Արժեքի հարաբերականություն
Արմոդոքսիան այսօր. Արժեքի հարաբերականություն
Ավետարաններում տեղ գտած «Այրու լումայի» պատմությունը բավականին պարզ է։ Մարկոսի Ավետարանում կարդում ենք. «Եվ Հիսուսը նստեց գանձանակի դիմաց և նայում էր, թե ժողովուրդն ինչպես է գումար գցում գանձանակի մեջ։ Եվ շատ հարուստներ շատ բան էին գցում։ Ապա եկավ մի աղքատ այրի և երկու լումա գցեց։ Նա իր մոտ կանչեց Իր աշակերտներին և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելին գցեց, քան բոլոր նրանք, ովքեր գցեցին գանձանակի մեջ. որովհետև նրանք բոլորն իրենց ավելցուկից գցեցին, իսկ սա իր աղքատությունից գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը»»։ (12:41-44)
Շատ ավելի վաղ, քան Մարգարեթ Միդի հետազոտությունները կհանգեցնեին մշակութային հարաբերականության նրա ուսմունքներին, կամ Այնշտայնի հաշվարկները նրան կտային հարաբերականության տեսությունները, Հիսուսը հիմնավորել էր արժեքի հարաբերականությունը։ Այս մոդելում երկու լուման ավելի մեծ արժեք ունի, քան դրանից 10, 20 կամ 100 անգամ ավելին։ Ընծայի արժեքը, ըստ Հիսուսի, հիմնված է մարդու դիրքի և մտադրության վրա։ «...Որովհետև նրանք բոլորն իրենց ավելցուկից գցեցին,- բացատրեց Հիսուսը,- իսկ սա իր աղքատությունից գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ողջ ապրուստը»։
Արժեքի հարաբերականությունը մեզ հորդորում է նայել առարկայի ներքին՝ դրամական արժեքից այն կողմ և տեսնել դրա մտադրված արժեքը։ Սա բարդ խնդիր է, քանի որ մենք իրավունք չունենք դատելու մարդու նվիրատվության մտադրությունները։ Հիսուսը կարող է դա անել՝ Իր էության շնորհիվ, սակայն մենք՝ ոչ, քանի որ մեր մտադրությունները միշտ չէ, որ մաքուր են։
Այս ամենով հանդերձ՝ արժեքի հարաբերականության մյուս կողմը մարդու դիրքն է. տվյալ պատմության մեջ նա այրի կին էր։ Հիսուսի ժամանակներում կնոջ իրավական և սոցիալական կարգավիճակը որոշվում էր ամուսնու կողմից։ Այրիները չէին կարող սեփականություն ունենալ, քանի որ նրանց ամուսինները մահացել էին։ Ամուսնու մահից հետո այրին կարող էր ապրել հոր տանը, եթե հայրը ողջ էր, կամ էլ չափահաս որդու տանը, եթե նա ուներ այդպիսին։
Ղուկասի Ավետարանում մենք կարդում ենք, թե ինչպես է Հիսուսն անցնում մի քաղաքով, որտեղ թաղում է տեղի ունենում։ Մենք կարդում ենք. «Երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա հանգուցյալին դուրս էին հանում, որ իր մոր միակ որդին էր, և նա այրի էր։ Երբ Տերը տեսավ նրան, կարեկցեց նրան և ասաց. «Մի՛ լացիր»»։ (Ղուկաս 7:11-15) Նա կանգնեցնում է թաղման արարողությունը և հարություն տալիս մահացած որդուն։ Ինչո՞ւ Նա «կարեկցեց նրան»։ Որովհետև առանց որդու՝ նա անօգնական կմնար։ Նա կորցրել էր ամուսնուն, իսկ այժմ՝ նաև իր միակ որդուն։
Թեև այրու ընծայի պատմությունը նվիրատվության և դրա անկեղծության մասին ամենակարևոր դասերից է, այսօր մենք կենտրոնանանք արժեքի հարաբերականության վրա։ Ցավի, տառապանքի կամ աղքատության մեջ գտնվողների նախապատմությունը իմանալը էական է ուրիշների ցավին մեր արձագանքը հասկանալու համար։ Նոր Կտակարանի ողջ ընթացքում մենք տեսնում ենք, որ այրիները միշտ հատուկ ուշադրության են արժանանում, քանի որ գոյություն ուներ այդ ժամանակաշրջանի հասարակության մեջ նրանց ծանր վիճակի ըմբռնումը։ Այդ հասարակության մեջ այրիները առանց տղամարդու գոյատևելու որևէ միջոց չունեին։
Արմոդոքսիան հիմնված է այն պարզ ըմբռնման վրա, որ մենք միմյանց մոտենում ենք կարեկցանքով և այդ կարեկցանքը դրսևորում ենք սիրո մեր արտահայտությունների միջոցով։ Մենք ձեռնպահ ենք մնում ուրիշներին դատելուց, փոխարենը՝ հասկանում ենք այն նախապայմանները, որոնք մարդկանց մատնում են իրենց կրած չարիքներին։
Աղոթենք. Տե՛ր, մեր Աստված, ինձ պարգևի՛ր ուրիշների ցավն ու տառապանքը հասկանալու շնորհը։ Այն, ինչ կարող է ակնհայտ թվալ արտաքուստ, կարող է իրականության հետ ոչ մի կապ չունենալ։ Դատողության փոխարեն թող ընտրեմ գիտելիքը և այն պայմանների ըմբռնումը, որոնք հետապնդում են իմ եղբայրներին ու քույրերին։ Եվ հասկանալով՝ թող սիրտս բացվի կարեկցանք դրսևորելու կարիքավորների հանդեպ։ Օգնի՛ր ինձ, Տե՛ր։ Ամեն։
Շապիկի լուսանկար՝ Envato Elements


