Ծերացող տեսլական
Արմոդոքսին՝ այսօր. Ծերացող տեսլական
Այսօրվա ուղերձը ոգեշնչված է ռադիոլրատվական հաղորդավարի խոսքերից, ով հայտնեց. «Նախագահի երկու թեկնածուներն այս հանգստյան օրերին քարոզարշավ են իրականացնում՝ կիսվելով ապագայի վերաբերյալ իրենց տեսլականով»։
Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ընտրական տարի է։ Երկու հիմնական կուսակցությունների թեկնածուները փորձառու են, գտնվում են իրենց կյանքի մայրամուտին կամ, ավելի պարզ ասած, բավականին տարեց են։ Մեկն անցել է 80 տարին, մյուսը նրանից շատ չի տարբերվում։ Եվ նրանք շրջում են երկրով մեկ՝ «կիսվելով ապագայի վերաբերյալ իրենց տեսլականով»։
Դուք անշուշտ կհարցնեք, ինչպես և ես, թե ի՞նչ տեսլականի մասին է խոսքը։ Եվ ո՞ր ապագայի։ Այս ութսունամյա գործիչները գուցե իմաստություն ունեն, որ ձեռք են բերել իրենց կյանքի ընթացքում, բայց արդյո՞ք նրանք իրավունք ունեն որոշելու մեր երեխաների ապագայի տեսլականը։
Պատերազմի ժամանակ կորուստների մեծ մասը՝ մարտական զոհերը, 17-ից 25 տարեկան երիտասարդներն են։ Հայաստանում ամենացավալի պահերից մեկը, որ դուք կզգաք Երևանի մոտակայքում գտնվող Եռաբլուրում է, որտեղ եռագույն դրոշները ծածանվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրանից հետո ադրբեջանցիների հետ մղված մարտերի զինվորների գերեզմանների վրա։
Մենք նրանց կարող ենք զինվորներ անվանել, բայց նրանք երիտասարդներ են, ովքեր երբեք չեն ծերանա, երեխաներ, որոնք կանչվել են կռվելու՝ ինչ-որ մեկի տեսլականի պատճառով, որն առաջնորդվում է կրակին կրակով պատասխանելու սկզբունքով։
Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մենք ամեն տարի մայիսին մի օր ենք նվիրում հիշելու նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն ազատության։ Մենք այդ օրն անվանում ենք Հիշատակի օր։ Իսկ պատերազմի մեջ նետված այս երեխաների ծնողների և ընտանիքների համար յուրաքանչյուր օրը կրկնվող մղձավանջ է, որը կոչվում է Հիշատակի օր։
Ապագան պատկանում է երիտասարդներին։ Հարգելով մեր տարեցներին և այն իմաստությունը, որ նրանք ձեռք են բերել իրենց կյանքի ընթացքում՝ պետք է հարցնեմ. արդյո՞ք մենք այնպիսի հիանալի աշխարհ ենք ստեղծել, որ համարձակություն ունենք որոշելու այս երեխաների ապագայի տեսլականը։ Իսկ գուցե հարցնե՞նք նրանց։ Ո՞րն է նրանց «ապագայի տեսլականը»։ Ի՞նչից ենք մենք վախենում։ Որ նրանք կասեն, որ ցանկանում են պարզապես վայելել կյանքը։ Որ նրանք ցանկանում են ապրել առանց բռնության վախի։ Որ նրանք ցանկանում են աշխարհ, որն ազատ է ատելության և անհանդուրժողականության թույնից։ Որ նրանք կարող են գտնել փոխըմբռնման հասնելու ուղին։
Մենք հիշում ենք բոլոր նրանց զոհաբերությունը, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն ավելի մեծ նպատակի՝ լինի դա ազատության գաղափարը, թե իրենց սիրելիների անվտանգությունը։ Թող Աստված հանգստացնի նրանց հոգիները։ Մենք նաև ժամանակ ենք տրամադրում նոր տեսլական ձևակերպելու՝ խաղաղության տեսլականը։ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի խոսքերով. «Խնդրում եմ։ Պատերազմող երկրներ, բոլորդ, դադարեցրեք պատերազմը։ Փնտրեք բանակցությունների ուղիներ։ Փնտրեք խաղաղություն»։ (CBS 60 Minutes, 19.05.24)
Մենք ավարտում ենք պարզ աղոթքով, որն արտահայտում է Աստծո տեսլականը՝ հնչեցված մեր Տեր Հիսուսի ծննդյան գիշերը. Խաղաղություն երկրի վրա, բարի կամք մարդկանց միջև։ Ամեն։
Շապիկ՝ Եռաբլուր, հեղինակներ՝ Լունա և Գրեգորի Բեյլերյաններ, 2023 թ.


