Մեծ պահքի ուղին՝ օր 22. Տնտեսավարության դասընթաց
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 22՝ Սաստիի սուպեր տոֆուով աղցանը
Մեծ պահքի ճանապարհ՝ օր 22. Տնտեսության դասընթաց
Սա տնտեսի շաբաթն է։ Երեկ մենք ընթերցեցինք Ղուկասի Ավետարանից Անիրավ տնտեսի մասին պատմությունը, որտեղ Հիսուսն օգտագործում է այս փոխաբերությունը՝ մատնանշելու մեր կյանքի պատասխանատվությունը։ Մենք կոչված ենք լինելու այն կյանքի և տաղանդների տնտեսները, որոնք Աստված շնորհել է մեզ։ Նա խնդրում է մեզ օգտագործել այդ տաղանդները մեր եղբայրների և քույրերի հետ այս աշխարհում։
Տնտեսության փոխաբերությունն օգտագործելով՝ Հիսուսը հստակեցնում է, որ մենք պատասխանատու ենք մեր կյանքի համար։ Մի օր, ինչպես տնտեսը, մենք ևս հաշվետվություն ենք տալու մեր տնտեսության համար։ Ի՞նչ արեցինք մենք այն ամենի հետ, ինչ Աստված տվել է մեզ։ Արդյոք Աստված տվե՞լ է մեզ տաղանդներ։ Տվե՞լ է մեզ կարողություն։ Տվե՞լ է մեզ ժպիտ։ Տվե՞լ է մեզ սրտի զարկ և շնչառություն։ Ի՞նչ արեցինք մենք այդ պարգևի հետ։ Ի՞նչ արեցինք մեր կյանքի հետ։
Պատկերացրեք, որ նվեր եք տալիս ընկերոջը կամ սիրելիին։ Մի՞թե չէիք ցանկանա իմանալ, որ ձեր ընկերը վայելել է այդ նվերը։ Ինչ-որ պահի մի՞թե չէիք հարցնի ձեր սիրելիին. «Ի՞նչ արեցիր այն նվերի հետ, որ տվեցի քեզ։ Վայելեցի՞ր այն»։ Եվ անշուշտ, որքա՜ն ցավալի կլիներ, եթե այդ մարդը վերցներ ձեր նվերը, պահեր պահարանում կամ, ավելի վատ, պարզապես նետեր աղբարկղը և երբեք ուշադրություն չդարձներ դրան։ Նույն կերպ, Աստված ցանկանում է իմանալ, որ այն պարգևը, որ Նա տվել է մեզ՝ այդ ամենաթանկարժեք հարստությունը՝ շունչը, որ շնչում ենք, սիրտը, որ բաբախում է, ժպիտը, որ բխում է մեր սրտերից՝ օգտագործվում է, և օգտագործվում է իմաստությամբ։ Ի վերջո, արդյոք այն օգտագործվո՞ւմ է Աստծո սերը ուրիշներին տարածելու համար։ Սա է այն պահանջը, որ դրված է մեզ վրա՝ որպես Աստծո պարգևների տնտեսների։ Մենք մեր կյանքի տնտեսներն ենք։ Մենք պատասխանատու ենք մեզ տրված տաղանդների համար՝ կիսելու դրանք, օգտագործելու և հաշվետու լինելու. ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ արեցինք մենք այն ամենի հետ, ինչ Աստված տվել է մեզ։
Յոթ մահացու մեղքերի շարքում կա «ծուլություն» կոչվող մեղքը, որը թերևս ամենաթյուրիմացվածն է, քանի որ այն մատնանշում է անգործությունը, մինչդեռ մյուս մեղքերը պահանջում են մեզանից ակտիվ լինել, ներգրավվել մեղքի մեջ։ Այս մեղքը սահմանվում է պարզապես ծույլ լինելով, ինչ-որ բան չանելով։ Այժմ մի պահ մտածեք այդ մասին։ Ինչո՞ւ պետք է դա մեղք լինի։ Ինչպե՞ս կարող է ինչ-որ բան չանելը մեղք լինել։
Աստված ձեզ պարգև է տվել։ Դուք իրավունք չունեք այն պահելու պահարանում։ Դուք իրավունք չունեք վերցնելու Աստծո պարգևը և աղբը նետելու։ Այն սուրբ է։ Այն նվիրական է։ Ահա թե ինչ է ձեր կյանքը։ Յուրաքանչյուր օրհնություն, յուրաքանչյուր պահ, որ ունեք ձեր կյանքում, Աստծուց տրված սուրբ պարգև է։
