Ներման պայմանները (կամ դրանց բացակայությունը)
Ներման հրամայականը
«Տերունական» աղոթքում Աստծուց խնդրվող խնդրանքները քիչ են։ Մենք հայցում ենք մեր հանապազօրյա հացը, մեր մեղքերի թողությունը, փորձությունից և, ի վերջո, չարից զերծ մնալը։ Սա կարճ ցանկ է՝ հսկայական պահանջներով։ Դրանցից մեղքերի թողությունը առանձնանում է մյուսներից, քանի որ սա միակ խնդրանքն է, որը պայմանական է։ Հիսուսի ուսուցանած աղոթքում օգտագործված բառերն են՝ «Թող մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին»։
Մեր պարտքերը կամ մեղքերը ներվում են նույն չափանիշով, որով մենք ներում ենք ուրիշների պարտքերը կամ մեղքերը։ Իրականում, սա «Հայր մեր» աղոթքի այնքան կարևոր մասն է, որ Հիսուս այն հաստատում է աղոթքին հաջորդող 6:14-15 համարներում. «Որովհետև եթե մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ կների ձեզ։ Իսկ եթե մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները»։
Մեր մեղքերը ներվում են այնքանով, որքանով մենք ներում ենք ուրիշների մեղքերը։ Եթե մարդուն ներեք նրա պարտքի միայն կեսը, վստահ եղեք, որ Աստված էլ կների ձեր պարտքերի կամ մեղքերի միայն կեսը։
Մեղքերի տոկոսները կամ ներման չափաբաժինները հաշվելուց ավելի կարևոր է այն, որ Հիսուս մեզ կոչ է անում պատասխանատվություն ստանձնել աշխարհում ներդաշնակություն հաստատելու համար։
Բարի, իմաստալից և լիարժեք կյանքով ապրելու ամենամեծ խոչընդոտը մեր մեղքն է։ Եկեղեցում մենք առանձնացնում ենք յոթ «մահացու» մեղքեր՝ հպարտություն, բարկություն, նախանձ, ագահություն, պոռնկություն, որկրամոլություն և ծուլություն։ Այսօր մի պահ տրամադրեք՝ բացահայտելու աստվածահաճո և բարի կյանքով ապրելու ձեր խոչընդոտների պատճառները։ Դուք կտեսնեք, որ ձեր դժվարությունների արմատին հենց այս նշված մեղքերից մեկը կամ մի քանիսն են։ Դուք ունեք ձեր մեջ մեղքերի թողություն ստանալու հնարավորությունը։ Պայմանը մեկն է՝ ներել ուրիշներին։ Այլ կերպ ասած՝ Հիսուս մեզ պատվիրում է ապրել բոլորի հետ ներդաշնակության մեջ։
Չկա մեկը, ով չի մեղանչում։ Միայն Հիսուսն է անմեղ։ Որպես այդպիսին՝ միայն Հիսուսն ունի ուրիշներին դատելու իրավունք, սակայն Նա ընտրում է չդատել։ Այժմ մեր հերթն է։ Ներե՛ք։
Աղոթենք.
Հայր մեր, որ երկնքում ես,
սուրբ թող լինի Քո անունը.
թող գա Քո թագավորությունը.
թող լինի Քո կամքը
ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա.
մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր.
և ներիր մեզ մեր պարտքերը,
ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին.
և մի՛ տար մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից.
քանզի Քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս։ Ամեն։


