Ողորմություն. «մեծ է» նշանի փոփոխումը
Օր 4. Նվիրատվություն և «ավելի մեծ է» նշանի տեղադրումը
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 4՝ Սպանախով աղցան՝ մարակույայի սոուսով և թխկու օշարակով պատված նուշով
Ինչպես սկսում ենք գիտակցել, Մեծ պահքը մեզ հնարավորություն է տալիս դանդաղեցնել ընթացքը և կյանքը մաքրել ավելորդություններից՝ կենտրոնանալով էականի վրա։ Մենք բացահայտում ենք այն, ինչն իրականում անհրաժեշտ է և կարևոր մեր կյանքի համար։ Այսօր մենք հասկանում ենք, որ տալու գործողությունը՝ ողորմածությունը, կյանքի էական մասն է, այսինքն՝ այն անհրաժեշտ է առողջ կյանքի համար։ Գործնականում, տալը մի այնպիսի գործողություն է, որից Դուք չեք կարող «հրաժարվել» Մեծ պահքի ընթացքում։ Ուրիշներին օգնելը հարստացնում է Ձեր հոգևոր կյանքը։
Եկե՛ք անդրադառնանք Լեռան քարոզին, որտեղ Հիսուս մեզ ուսուցանում է տալու ճիշտ կերպը։ Հիսուս ասում է. «Զգո՛ւյշ եղեք ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանել՝ նրանց երևալու համար, այլապես վարձք չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։ Արդ, երբ ողորմություն ես անում, փող մի՛ հնչեցրու քո առաջ, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք ստացել են իրենց վարձքը։ Երբ ողորմություն ես անում, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը, որպեսզի քո ողորմությունը լինի ծածուկ, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, կհատուցի քեզ»։ (Մատթեոս 6)
Տալը կամ ողորմածությամբ առաջնորդվելը մեր հավատքի արտաքին դրսևորումն է։ Ուրիշներին տալով՝ մենք արտահայտում ենք մեր սրտի ներքին ձգտումները։ Այդ դրսևորումները շատ բան են պատմում մեր մասին։ Տալու գործընթացում մենք ձևավորում ենք սովորություններ և աստիճանաբար հասկանում, որ փորձում ենք համատեղել տալու, ստանալու և վերցնելու գործընթացները։ Մենք ձգտում ենք հավասարակշռություն գտնել տալու և ստանալու միջև։ Օրինակ՝ մենք տալիս ենք նրանց, ումից հնարավոր է ստանալ, և վերցնում ենք նրանցից, ովքեր տալիս են։
Երբ Հիսուսն ասում է. «Ավելի օրհնյալ է տալը, քան ստանալը», Նա խախտում է այդ հավասարակշռությունը։ Նա հավասարության նշանի փոխարեն դնում է «մեծ է» նշանը, և մենք կոչված ենք անել նույնը։ Նա ասում է՝ երբ տալիս եք, պահպանեք այն մաքուր։ Եթե օգնում եք ուրիշներին, համոզվեք, որ դա անշահախնդիր է՝ առանց փոխհատուցում ակնկալելու։ Իրականում, Ավետարանների ողջ ընթացքում Հիսուսը պատվիրում է օգնել աղքատներին և կարիքավորներին։ Ինչո՞ւ։ Առաջին պատասխանն ակնհայտ է՝ որովհետև նրանք կարիք ունեն։ Սակայն ոչ այնքան ակնհայտ է այն, որ ավելի շատ մենքունենք տալու կարիք։ Երբ օգնում ենք ուրիշներին, հասկանում ենք, որ կյանքը հարստության կուտակումից ավելին է։ Մենք գիտակցում ենք, որ կյանքը չի բաղկացած այն իրերից, որոնք անվանում ենք սեփականություն։ Իրականում, այդ իրերն են տիրում մեզ։
Երբ Հիսուսը զգուշացնում է մեզ չփողհարել տալու ժամանակ, Նա պատվիրում է պահպանել մաքրությունը։ Տվեք առանց ակնկալիքի։ Նույնիսկ ուրիշների ծափահարություններն ու գովասանքը մի բան են, որ մենք ստանում ենք փոխարենը, ուստի խուսափեք դրանից՝ տալով գաղտնի։ Այդպիսով, մեր տալը դառնում է միակողմանի, և տալու այդ տեսակը զուրկ է եսասիրությունից, անձնազոհ է։ Մեծ պահքի այս չորրորդ օրը մենք սկսում ենք հասկանալ ես-ը կորցնելու կարևորությունը։ Երբ ես-ը նշանակություն չունի, սրտի ձգտումներն իսկապես մաքուր են։ Տալը դառնում է սիրո արտահայտություն՝ անվերապահորեն և առանց որևէ բան ակնկալելու։
