Սեբաստիայի 40 մանկունք – Մեծ պահքի 27-րդ օր
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 27. Սառը լինգվինի՝ կարմիր պղպեղի, արտիճուկի և արևահամ լոլիկի սոուսով
Մեծ պահքի ուղեգրության 27-րդ օրը՝ Ընկերություն
Հայ եկեղեցին Մեծ պահքի շաբաթ օրերից մեկի ընթացքում նշում է Սեբաստիայի 40 մանկանց հիշատակը: Թեև Սեբաստիան հայկական քաղաք է, ողջ քրիստոնյա աշխարհը ոգեկոչում է այնտեղ տեղի ունեցած նահատակությունը՝ որպես քրիստոնեության, տոկունության, զոհաբերության և ընկերության դաս:
Սեբաստիայի 40 նահատակների պատմությունը տեղի է ունեցել 4-րդ դարում, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով զինված հռոմեական բանակի 40 զինվորներ փորձության են ենթարկվում՝ կա՛մ հրաժարվել հավատքից, կա՛մ կորցնել կյանքը: Նրանք հրաժարվում են դավաճանել կամ ուրանալ Քրիստոս Հիսուսի հանդեպ իրենց հավատքը: Նրանց դատապարտում են տանջալից մահվան՝ ձմեռվա կեսին սառցե լիճը նետելով: Քառասուն տղամարդիկ ձեռք են մեկնում միմյանց: Նրանք ամուր բռնում են միմյանց՝ ստեղծելով կենդանի լաստ: Ջուրը հրաշքով տաքանում է: Աստված հնարավորություն է ստեղծում, որ սառցե ջուրը ջերմություն և կյանք տա: Այդպիսով՝ նրանք նաև հնարավորություն են ստանում սրբերի պսակ ստանալու:
Այս պատմությունը բազմաշերտ է: Հրավիրում եմ Ձեզ ընթերցելու դրա մասին, քանի որ այն հանդիպում է բազմաթիվ գրքերում և հոդվածներում: Այժմ ցանկանում եմ կենտրոնանալ այն ընկերության վրա, որ գոյություն ուներ այդ զինվորների միջև, հատկապես այն պատճառով, որ նրանք ունեին նույն նպատակը և հավատքի նույն հիմքը: Ավելին, նրանք պատկանում էին մի համայնքի, որը միավորում էր նրանց:
Մենք հարաբերություններ ենք կառուցում այն մարդկանց հետ, ում հետ հաստատում ենք այսպես կոչված «ընկերություն»: Հաճախ դրանք սահմանափակ գործընկերություններ են. այսինքն՝ մենք կարող ենք խոսել ամեն ինչի մասին, բացի հավատքի հարցերից: Մենք գուցե խուսափենք հավատքի կամ կրոնի մասին խոսելուց: Ինչո՞ւ: Որովհետև մեզ պայմանավորել են, մեզ սովորեցրել են, որ քաղաքավարի չէ կրոնի մասին քննարկումներ ծավալել խառը հասարակության մեջ: Ի վերջո, քաղաքականությունն ու կրոնն այն երկու բաղադրիչներն են, որոնք երբեք չեք ցանկանա ներառել ընկերության մեջ: Մեզ ասում են, որ քաղաքականության և կրոնի պատճառով ավելի շատ վեճեր են ծագում, քան որևէ այլ թեմայից:
Մեծ պահքի այս ճանապարհորդության ընթացքում Դուք նայել եք ներս և դուրս: Դուք կառուցել եք Ձեր աղոթքի կյանքը՝ որակով և քանակով: Դուք Ձեզ ընկալում եք որպես կարգապահ էակներ՝ օժտված պահքի և ժուժկալության պրակտիկայով: Ձեր քրիստոնեական ողորմածությունը սահմանվում է պատասխանատվությամբ և հոգատարությամբ: Այս չորրորդ շաբաթվա ավարտին Դուք հասկանում եք, որ քրիստոնեությունը բնավ այն աղավաղված պատկերացումը չէ, որի մասին շատերն են խոսում, այլ քրիստոնեության մեջ մաքրություն կա: Քրիստոնեությունը ոչ միայն սիրով է սահմանվում, այլև այն մաքուր սիրո արտահայտությունն է: Այն կոչ է անում Ձեզ ընդլայնվել և նվիրվել միմյանց: Դա զոհաբերություն է, որը դրսևորվում է ընկերության և հարաբերությունների մեջ: Դուք սիրում, պատվում, հարգում և փայփայում եք միմյանց:
Քանի որ Քրիստոսի պատգամն այնքան մաքուր է, այն մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս աճելու այդ նույն մաքրության մեջ:
Քառասուն նահատակները գտան այդ մաքրությունը միմյանց մեջ: Նրանք կարողացան բռնել միմյանց ձեռքը և մնալ ջրի երեսին այդ լճում: Նրանք կարողացան ուժ քաղել միմյանցից: Մենք նույնպես ուղևորության մեջ ենք, որը կոչվում է կյանք: Մենք փնտրում ենք ընկերներ և երբեմն հեռու ենք մնում, քանի որ զգում ենք, որ մյուսները գուցե չհասկանան մեր դիրքորոշումը: Իսկական ընկերությունը նշանակում է, որ մենք կարող ենք անկեղծ լինել միմյանց հետ: Այն նշանակում է, որ մենք կարող ենք ապավինել միմյանց: Մենք կարող ենք հենվել ուրիշների վրա և ակնկալել, որ նրանք նույնպես կհենվեն մեզ վրա: Դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ է բաց երկխոսություն: Այդ երկխոսության համար գոյություն ունի բանաձև: Այն սկսվում է կյանքի հիմնական էության մասին խոսելով, ներառյալ մեր հավատքը, մեր հոգևորությունը, թե ով ենք մենք, ինչպես ենք հասկանում ինքներս մեզ և ինչ նվիրվածություն ունենք սիրո հանդեպ: Մենք այժմ արագորեն հասկանում ենք, որ հավատքի հարցերում ամաչելու ոչինչ չկա: Այժմ մեր էության անբաժանելի մասն է դառնում հպարտորեն կանգնել և ասել. «Այո՛, ես քրիստոնյա եմ, որովհետև Քրիստոսի ընտանիքի անդամ եմ»: Պարզ ասած՝ մենք ասում ենք. «Այո՛, ես կոչված եմ սիրելու»: Ոչ ավելին, և անշուշտ՝ ոչ պակաս:
Սիրել, կարողանալ ոտքի կանգնել և օգնել: Կարողանալ նստել դժվարության մեջ հայտնված ընկերոջ կողքին: Կարողանալ ձեռք մեկնել կարիքավորին: Եվ կարողանալ առաջարկել ուժ ու քաջություն՝ բարձրացնելու ընկածին: Տեսնում եք, քրիստոնեությունը հենց այն է, որ շարունակենք այն, ինչ սկսեց Քրիստոսը:
Սեբաստիայի քառասուն մանկունք Քրիստոսի պատգամը հասկանում էին որպես համայնքի դրսևորում։ Տոնի անունն իսկ հուշում է համայնքի մասին։ Մենք հիշում ենք ոչ թե մեկ նահատակի, այլ քառասուն։ Սա հավաքականություն է՝ մարդիկ, որոնք կառչած են միմյանց, պահում են իրար և չեն ընկրկում կյանքի դժվարությունների առաջ։ Երբ մենք գիտակցում ենք սա, սկսում ենք ձեռք մեկնել միմյանց։ Մենք այլևս չենք վախենում վստահել մեր ընկերներին։ Փոխարենը՝ ձևավորում ենք առողջ ու անկեղծ հարաբերություններ և դառնում իսկական բարեկամներ։ Ձեռք մեկնել, կառչել միմյանց, մնալ կյանքի ջրերի երեսին... Հասկացե՛ք, որ հենց այսպես են կատարվում հրաշքները, քանի որ հենց այդ պահերին է Աստված տաքացնում ջրերը։ Մենք ևս մեկ հնարավորություն ունենք իսկապես նավարկելու և իրականացնելու այն երազանքները, որոնք միայնակ անհնար են, բայց միանգամայն հասանելի՝ համայնքային միասնության շնորհիվ։
Մեծ պահքի այսօրվա առաջադրանքը պարզ է. կապ հաստատեք Ձեր ընկերների, Ձեր ընտանիքի հետ: Ներգրավեք նրանց հավատքի մասին զրույցի մեջ: Օգնեք նրանց հասկանալ, թե որքան կարևոր է այդ հավատքը Ձեզ համար, և իսկապես բացատրեք, թե որոնք են այդ հավատքի չափումները: Ոչ թե պարզապես պատմություններ կամ առասպելներ, այլ իրական պատմություն՝ հույսի, հավատքի, միմյանց ձեռք մեկնելու և միմյանց ոտքի կանգնելուն օգնելու մասին: Միասին: Աստծո օրհնությամբ Դուք կհասնեք Ձեր առջև դրված նպատակներին և երազանքներին:
Նույն ոգով աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալու հետ.
Փառավորյալ Տեր, ընդունիր Քո ծառայի աղաչանքները և բարեհաճորեն կատարիր իմ խնդրանքները՝ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, Սուրբ Ստեփանոս նախավկայի, մեր Լուսավորիչ Սուրբ Գրիգորի, սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, նահատակների, հայրապետների, ճգնավորների, կույսերի և երկնքում ու երկրի վրա եղող Քո բոլոր սրբերի բարեխոսությամբ: Եվ Քեզ, ո՛վ անբաժանելի Սուրբ Երրորդություն, փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից: Ամեն: (24/24)
Լուսանկարը՝ 2009 թ., Տեր Վազգեն Մովսեսյան


