Աղոթք՝ առանց թույլտվության (Դատավոր)
Արմոդոքսիան այսօր. Աղոթք՝ առանց թույլտվության
Այսօր մենք շարունակում ենք ավելի խորությամբ ուսումնասիրել Անիրավ դատավորի առակը՝ Հիսուսի պատմած մի պատմություն, որն արձանագրված է Ղուկասի Ավետարանի 18-րդ գլխում։
Այսօր մենք անդրադառնում ենք Տերունական աղոթքի՝ «Հայր մեր»-ի մի արտահայտությանը, որտեղ Հիսուսը սովորեցնում է մեզ աղոթել. «Եղիցի կամք Քո, որպես յերկինս և յերկրի»։ Երբ մենք արտասանում ենք այս խոսքերը, դա հաստատում չէ, որ Աստծո կամքը կարող է կատարվել երկրի վրա այնպես, ինչպես երկնքում։ Այդ իսկ պատճառով արտահայտությունը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե մենք թույլտվություն ենք տալիս Աստծուն. «Թող Քո կամքը կատարվի երկրի վրա, ինչպես երկնքում»։ Առաջ գնացեք, Աստվա՛ծ, Դուք կարող եք դա անել։
Աստծուն մեր թույլտվությունը հարկավոր չէ, Նա ավելի շուտ սպասում է մեր մասնակցությանը։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է ընդունենք Նրա հրավերը՝ Նրա կամքը այս աշխարհում իրականություն դարձնելու համար։
Հիսուսի առակները և Նրա պատգամը լի են մեզ գործողության մղող հրավերներով։ Աստծո կամքը հստակ հռչակվել է Քրիստոսի ծննդյան ժամանակ. «Խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց մեջ»։ (Ղուկաս 2:14) Դա է Նրա կամքը երկնքում։ Դա է այն ներդաշնակության հիմքը, որը մենք հասկանում ենք երկնքում։ Այժմ մարտահրավերը մերն է՝ լինելու այն գործիքները՝ ձեռքերը, ոտքերը, բերանը, գրկախառնությունը, ցանկությունը, որոնք կիրականացնեն Նրա կամքը այստեղ՝ երկրի վրա։
Ավելորդ իմաստներ մի՛ փնտրեք։ Նրա կամքը մոլորակի կործանումը կամ մահը չէ։ Դա մեկ էթնիկ խմբի կողմից մյուսի ոչնչացումը չէ։ Նա Մեր Հայրն է։ Մենք բոլորս Նրա զավակներն ենք։ Խաղաղությունն ու ներդաշնակությունը այն է, ինչ Նա հռչակեց Իր Որդու ծննդյան ժամանակ, և հենց այդ առաքելության համար է, որ մենք՝ Նրա զավակներս, պետք է ջանք թափենք։
Դարձյալ, այս խորասուզման երրորդ օրը, մենք տեսնում ենք, որ Անիրավ դատավորի առակը սովորեցնում է մեզ ընդունել Աստծո հետ կյանքի գեղեցկությանը հաղորդակից լինելու հրավերը։
Մենք աղոթում ենք. Տե՛ր, բացիր սիրտս՝ ընդունելու Քո կոչը՝ լինելու Քո սիրո և խաղաղության դեսպանը։ Տո՛ւր ինձ ուժ և քաջություն՝ ընդունելու այս հրավերը և գործելու ըստ այնմ։ Ամեն։