Մեծ պահքի այս շրջանում մենք գույքագրում ենք այն տարբեր օրհնությունները, որ ունենք կյանքում։ Մենք տեսնում ենք, որ կարող ենք կյանքը հասցնել նվազագույնի՝ այն ամենով, ինչն անհրաժեշտ է ապրելու և գոյատևելու համար։ Այդպես վարվելով՝ հասկանում ենք, որ այդ փոքրիկ, կյանքի համար խիստ էական տարրը հենց այն օրհնությունն է, որ Աստված տվել է մեզ։ Հետաքրքիր է, որ Մեծ պահքի այս ճանապարհին մեր տեսակետը փոխվում է։
Հիշո՞ւմ եք, մի քանի շաբաթ առաջ, երբ կարդացինք, որ Հիսուսն ասում է. «Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով», մենք դա ընկալեցինք որպես կենսական նվազագույն պահանջ։ Բայց այսօր դա փոխվել է, քանի որ մենք փոխվել ենք այդ հատվածը վերջին անգամ կարդալուց ի վեր։ Մարտահրավերն այսօր՝ Մեծ պահքի 22-րդ օրը, հենց նույն խոսքերին՝ «…Աստծո բերանից ելած ամեն խոսքով…» նայելն է որպես օրհնություն, որպես Աստծո լիության խոսք, որն ուղղված է մեր սրտերին, մեր ներքին լսողությանը, և այժմ՝ գործողությանը։ Մենք ասում ենք՝ եթե Աստված խոսում է մեզ հետ, եթե Աստված ուղղորդում է մեր ուղիները, կարո՞ղ ենք մենք սխալվել։ Հնարո՞ր է արդյոք մեզ սխալ ուղղությամբ առաջնորդել։ Հնարո՞ր է արդյոք մտածել, որ մեր՝ որպես տնտեսների, որպես Աստծո կողմից տրված այդ կյանքի կառավարիչների գործողությունները կարող են լինել ոչ արդյունավետ։ Դա կլինի գեղեցկությամբ, ներդաշնակությամբ, սիրով և այս կյանքի համար անհրաժեշտ բոլոր դինամիկաներով լի կյանք։ Այն կյանքը, որով ապրում ենք այսօր, առատ է։ «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք,- ասաց Տերը,- և այն առատությամբ ունենաք»։ Քրիստոսի հետ կյանքը սիրո մեջ ապրվող կյանք է։ Այն առատության կյանք է, որտեղ ունեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է։
Մենք Աստծո կողմից մեզ տրված ամենաթանկարժեք պարգևի կառավարիչներն ենք։ Դա մեր դրամապանակում կամ բանկային հաշվին պահվող բան չէ, այլ մի բան, որ բնակվում է մեր էության կենտրոնում՝ մեր սրտում։ Դա կյանքն է, որը սահմանվում է մեր ժպիտով, ջերմությամբ և սիրով, որ բխում է մեզանից։
Դուք տնտեսն եք։ Ձեր հագուստի վրա չկա «Կառավարիչ» գրությամբ պիտակ, քանի որ Աստված ձեզ վրա դրել է բոլորից մեծ պիտակը։ Նա ձեզ անվանել է Իր զավակը։ Օգտվեք դրանից այսօր։ Արդյո՞ք կա որևէ բան, որ ավելի շատ է խոսում ձեր սրտի հետ, քան ձեր ունեցած երազանքները՝ հարուստ և լիարժեք կյանքի հասանելիությունը։ Այն ձերն է։ Այն ձերն է, որովհետև Աստված ձեզ է վստահել այդ կյանքի ղեկը։ Դուք իրավունք չունեք այն պահելու պահարանում։ Դուք իրավունք չունեք այն աղբանոցը նետելու։ Ձեր միակ իրավունքը այն վայելելն է։ Թողեք այն ծաղկի։ Թողեք այն պտղաբեր լինի։ Թողեք այն փառք բերի Աստծուն։
Մենք կշարունակենք տնտեսության այս թեման այս շաբաթվա ընթացքում։ Այսօր եկեք եզրափակենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով.
Հիսուս, Հոր իմաստություն, ինձ իմաստություն տուր, որ միշտ մտածեմ, խոսեմ և գործեմ այն, ինչ բարի է Քո առաջ։ Փրկիր ինձ չար մտքերից, խոսքերից և գործերից։ Ողորմիր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ Ամեն։ (Հավատով խոստովանում եմ 11/24)

2014 Տեր Վազգեն
2026 Առաքյալ
2025 Առաքյալ
2025 Տեր Վազգեն




Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։