Երեք օր Վանաձորում
«Epostle»-ի մեր փոքր խումբը «Reclaim» համաժողովից անմիջապես հետո մեկնեց Վանաձոր՝ ընդլայնելու անցյալ տարի սկսած մեր որոշ ծրագրեր։ Մեր առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մեզ Վանաձորում ընդունեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Թեմի առաջնորդարանում մեզ դիմավորեցին Գերաշնորհ Հովնան սրբազանը և թեմի մի քանի աշխատակիցներ։ Սրբազան հայրը մեզ հակիրճ ներկայացրեց թեմի գործունեությունը և կիսվեց մոտակա ու հեռավոր ապագայի իր տեսլականով։
Վանաձոր էինք ժամանել՝ արցախցի փախստականների համար նախատեսված ծրագիր մշակելու նպատակով։ Հայ եկեղեցին այս ընտանիքների համար հանդիսանում է կենտրոն, որտեղ նրանք ստանում են հոգևոր ու հուզական խնամք և աջակցություն՝ վերաբնակեցման ընթացքում։ Թեմում ստեղծվել է կարի կենտրոն, որտեղ կանանց տրամադրվում են կարի մեքենաներ՝ սեփական եկամուտը վաստակելու համար։
Մեր այցի ընթացքում մի քանի անգամ հնարավորություն ունեցանք հանդիպելու փախստականների խմբերի հետ։ Մի խումբ հավաքվել էր Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու նկուղում։ Այս կանայք կիսվեցին պատերազմի, ամուսինների, երեխաների և հայրենի հողի կորստի իրենց ողբերգական պատմություններով։ Նրանք բոլորը ադրբեջանցիների կողմից վտարվել էին իրենց տներից և հայրենի հողերից։ Նրանցից շատերն ապրում էին մի օր վերադառնալու հույսով։ Նրանք իսկապես «անօթևան» մարդիկ էին, քանի որ վերադառնալու տուն այլևս չկար։ Հնամյա հողերը բռնազավթված են, և այնուամենայնիվ, հաշվի առնելով ժամանակի դաժան իրողությունները, մենք իրավունք չունեինք նրանցից խլելու գոյություն ունեցող հույսի վերջին նշույլը։
Մեր թիմի անդամներից մեկը՝ բժիշկ-վիրաբույժ Տալար Թեջիրյանը, անկեղծորեն խոսեց կանանց հետ ակտիվ մնալու և դրական տրամադրվածություն պահպանելու անհրաժեշտության մասին։ Նա թեթև հետազոտություններ անցկացրեց հանդիպման եկած կանանց շրջանում և նրանց սովորեցրեց վարժություններ՝ ակտիվ ու մոտիվացված մնալու համար։ Նրա խոսքերը ոգեշնչող էին, քանի որ նա խոսում էր կյանքում բարին գտնելու կարևորության մասին և ներկայացրեց երախտագիտության օրագիր պահելու գաղափարը։
Փախստականներին օգնելու մեր ջանքերը սկսվել են անցյալ տարի, երբ Բըրբանքի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում կազմակերպեցինք «Cars and Coffee» միջոցառումը։ Հավաքված միջոցները նպատակաուղղվեցին փախստականների օգնության ծրագրերին։ Վանաձորում մենք քննարկեցինք կարի կենտրոնի ֆինանսավորման և ծրագրի զարգացման հարցերը, որպեսզի ընտանիքները կարողանան վաստակել իրենց ապրուստը և լինել ինքնաբավ։
Եկեղեցին նաև գործում է երեխաների արվեստի կենտրոն։ Այնտեղ մեր այցը իսկապես հիասքանչ փորձառություն էր, երբ դիտում էինք, թե ինչպես են դպրոցից հետո երեխաները նկարում, հյուսում և ստեղծագործում առանց կաշկանդվելու։ Մեր թիմի անդամ Գրեգորի Բեյլերյանը, որը «Epostle»-ի ստեղծագործական տնօրենն է, կիսվեց երիտասարդների նկարների և դիզայնի վերաբերյալ իր մտքերով։ Այնտեղ մենք նաև հնարավորություն ունեցանք երիտասարդների հետ բաց զրույց ունենալու հավատքի և պատանեկության խնդիրների շուրջ։
