Անհրաժեշտ քայլեր. Մեծ պահք
Արմոդոքսի՝ այսօրվա համար. Անհրաժեշտ քայլեր
Այս առավոտ ես դիտեցի Փոլ Մաքքարթնիի համերգը։ Այն տեղի էր ունենում աշխարհի ինչ-որ մի լեփ-լեփուն մարզադաշտում, ինչը նրա համար սովորական երևույթ է։ Տեսախցիկները հերթով ցուցադրում էին Մաքքարթնիին, նրա նվագախումբը, հանդիսատեսին, ինչպես նաև մեծ մարզադաշտի ընդհանուր տեսարանները։
Նա հագել էր գրվածքով շապիկ։ Շապիկի վերևի մասում գրված «No more…» (Այլևս ոչ…) բառերը գրավեցին ուշադրությունս։ Մի պահ մտածեցի՝ որքան տեղին է Մեծ պահքի սկզբին քարոզել բուսակերությունը։ Նա հայտնի է որպես բուսական սննդակարգի մոլի ջատագով՝ խթանելով կենդանիների իրավունքները և շրջակա միջավայրի կայունությունը։ Պահք՞։ Մսից հրաժարվո՞ւմ։ Ոչ, այդ բառերի տակ ավելի մեծ ուղերձ կար։
«ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ԱԿԱՆ», - գոչում էին նրա շապիկի վրայի բառերը։
Ականներ. դրանք մարդկանց հաշմանդամ են դարձնում և պատճառում ցմահ ֆիզիկական ու հոգեբանական վերքեր։ Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ մի քանի օր անցկացրի Արցախի «Halo Trust» կազմակերպությունում և տեսա, թե ինչպես էին նրանք մանրակրկիտ ու մեթոդաբար, հատ-հատ մաքրում դաշտերը պատերազմի այս դաժան զենքերից։
Մտածում էի՝ ինչո՞ւ Մաքքարթնին չէր ընտրել «Այլևս ոչ մի պատերազմ» ավելի գլոբալ խնդիրը։ Ինչո՞ւ կանգ առնել միայն ականների վրա։ Եվ հետո ինքս ինձ բռնացրի։ Դա պարզապես մի ուղերձով շապիկ է։ Դա այն ուղերձն է, որը նա ցանկանում էր տարածել։ Դա մի ուղերձ էր, որին ես համամիտ էի, բայց շապիկը կրողը նա էր, ոչ թե ես։
Մեծ պահքի շրջանը սկսելիս մենք կոչված ենք օգտագործելու այս 40 օրը՝ մեզ ավելի մեծ պատկերին՝ կյանքին նախապատրաստելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես ականից ազատվելը մեծ նպատակին տանող գործընթաց է, Մեծ պահքի քառասուն օրը ինքնանպատակ չէ։ Դրանք մեզ նախապատրաստում են հաջորդող 325 օրվան, այսինքն՝ մեր կյանքին։ Մեծ պահքը մեր միջոցն է՝ մեթոդաբար գնահատելու մեր կյանքն ու ինքներս մեզ, որպեսզի այս աշխարհում ավելի լավ գործենք՝ ներդաշնակության և խաղաղության մեջ։
Այսօր աղոթե՛ք ուժի և համբերության համար, մինչ մենք պահքի և ինքնաքննության փոքր քայլերով առաջ ենք շարժվում՝ դեպի ավելի արդյունավետ և օրհնյալ կյանք։ Դաոսական ավանդույթից փոխառելով՝ հիշենք, որ հազար մղոնի ճանապարհը սկսվում է մեկ քայլից։


