Կյուրենացի եկեղեցին
Արմոդոքսիան այսօր. Կյուրենացու եկեղեցին
Մատթեոսի Ավետարանում (27) մենք կարդում ենք դեպի խաչ տանող ճանապարհի մասին հետևյալը.
Կուսակալի զինվորները Հիսուսին տարան պրետորիա և ամբողջ զորագունդը հավաքեցին Նրա շուրջը։ Նրան մերկացրին և ծիրանի հագցրին։ Փշերից պսակ հյուսեցին, դրեցին Նրա գլխին, իսկ աջ ձեռքին՝ եղեգ։ Նրա առաջ ծնկի եկան, ծաղրեցին Նրան ու ասացին. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։ Ապա թքեցին Նրա վրա, առան եղեգն ու ծեծում էին Նրա գլուխը։ Երբ ծաղրեցին Նրան, հանեցին ծիրանին, հագցրին Նրա սեփական զգեստները և տարան Նրան խաչելու։
Երբ դուրս էին գալիս, հանդիպեցին Կյուրենեցի Սիմոն անունով մի մարդու. նրան հարկադրեցին տանել Նրա խաչը։ Եվ երբ հասան մի տեղ, որ կոչվում էր Գողգոթա, այսինքն՝ Գանգատեղ… նրանք խաչեցին Նրան…
Խաչելության ժամանակ նրանք ծաղրեցին, տանջեցին և ի վերջո սպանեցին Հիսուսին։ Պատմությունը հիշում է Սիմոն անունով մի մարդու, որին ստիպեցին կրել Հիսուսի խաչը՝ օգնելու Նրան բարձրանալ բլուրը։ Ի վերջո, սակայն, Հիսուսն էր, որ պետք է բարձրանար Խաչի վրա։
Այս շաբաթ, երբ մենք կանգնած ենք Սուրբ Խաչի երկու հիշատակների՝ Խաչվերացի և Վարագա Սուրբ Խաչի միջև, մեզ հիշեցնում են, որ Խաչը քրիստոնեական կյանքի ուղու մի մասն է, և որ խաչից խուսափել հնարավոր չէ։ Մենք յուրաքանչյուրս ունենք մեր խաչը կրելու. հարաբերությունները փչանում են, առողջական խնդիրներ են առաջանում, ֆինանսական դժվարությունները ստիպում են կյանքի ընթացքը փոխել տարբեր ուղղություններով։ Մեր խաչերը կարող են ծանրանալ։ Դուք կարող եք շուրջը նայել և հուսալ, որ ինչ-որ մեկը կօգնի Ձեզ՝ մի Կյուրենեցի Սիմոն, որ կվերցնի Ձեր խաչը, գոնե մի պահ։ Այդ Կյուրենեցի Սիմոնը Եկեղեցին է՝ հավատացյալների մարմինը, որը միավորված է Հիսուս Քրիստոսի զորությամբ։ Եկեղեցին այն կարող մարմինն է, այն ուժեղը, որը կարող է վերցնել խաչը և օգնել մեզ տեղափոխվել մի կետից մյուսը։ Եկեղեցում Դուք գտնում եք վաղվա օրվան հավատալու հավատք, խաչից այն կողմ հարության հույս և սեր, որը Ձեզ տալիս է ուժ և քաջություն՝ հաղթահարելու Ձեր խաչը, որովհետև ի վերջո, դա Ձեր խաչն է, և Դուք պետք է բարձրանաք այդ կոչմանը։ Սա է քրիստոնեական պատասխանատվությունը։ Սա է Եկեղեցու ուժը։ Սա է Արմոդոքսիան։
Մենք աղոթում ենք Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի 12-րդ ժամից. Տե՛ր, որ կամենում ես բարին և կամքի առաջնորդն ես, թույլ մի՛ տուր ինձ հետևել իմ սրտի ցանկություններին, այլ առաջնորդի՛ր ինձ՝ միշտ քայլելու Քո բարեհաճության համաձայն։ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ մեղավորիս։ Ամեն։

2024 Epostle.net



2025 Հայր Վազգեն



Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։