Պատվիրանը՝ այստեղ
Արմոդոքսիան այսօր. Պատվիրանը՝ այստեղ
Այսպես կոչված «Մեծ հանձնարարականը» այն ուղղությունն է, որը Հիսուսը տալիս է Իր առաքյալներին երկինք համբարձվելուց անմիջապես առաջ:
Սուրբ Մատթեոսը գրի է առել այդ իրադարձությունը՝ հիշեցնելով, որ աշակերտների խումբը բաղկացած էր սկզբնական տասներկու աշակերտներից միայն տասնմեկից (առանց Հուդայի): Մենք կարդում ենք.
«Տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա՝ այն սարը, ուր Հիսուսը նրանց պատվիրել էր գնալ: Երբ տեսան նրան, երկրպագեցին նրան, բայց ոմանք կասկածեցին: Հիսուս մոտեցավ նրանց և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա: Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր հեթանոսներին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ որ պատվիրեցի ձեզ: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:16-20):
Հիսուսը տասնմեկին պատվիրում է շարունակել Իր գործը՝ դուրս գալով այն աշխարհից, որին նրանք սովոր էին: Այստեղ քրիստոնեական պատգամը տարածվում է աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բացառություններ չկան: Ոչ մի երկրի կամ ազգի համար «արտոնյալ կարգավիճակ» չկա: Սա հրաման է, որ Իր պատգամը համընդհանուր է: Ավելին, Նա մկրտությունը սահմանում է որպես համայնք մուտք գործելու կետ և ընդգծում, որ Իր պատվիրանները քրիստոնեության վառելիքն են: Իր պատվիրանները ամփոփվել են այսպես. «Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով, և սիրի՛ր քո ընկերոջը՝ քեզ պես» (Մատթեոս 22:36-40): Եվ վերջապես, Նա տալիս է Իր անխախտ խոստումը, որ Ինքը հավիտյան մեզ հետ է: Նրա սերն ու հոգատարությունն անսասան են և պատկանում են մեզ՝ ժամանակային սահմանափակումներից դուրս:
Երեկ մենք կարդացինք Համբարձման պատմությունը, այսօր կարդում ենք գործողությունները՝ այն նկարագիրը, թե ինչ էր Հիսուսն ակնկալում Իր եկեղեցուց: Կարևոր է նշել, որ այս պատվիրանը չի տրվել Երուսաղեմի կամ որևէ այլ վայրի բոլոր բնակիչներին: Նա այս խմբի մեջ չի ներառում մյուս աշակերտներին, որոնց հաճախ անվանում են 72 աշակերտներ: Ոչ, այն ուղղված է մի շատ հատուկ խմբի, որը շուտով կդառնա քրիստոնեական եկեղեցու կորիզը:
Երբ մենք խոսում ենք Առաքելական եկեղեցու մասին, մենք նկատի ունենք այն եկեղեցին, որն իրեն կապում է այս իրադարձության հետ: Այդ տասնմեկից յուրաքանչյուրը (իսկ ավելի ուշ՝ 12-ը՝ Մաթիայի ավելացմամբ) գնաց աշխարհի տարբեր ծայրեր: Պետրոսը գնաց Հռոմ, Թովմասը՝ Հնդկաստան, Մատթեոսը՝ Եթովպիա, Հուդա Թադեոսը՝ Հայաստան՝ նշելու համար նրանցից միայն չորսին: Յուրաքանչյուրը կատարեց իր առաքելությունը: Նրանք հայտնվեցին թշնամական տարածքներում, և բոլորը, բացի Հովհաննեսից, նահատակվեցին: Հովհաննեսն ավարտեց իր կյանքը աքսորի մեջ՝ մի կղզում:
Մենք կուսումնասիրենք նրանցից յուրաքանչյուրի պատմությունը, սակայն մեր այսօրվա քննարկման համար կարևոր է նշել Առաքելական պատվիրանը: Այն քրիստոնեական եկեղեցու հիմքն է: Եվ մինչ մենք մոտենում ենք Հոգեգալստյան տոնին, կտեսնենք, թե ինչպես այս փոքրիկ, բազմազան խումբը, որին համակարգը սարսափելի էր համարում և որի առաջնորդը դատապարտվել էր մահվան, դարձավ մարդկության պատմության ամենաազդեցիկ և կարևոր պատգամը կրողը:
Համբարձումը Հիսուսի երկինք բարձրանալն է: Երեկ ես Ձեզ խնդրեցի ոչ թե երկնքին նայել, այլ շուրջբոլորը: Այսօր, Հիսուսի պատգամով և աշակերտներին տրված պատվիրանով, մենք սկսում ենք հասկանալ, որ կյանքի ուղղությունը հենց այստեղ և հիմա է: Առաքելական եկեղեցու առաքելությունը եղել և մնում է մարդկանց բերել Հիսուսի ուսուցանած սիրո պատգամին: Եվ այո, այդ սիրո մեջ մենք գտնում ենք, որ Հիսուսը մեզ հետ է այժմ և հավիտյան:
Շապիկ՝ Տաթևի վանքը շրջապատող բլուրները


