Հավատով խոստովանիմ – Շնորհալի
Հավատով խոստովանում եմ. Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքները
1) Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, անեղ և անմահ էություն, արարիչ հրեշտակների, մարդկանց և ամենայն գոյի։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
2) Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ՝ Լույս անբաժանելի, միաժամանակյա Սուրբ Երրորդություն և մեկ Աստվածություն, արարիչ լույսի և հալածիչ խավարի։ Հեռացրու իմ հոգուց մեղքի և տգիտության խավարը և այս ժամին լուսավորիր իմ միտքը, որպեսզի կարողանամ աղոթել Քեզ Քո կամքի համաձայն և Քեզնից ստանալ իմ խնդրվածքների կատարումը։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
3) Երկնավոր Հայր, ճշմարիտ Աստված, Որ Քո սիրելի Որդուն ուղարկեցիր մոլորյալ ոչխարին փնտրելու, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ. ընդունիր ինձ ինչպես Անառակ որդուն և հագցրու ինձ անմեղության պատմուճանը, որից զրկվեցի մեղքի պատճառով։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
4) Որդի Աստծո, ճշմարիտ Աստված, Որ իջար Հոր գրկից և մեր փրկության համար մարմին առար Սուրբ Կույս Մարիամից, Որ խաչվեցիր, թաղվեցիր, հարություն առար մեռելներից և համբարձվեցիր առ Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ. հիշիր ինձ ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
5) Հոգի Աստծո, ճշմարիտ Աստված, Որ իջար Հորդանան և վերնատուն, և Որ լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ. մաքրիր ինձ Քո աստվածային կրակով, ինչպես որ մաքրեցիր սուրբ Առաքյալներին հրեղեն լեզուներով։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
6) Անեղ էություն, մեղանչեցի Քո դեմ մտքով, հոգով և մարմնով. մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը Քո Սուրբ անվան համար։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
7) Ամենատես, մեղանչեցի Քո դեմ մտքով, խոսքով և գործով. ջնջիր իմ հանցանքների մատյանը և գրիր անունս Կենաց գրքում։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
8) Գաղտնիքներ քննող, մեղանչեցի Քո դեմ կամավոր և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. շնորհիր ինձ՝ մեծ մեղավորիս, թողություն, քանզի սուրբ ավազանից ծնված օրվանից մինչ այսօր մեղանչել եմ Քո առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
9) Ամենախնամ Տեր, Քո սուրբ երկյուղը դիր որպես պահապան իմ աչքերի առաջ, որպեսզի չնայեն շահամոլությամբ. ականջներիս առաջ, որպեսզի չհաճեն չար խոսքեր լսելուց. բերանիս առաջ, որպեսզի չխոսի սուտ. սրտիս առաջ, որպեսզի չխորհի չարիք. ձեռքերիս առաջ, որպեսզի չգործեն անիրավություն. ոտքերիս առաջ, որպեսզի չքայլեն անիրավության ուղիներով. այլ ուղղիր դրանք, որպեսզի միշտ լինեն Քո բոլոր պատվիրանների համաձայն։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
10) Ո՛վ Քրիստոս, Որ Կենդանի Կրակ ես, բորբոքիր հոգիս Քո սիրո կրակով, որը դու ուղարկեցիր երկրի վրա, որպեսզի այն այրի իմ հոգու պիղծ հետքերը, սրբագործի խղճմտանքս, մաքրի մարմնիս մեղքերը և իմ սրտում վառի Քո գիտության լույսը։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
11) Ո՛վ Հիսուս, Հոր իմաստություն, շնորհիր ինձ իմաստություն, որպեսզի միշտ խորհեմ, խոսեմ և անեմ այն, ինչ բարի է Քո աչքերում. փրկիր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
12) Ով Տեր, Դու, որ կամենում ես բարին և կամքի առաջնորդն ես, թույլ մի տուր, որ հետևեմ սրտիս ցանկություններին, այլ առաջնորդիր ինձ՝ միշտ ապրելու Քո բարի կամքի համաձայն։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