Թեմի բակի կենտրոնում Գուգարաց թեմի նախկին առաջնորդ, 2020 թվականին վախճանված Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի շիրիմն էր։ Նա սիրված և հարգված էր իր թեմի ժողովրդի կողմից, ինչը ակնհայտ էր նրա գերեզմանի տեղադրությունից։ Նա իմ անձնական ընկերն էր։ Նրա շիրիմի մոտ հնարավորություն ունեցա խորհելու և հիշելու նրա առաջնորդությունը։ Մի քանի տարի առաջ մենք Փասադենայի և Վանաձորի երիտասարդների միջև փոխանակման ծրագիր էինք ստեղծել։ Երբ ղեկավարում էի մեր թեմի ճամբարը, մենք հիմնեցինք քույր-ճամբարային ծրագիր, որը, ուրախ եմ իմանալ, մեր աջակցությամբ շարունակվում է մինչ օրս։ Եվ ուստի, ավելի հաճելի էր տեսնել Վանաձորի ճամբարը, որը դեռևս ձյան շերտի տակ էր։ Ամբողջ համալիրը շատ տպավորիչ է։ Մենք քննարկեցինք ամառային ամիսներին Վանաձորում գտնվելու և ճամբարային ծրագրին մեր մասնակցությունը բերելու հնարավորությունը։ Հովնան սրբազանը շատ դրական արձագանքեց այդ մտքին և ասաց, որ հրավերը բաց է։
Ամենակարևորը՝ մենք ստեղծեցինք ցանց, որի միջոցով կարող ենք աշխատել փախստականների հետ։ Ինձ համար բացահայտում էր տեսնել, թե ինչպես է մեր Արևմտյան թեմը ներգրավված Գուգարաց թեմի զարգացման գործում։ Մի շարք կառույցներ և ծրագրեր մեր առաջնորդ՝ Հովնան արքեպիսկոպոսի՝ այս տարածաշրջանի կարիքների նկատմամբ ցուցաբերած անմիջական ուշադրության արդյունքն են։
Երևան վերադառնալով՝ մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու մեր աջակցած երեք ծրագրերին՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ղեկավարած Դաունի համախտանիշ ունեցող երեխաների «Արև» կենտրոնին, Զինվորի տանը և վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Նոր թռչնաբույն» ծրագրին, որն ապահովում է Արցախից տեղահանված ընտանիքների վերաբնակեցումը։
Մեր պատմությունները հրապարակվում են Epostle.net կայքում և սոցիալական ցանցերում։ Փախստականների հետ նստած՝ նրանց մեջ տեսնում էի իմ տատիկ-պապիկներին, որոնք 1915 թվականի ցեղասպանության ժամանակ ստիպված էին լքել իրենց տները։ Այս պատկերով կիսվեցի մեր հանդիպած մարդկանց հետ։ Բայց նաև խնդրեցի նրանց նայել մեզ և տեսնել իրենց ապագա թոռներին, որոնք անցնելով այս մութ օրերի միջով՝ կկերտեն իրենց կյանքը։ Զատկական այս շրջանում խաչելության և հարության այս պատգամն է այն հույսը, որը բոլորին առաջ է մղում։
Մենք վերադարձանք՝ ունենալով անելիքների մեծ ծավալ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր առաջնորդ՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին այս հանդիպումը կազմակերպելու համար, և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ բացառիկ հյուրընկալության և մարդկանց օգնության ձեռք մեկնելու գործում ցուցաբերած աջակցության համար։






2014 Առաքյալ
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։