլության պատճառով։
Այս շաբաթ մենք քննարկում էինք մեր կյանքը տնտեսավարության տեսանկյունից, այն է՝ որո՞նք են մեր պատասխանատվությունն ու նպատակը կյանքում: Ինչպե՞ս ենք մենք տնօրինում Աստծուց մեզ վստահված շնորհները, որոնցից ամենամեծը մեր կյանքն է: Կյանքի կառավարիչ լինելը նշանակում է, որ մենք պետք է համակարգենք մեր շնչառությունը, ժպիտը, սրտի զարկերը, զգացմունքներն ու գործողությունները: Մենք յուրաքանչյուրս ունենք, ինչպես քարը, թուղթը և մկրատը, մեր սեփական թուլություններն ու ուժեղ կողմերը:
Մի հասարակության մեջ, որն այնքան մեծ շեշտադրում է կատարում արտաքին տեսքի վրա, ցավոք, հեշտ է անտեսել մեր ամենամեծ ուժեղ կողմերից մի քանիսը: Մեծ պահքի ճանապարհը մեզ հնարավորություն է տվել ինքնախորհրդածման և մեր ուժեղ կողմերը բացահայտելու համար: Դիտարկելով մեզ որպես Աստծո բարության տնտեսներ՝ մենք արագորեն հասկանում ենք, թե որքան հատուկ ենք մենք՝ որպես Աստծո յուրահատուկ արարածներ: Այսինքն՝ մենք կարող ենք լինել նուրբ և փխրուն՝ ինչպես թուղթը, բայց ունենք յուրահատուկ որակներ, որոնք կարող են ցույց տալ իրենց ուժն ու տոկունությունը կյանքի կոշտ ժայռերի դիմաց: Անհատապես մենք ունենք յուրահատուկ որակներ, սակայն կյանքի մեծ խաղադաշտում մենք մեր տաղանդները միավորում ենք հանուն թիմի՝ ամբողջի բարօրության:
Այսօր մենք անդրադառնում ենք այն տաղանդներին, որոնք Աստված շնորհում է մեզ: Ինչպե՞ս ենք մենք օգտագործում այդ տաղանդները կյանքի դժվարությունները հաղթահարելու համար: Արդյո՞ք մենք թղթի կտոր ենք: Կարո՞ղ ենք ծածկել մեր կյանքի ժայռերը: Միգուցե մենք մկրատ ենք և կարող ենք կտրել այն թուղթը, որը թաքցնում և պատում է մեր առաջընթացը: Իսկ եթե մենք ժայռեր ենք, պետք է օգտագործենք այդ զանգվածը՝ ջախջախելու այն մկրատը, որը մեզ մասնատում է: Մենք ունենք այս ուժերը մեր ներսում: Պարզապես հարկավոր է այդ յուրահատուկ որակները տարածել խաղադաշտում և գիտակցել, որ բազմաթիվ տարբեր մարդկանց և տարբեր տաղանդների հետ մենք խաղում ենք հավասար պայմաններում:
Աստված մեզ տալիս է եզակի ուժեղ կողմեր։ Այդ զորությունը գործի դնելու համար Նա մեզ տալիս է ազատություն, սեր և կարեկցանք։ Մենք կոչված ենք ուսումնասիրելու կյանքի բոլոր հարթությունները, որպեսզի կարողանանք առավելագույնի հասցնել մեր ներուժը։ Ապրելով կյանքով՝ մենք սկսում ենք նկատել մեր թուլությունը, և դա տեղի է տալիս վախին։ Դա բնական է։ Այժմ մենք հասկանում ենք, որ այդ վախերը հաղթահարելու համար պետք չէ դրսում փնտրել, այլ պետք է նայել ներս։ Մեր ուժը մեր մեջ է։ Անշուշտ, մենք կարող ենք վախեցած լինել։ Բայց հաշվի առեք հավասար պայմաններում, որ դա կարող է լինել այնքան պարզ մի բան, որքան թղթի մի կտոր, որը ծածկում է մեզ, ստվերում մեզ, խանգարում մեզ տեսնել մեր շուրջը եղած ողջ գեղեցկությունը։ Մենք արագորեն գիտակցում ենք, որ մեր մեջ ունենք մկրատը՝ այդ թուղթը կտրելու համար։ Մենք կարող ենք վախենալ այն մկրատներից, որոնք պատռում են մեզ, որոնք մեզ թողնում են մասնատված՝ ընտանեկան հարաբերությունների, մեր աշխատանքի և մեր սիրո մեջ։ Բայց մենք գիտակցում ենք, որ մեր մեջ ունենք քարը՝ ջախջախելու այն ատելությունը, որը բաժանում է մեզ այն ամենից, ինչ մենք սիրում ենք։ Եվ, իհարկե, մենք կարող ենք վախենալ որոշ քարերից, որոնք կարող են անսպասելիորեն ջախջախել մեր հաճույքի մի մասը։ Բայց անմիջապես հիշենք, որ թղթի պես մեր մեջ կան մասեր, որոնք կարող են դառնալ ստվեր, հովանոց այդ քարերի վրա, այդ դժվարությունների վրա՝ կանխելու համար այդ քարերի երբևէ երևալը կամ նույնիսկ մեզ մոտենալը։ Մենք իսկապես ունենք այդ ուժը մեր մեջ։ Մեծ պահքը մեզ հնարավորություն է տալիս գույքագրելու այդ ուժեղ կողմերը, ինչպես նաև մեր վախերը, և գիտակցելու, որ մենք կարող ենք հաղթահարել վատը՝ լավի միջոցով։
Մանկական մի պարզ խաղ՝ «Քար, թուղթ, մկրատ», և Տնտեսավարի շաբաթը հիշեցնում են մեզ մեր ուժեղ և թույլ կողմերի մասին, և թե ինչպես ենք մենք կառավարում դրանք։ Կյանքն ունի իր վերելքներն ու վայրէջքները՝ դժվարությունների և երջանկության ու փառքի պահերով։ Բայց ամեն ինչում մենք միացած ենք Աստծուն, երբ օգտվում ենք այն պարգևներից, որոնք Նա տվել է մեզ։ Փառաբանե՛ք այն տաղանդները, որոնք դարձնում են մեզ այն, ինչ կանք։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Ո՛վ Քրիստոս, որ կենդանի հուր ես, բորբոքի՛ր իմ հոգին Քո սիրո կրակով, որը Դու սփռեցիր այս երկրի վրա, որպեսզի այն այրի իմ հոգու պիղծ բծերը, սրբի՛ր իմ խիղճը, մաքրի՛ր իմ մարմնի մեղքերը և իմ սրտում վառի՛ր Քո գիտության լույսը։ Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանիմ)
https://epostle.net/wp-content/uploads/2013/03/Rock-Paper-Scissors.jpg819911Վազգեն Մովսեսյանhttps://epostle.net/wp-content/uploads/2022/07/final_logo_large_for_epostle_web-300x189.pngՎազգեն Մովսեսյան2024-03-06 00:01:402024-03-06 20:31:27Մանկական խաղ, մեծահասակների դաս. Մեծ պահքի օր 24