13) Երկնավոր Թագավոր, շնորհիր ինձ Քո արքայությունը, որ խոստացել ես Քո սիրելիներին. զորացրու սիրտս՝ ատելու մեղքը, սիրելու միայն Քեզ և կատարելու Քո կամքը։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
14) Քո արարածների Պաշտպան, Քո խաչի նշանով պահպանիր հոգիս և մարմինս մեղքի գայթակղություններից, սատանայի և անարդար մարդկանց փորձություններից, ինչպես նաև հոգու և մարմնի բոլոր վտանգներից։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
15) Ով Քրիստոս, ամենքի Պահապան, թող Քո Աջը պահի և հովանի լինի ինձ օր ու գիշեր, տանը և ճանապարհին, քնած և արթուն ժամանակ, որպեսզի երբեք չընկնեմ։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
16) Ով իմ Աստված, Դու, որ բացում ես Քո ձեռքը և լցնում ամեն կենդանի էակ Քո առատությամբ, Քեզ եմ հանձնում հոգիս. խնամիր ինձ և հոգա մարմնիս ու հոգուս կարիքները հավիտյան։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
17) Դու, որ ետ ես դարձնում մոլորյալներին, դարձրու ինձ չար ճանապարհներից դեպի բարին և հոգուս մեջ դրոշմիր մահվան ահեղ օրվա հիշատակը, դժոխքի երկյուղը և Քո Արքայության սերը, որպեսզի ապաշխարեմ մեղքերիս համար և գործեմ արդարություն։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
18) Անմահության Աղբյուր, սրտիցս հոսեցրու ապաշխարության արցունքներ՝ պոռնիկ կնոջ արցունքների պես, որպեսզի լվանամ հոգուս մեղքերը, նախքան այս աշխարհից հեռանալս։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
19) Ողորմության Պարգևատու, շնորհիր, որ Քեզ մոտենամ ճշմարիտ հավատով, բարի գործերով և Քո Սուրբ Մարմնի ու Արյան հաղորդությամբ։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
20) Բարերար Տեր, հանձնիր ինձ բարի հրեշտակի, որպեսզի հոգիս խաղաղությամբ ավանդեմ. փոխադրիր այն անխռով երկնքի տակ գտնվող չար ոգիների չարությունից։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
21) Ով Քրիստոս, Ճշմարիտ Լույս, արժանացրու հոգիս ուրախությամբ տեսնելու Քո փառքի լույսը այն օրը, երբ կանչես ինձ, և հանգչելու արդարների օթևաններում՝ բարիքների հույսով, մինչև Քո փառավոր գալուստի օրը։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
22) Արդար Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, դատաստանի մի՛ մտիր Քո ծառայի հետ, այլ փրկիր ինձ հավիտենական կրակից և արժանացրու լսելու արդարների երանավետ կանչը դեպի Քո երկնային արքայություն։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
23) Ամենողորմ Տեր, ողորմիր Քո բոլոր հավատացյալներին՝ թե՛ իմ մտերիմներին, թե՛ օտարներին, թե՛ նրանց, ում ճանաչում եմ, և թե՛ նրանց, ում չեմ ճանաչում, թե՛ կենդանիներին և թե՛ մեռյալներին։ Ներիր իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին այն հանցանքները, որ գործել են իմ դեմ, դարձրու նրանց իմ հանդեպ ունեցած չարությունից, որպեսզի արժանի լինեն Քո ողորմությանը։ Ողորմիր Քո արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։
24) Փառավորյալ Տեր, ընդունիր Քո ծառայի աղաչանքները և բարեհաճորեն կատարիր խնդրվածքներս՝ Սուրբ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի, առաջին նահատակ Սուրբ Ստեփանոսի, մեր Լուսավորիչ Սուրբ Գրիգորի, Սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների, Նահատակների, Հայրապետների, Ճգնավորների, Կույսերի և երկնքում ու երկրի վրա եղող Քո բոլոր սրբերի բարեխոսությամբ։ Եվ Քեզ, ով անբաժանելի Սուրբ Երրորդություն, փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից։
Ամեն


