Պահքը՝ որպես գործիք
Արմոդոքսիան այսօր. Պահք
Մատթեոսի Ավետարանում (17:13-21) մենք կարդում ենք.
Մի մարդ մոտեցավ Հիսուսին, ծնկի իջավ Նրա առաջ և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր որդուս, որովհետև նա լուսնոտ է և չարչարվում է. հաճախ ընկնում է կրակի մեջ և հաճախ՝ ջրի մեջ։ Ես նրան բերեցի Քո աշակերտների մոտ, բայց նրանք չկարողացան բժշկել նրան»։
Հիսուսն ասաց. «Բերե՛ք նրան Ինձ մոտ»։ Եվ Հիսուս սաստեց դևին, և այն դուրս ելավ նրանից, ու երեխան բժշկվեց հենց այդ ժամից։
Այն ժամանակ աշակերտները առանձին մոտեցան Հիսուսին և հարցրին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել այն»։
Հիսուսն ասաց նրանց. «...Այս տեսակը ոչնչով դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով և պահքով»։
Մեր Տիրոջ կյանքից վերցված այս կարճ պատմության մեջ Նա հիշատակում է պահքը, թերևս միայն որպես աղոթքի հավելում, սակայն մենք հասկանում ենք, որ այն հզոր գործիք է քրիստոնյայի համար։
Երեկ Նորին Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ Արևմտյան թեմի առաջնորդը, հայտարարեց 24-ժամյա պահք՝ ի զորակցություն Արցախի մեր եղբայրների և քույրերի։ Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը և ժողովուրդը արգելափակել են սննդի և բժշկական պարագաների մուտքը Արցախի հայ բնակչության համար։ Նրանք թիրախավորել են հայերին՝ ոչնչացման նպատակով, այլ կերպ ասած՝ նրանք իրականացնում են Հայոց երկրորդ ցեղասպանությունը։
Աղոթքի նման, պահքը ևս քրիստոնյայի կյանքում անհրաժեշտ տարր է։ Մատթեոսի 6-րդ գլխում՝ Լեռան քարոզի ժամանակ, Հիսուսը խոսում է պահքի անհրաժեշտության մասին։ Նա ոչ միայն ուսուցանեց այն, այլև ինքը պահեց պահք, հատկապես իր մկրտությունից հետո և քարոզչությունը սկսելուց առաջ անապատում անցկացրած 40-օրյա մեկուսացման ընթացքում։
Պահքն ամրապնդում է անհատի կամքն ու վճռականությունը։ Պահքի ընթացքում մարդը քաղց է զգում, երբեմն՝ նաև ցավ։ Հենց ֆիզիկական այդ կարոտի պահերին ենք մենք հասկանում Հիսուսի խոսքերը՝ 40-օրյա պահքի ժամանակ ասված. «Մարդ միայն հացով չպիտի ապրի, այլ Աստծու բերանից ելնող ամեն խոսքով»։
Պահքի և աղոթքի կոչը Ձեր ուժեղ և թույլ կողմերը ճանաչելու կոչ է։ Անհրաժեշտ է պատրաստել և ամրապնդել Ձեր ներքին էությունը հոգևոր պատերազմի համար։ Ֆիզիկական բոլոր պատերազմների հետևում կան ավելի մեծ հոգևոր պատերազմներ, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Հաճախ մարդիկ իրենց վախերի և խնդիրների լուծումները փնտրում են իրենցից դուրս։ Մի՛ մոռացեք, որ քրիստոնյան կոչված է անձնական պատասխանատվության։ Մենք կարող ենք նայել ներկա իրավիճակին՝ լինի դա Հայաստանում, Ուկրաինայում, թե Սուդանում, և պատասխաններ ակնկալել ուրիշներից, հատկապես մեծ պետություններից, բայց դա մեզ դուրս է թողնում լուծումից։ Յուրաքանչյուրս մեր մեջ ունենք ընդվզելու և լուծման մասը դառնալու կարողությունը։ Պահքը մեզ դնում է ճիշտ հունի մեջ, իսկ համազգային պահքի դեպքում, ինչպիսին արքեպիսկոպոսի կոչն է, մենք միավորվում ենք նույն նպատակներն ունեցողների հետ։ Մենք սկսում ենք միասնական ճակատ կազմել այն հոգևոր պատերազմում, որ մղում ենք։
Այսօրվա խորհրդածությունը Հիսուսի՝ 40 օր և 40 գիշեր պահք պահելիս փորձվելու ընթերցումն է,
Եվ երբ Նա քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահեց, վերջում քաղցեց։ Փորձիչը մոտեցավ Նրան և ասաց. «Եթե Աստծու Որդի ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։ Իսկ Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. «Մարդ միայն հացով չպիտի ապրի, այլ Աստծու բերանից ելնող ամեն խոսքով»։ Ապա սատանան Նրան տարավ սուրբ քաղաք, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա և ասաց Նրան. «Եթե Աստծու Որդի ես, ցա՛ծ նետվիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին կպատվիրի Քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն Քեզ, որպեսզի ոտքդ քարին չխփես»։ Հիսուսն ասաց նրան. «Դարձյալ գրված է. «Տիրոջը՝ քո Աստծուն, չպիտի փորձես»։ Դարձյալ սատանան Նրան տարավ չափազանց բարձր մի լեռ և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները և դրանց փառքը։ Եվ ասաց Նրան. «Այս ամենը Քեզ կտամ, եթե ընկնես և երկրպագես ինձ»։ Այն ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռացի՛ր, սատանա՛, որովհետև գրված է. «Տիրոջը՝ քո Աստծո՛ւն, պիտի երկրպագես և միայն Նրան պիտի պաշտես»։ Ապա սատանան հեռացավ Նրանից, և ահա հրեշտակներ եկան ու ծառայում էին Նրան։