Մեծ պահքի ընթացքում մենք կոչված ենք իսկապես քննելու ինքներս մեզ՝ ծոմապահությամբ, աղոթքով և ողորմածությամբ։ Այս երեքից ողորմածությունը ամենահեշտն է քննելը, քանի որ մենք նկատում ենք, թե ինչպես ենք տալիս։ Մեր գործերի մասին վկայություն կա։ Օգտվե՛ք այս ժամանակից։ Փորձե՛ք այս փոքր ու պարզ վարժությունը։ Քննե՛ք ձեր անցյալն ու ներկան՝ գտնելու այն մարդկանց, ովքեր յուրահատուկ կերպով ազդել են ձեր կյանքի վրա։ Գուցե զարմանաք՝ բացահայտելով, որ ձեզ վրա ամենաշատ ազդեցություն ունեցողները ոչ թե հայտնի աստղերն են եղել, ոչ թե մարզիկները, երգիչները կամ մեծահարուստները։ Իրականում, նրանք շատ պարզ մարդիկ են եղել, ովքեր ձեզ ինչ-որ բան են տվել՝ առանց անձնական շահ ակնկալելու։ Գուցե դա մայրիկն է եղել, հայրիկը, գուցե պապիկը կամ տատիկը։ Գուցե մի ընկեր, ով ձեզ հետ ժամանակ է անցկացրել կամ խորհուրդ տվել։ Եվ այն փաստը, որ դուք հիշում եք այդ մարդկանց, ապացույց է, որ տալը երբեք չի մահանում, քանի որ այն սիրո արտահայտություն է։
Միակողմանի տալը այն տեսակն է, որն Աստված ակնկալում է մեզանից, քանի որ հենց այդպիսի սեր է Նա ցույց տալիս մեր հանդեպ։ Միակողմանի տալը սիրո սահմանումն է։ Աստված մեզ տալիս է ամենաթանկարժեք պարգևը՝ մեր կյանքը։ Նա մեզ փրկություն է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, և այն տրվում է անվերապահորեն՝ ի հեճուկս մեր թերությունների։ Ուստի նույն կերպ տվե՛ք ուրիշներին։ Ավելին, Ավետարանի ողջ ընթացքում Հիսուս մեզ պատվիրում է տալ նրանց, ովքեր բացարձակապես ոչ մի հնարավորություն չունեն մեզ հատուցելու։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպես վարվելով՝ մենք դառնում ենք Աստծո նման։ Աստված նույնն արեց. Նա տվեց մարդկանց, ովքեր բացարձակապես ոչ մի հնարավորություն չունեին Նրան հատուցելու։ Ինչպե՞ս կարող եք հատուցել կյանքի և փրկության համար։ Եվ Աստված պատասխանում է՝ նույնն արեք ուրիշների հանդեպ։ Սիրե՛ք և հոգ տարե՛ք ուրիշների մասին՝ առանց ակնկալիքների և պայմանների։
Ուստի տվե՛ք առատաձեռնորեն։ Եվ հիշե՛ք, որ ձեր տալու նպատակը միայն նյութական բարիքները չեն։ Ձեր գրպանում եղածից ավելի կարևոր է այն, ինչ ձեր սրտում է։ Նվիրե՛ք ձեր ժամանակը։ Նվիրե՛ք ձեր ուշադրությունը։ Նվիրե՛ք ձեր սերը։ Գտե՛ք մի տարեց մարդու, ով ձեր ժամանակի մի քանի րոպեի կարիքն ունի։ Գտե՛ք մի երեխայի, ով ձեր օգնության կարիքն ունի գիրք կարդալու համար։ Գտե՛ք մեկին, ով սննդի կարիք ունի։ Գտե՛ք մեկ ուրիշին, ով ապաստանի կարիք ունի։ Կամ պարզապես գտե՛ք մեկին, ով ժպիտի կարիք ունի և ցանկանում է, որ դուք բռնեք նրա ձեռքը։ Տվե՛ք և արտահայտե՛ք ձեր սերը։
Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքներից մեկը՝
Ողորմածության Պարգևատու, շնորհի՛ր, որ ես Քեզ մոտենամ ճշմարիտ հավատքով, բարի գործերով և Քո Սուրբ Մարմնի ու Արյան հաղորդությամբ։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ (Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքից, 19/24)


